Ջավախքից երիտասարդ, համարձակ, նպատակասլաց աղջիկը՝ Լարիսա Համբարյանը, շուտով հնարավորություն կունենա միջազգային բեմ բարձրանալու՝ ներկայացնելով Հայաստանը «Միսս Աշխարհ» 73-րդ մրցույթում։
Jnews-ի հետ հարցազրույցում Լարիսան կիսվել է անցած դժվարություններով և իր ոգևորությամբ։ Ներկա պահին նա գտնվում է եզրափակիչ փուլում, և հաղթելու դեպքում կներկայացնի Հայաստանը միջազգային բեմում։ Միջոցառումը կանցկացվի հունվարի 24-ին, և Լարիսան հանդես կգա առաջին համարի ներքո։ Հունվարից կսկսվեն քվեարկությունները, որոնց յուրաքանչյուր ձայն կարևոր է Լարիսայի հաղթանակի համար։
Լարիսան ծնվել է Ախալցիխեի Վալե բնակավայրում, սակայն մանկությունն անցկացրել է Ախալցիխեում, որտեղ ձևավորվել են իր հիշողությունները, արժեքները և առաջին տպավորություններն աշխարհի մասին։
«Ես ծնվել եմ Ջավախքում, այնտեղ են իմ արմատները, իմ մանկության հիշողությունները և ընտանիքիս պատմությունը։ Այսօր ապրում եմ Հայաստանում և մասնակցում եմ միջազգային գեղեցկության մրցույթի՝ ներկայացնելով Հայաստանը։ Գուցե շատերը դեռ չեն ճանաչում ինձ, բայց ես ինձ համարում եմ Ջավախքի աղջիկ և ուզում եմ, որ իմ քայլերը լինեն նաև ձեր անունից»,- ասում է նա։
Լարիսայի համար այժմ շատ կարևոր է հայրենակիցների աջակցությունը՝ եզրափակիչ փուլը հաղթահարելու համար։
«Ինձ համար շատ կարևոր է զգալ իմ հայրենի Ջավախքի աջակցությունը՝ ձեր խոսքը, վստահությունը և հավատը։ Ջավախքը միշտ հայտնի է եղել իր ուժեղ, արժանապատիվ ու հայրենասեր մարդկանցով։ Եթե դուք հավատաք ինձ ու աջակցեք, ես խոստանում եմ իմ ճանապարհին արժանապատվորեն ներկայացնել մեր անունը և մեր արժեքները»,- հավելում է Լարիսան։
Մեր հերոսուհու ճանապարհը դեպի «Միս Աշխարհ» սկսվել է ոչ թե մեկ որոշումով, այլ տարիների ընթացքում ձևավորված հավատով իր ուժերի հանդեպ։
«Մոդելինգը և ինքնազարգացումն ինձ համար միշտ եղել են ինքնարտահայտման միջոցներ, և երբ հնարավորություն ստեղծվեց ներկայացնել Հայաստանն այս հարթակում, հասկացա՝ պատրաստ եմ այդ պատասխանատվությանը։ Այդ պահին զգացումները խառն էին՝ ուրախություն, հպարտություն և մեծ պատասխանատվություն։ Դա միայն անձնական հաղթանակ չէր, այլ նաև վստահություն, որ կարող եմ արժանապատվորեն ներկայացնել իմ հայրենիքը միջազգային բեմում»։
Լարիսան ընդգծում է, որ ամենադժվարը սեփական անձը վերահսկելն է՝ ֆիզիկապես, հոգեպես ու էմոցիոնալ, իսկ ամենաոգեշնչողը տարբեր երկրներից աղջիկների հետ շփումն ու մշակույթների փոխանակումն է։
«Մրցույթի ընթացքում ձեռք եմ բերել ինքնավստահ խոսքի, բեմական ներկայության, ժամանակի ճիշտ կառավարման և սթրեսի պայմաններում աշխատելու հմտություններ։ Ամենակարևորը՝ սովորել եմ հավատալ ինքս ինձ։ Այդ պահը, երբ գիտակցեցի, որ արդեն հաղթել եմ՝ պարզապես այս ճանապարհն անցնելով, ինձ համար դարձավ ինքնաճանաչման և ներքին աճի կարևորագույն կետ»,- ասում է նա։
Իր հաջողությամբ առաջինը մայրիկի հետ է կիսվել Լարիսան։
«Նրա աջակցությունը ու հավատը իմ նկատմամբ միշտ եղել է իմ ամենամեծ ուժը։ Մանկուց երազել եմ լինել մի մարդ, ով ոչ միայն գեղեցիկ է արտաքինով, այլև կարող է իր ձայնով ներկայացնել իր ազգը, պատմությունը և արժեքները։ Այսօր այդ երազանքը քայլ առ քայլ իրականություն է դառնում»։

«Միսս Աշխարհը» (Miss World) ամենահին և ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթն է, որն անցկացվում է 1951թ-ից սկսած և կրում է «Գեղեցկություն հանուն նպատակի» խորագիրը․ սա նշանակում է, որ մրցույթի ժամանակ առանցքային դերակատարություն ունի ոչ թե մասնակցի արտաքին տեսքը, կազմվածքը, այլ նախ և առաջ հանրօգուտ գործունեությունը, մարդկանց օգնելու, կարիքավոր խմբերին ծառայելու հանձնառությունն ու կատարած աշխատանքը։ Սովորաբար «Միսս Աշխարհ» միջազգային մրցույթի հաղթողը հետագա մեկ տարվա ընթացքում դառնում է մրցույթի դեսպանն ամբողջ աշխարհում՝ ճամփորդելով ու մասնակից դառնալով ամենատարբեր բարեգործական միջոցառումների, նախաձեռնությունների։
Մեր հերոսուհին կիսվեց նաեւ իր կատարած մարդասիրական գործերով։
«2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում իմ գործունեությունն ուղղված էր համայնքի եւ պետության աջակցմանը։ Կամավորական հիմունքներով, իմ հնարավորությունների սահմաններում կազմակերպել եմ դրամական և սննդի հավաքագրում՝ ուղարկելով դրանք առաջնագիծ։ Այցելել եմ զոհված զինծառայողների ընտանիքներին՝ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Իմ կարողությունների և հնարավորությունների սահմաններում մշտապես փորձել եմ օգտակար լինել պետությանը և մեր ուժային սահմաններին։
Լարիսան իր ամանորյա բարեմաղթանքը եւս հղեց իր հայրեակիցներին։
«Թող Ջավախքը միշտ մնա ուժեղ իր մարդկանցով, հարուստ՝ իր մշակույթով և միասնական՝ իր նպատակներով։ Թող գալիք տարին բերի նոր ձեռքբերումներ, բարօրություն և լուսավոր հեռանկարներ մեր համայնքին և ամբողջ հայությանը։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
«Հայաստանի գեղեցկուհի» ազգային մրցույթը կազմակերպվում է «Միսս Երևան Փրոդաքշն»-ի կողմից, և հաղթողը բացառիկ իրավունքով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» 73-րդ միջազգային մրցույթում, որին սովորաբար մասնակցում են ավելի քան 100 պետությունների ներկայացուցիչներ։



