2026 թվականի հունվարից Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների, քաղաքապետարանին կից ոչ առևտրային կազմակերպությունների և այդ կազմակերպությունների կողմից պայմանագրային հիմունքներով ընդունված աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով։ Կբարձրանան նաև պատգամավորական ծախսերի համար հատկացվող միջոցները։
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, այլ հարցերի հետ մեկտեղ, սակրեբուլո առաջարկ էր ներկայացրել քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների, պայմանագրային աշխատողների և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը 10%-ով բարձրացնելու վերաբերյալ։ ԻՆչպես նաև, առաջարկվել էր ավելացնել սակրեբուլոյի պատգամավորների ծախսերի ֆինանսավորումը։
Այս կատեգորիայի աշխատակիցների աշխատավարձն արդեն իսկ 10%-ով բարձրացվել էր 2025 թվականի հունվարի 1-ից։
Սակրեբուլոյի պատգամավորների, ընտրողների հետ հանդիպումների, կազմակերպման ծախսերի ամսական հատկացվող գումարը 908-ից կբարձրանա մինչև 1000 լարի։
2025 թվականի հունվարից նույնպես 10%-ով ավելացվել էին նաև «պատգամավորական ծախսերը»։ Իսկ մինչև 2025 թվականն այդ ծախսերը կազմում էին 820 լարի։
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները, հաստատեցին քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների, պայմանագրային աշխատողների և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի 10%-ով բարձրացումը։



