Կարատեում սև գոտի ստանալուց հետո Կիմա Նորսոյանը փոխել է իր մարզական ուղին՝ ընտրելով թեքվանդոն։ Արդեն մեկ տարի նոր սպորտաձևով զբաղվող մարզուհին այս տարի մասնակցել է Կորեայում անցկացված երկշաբաթյա մարզական հավաքին։
Jnews-ը հարցազրույց է անցկացրել Կիմա Նորսոյանի հետ՝ ներկայացնելու նրա նոր հաջողությունները մայրաքաղաք՝ Թբիլիսի, տեղափոխվելուց հետո։
«Կարատեից սև գոտի ստանալուց հետո փոխեցի սպորտաձևս։ Արդեն մեկ տարի է՝ զբաղվում եմ թեքվանդոյով, և այս տարի երկու շաբաթով մասնակցեցի Կորեայում անցկացվող training camp-ին (մարզական հավաքի)», – ասում է նա։
Հավաքն անցկացվել է դեկտեմբերի 2-ից 19-ը Կորեայի երկու քաղաքում՝ մայրաքաղաք Սեուլում և նրան հարակից Բուքչուն քաղաքում։ Մարզական հավաքը կազմակերպել էր GTNA (Georgian Taekwondo National Academy) ակադեմիան, որի գլխավոր մարզիչն է Լի Դհուք Վին։
«Պարապել ենք չորս հաստատության հետ․ երկուսը ավագ դպրոցներ էին՝ Zino High School, Songgok High School, մեկը՝ համալսարան՝ Kyungmin University, իսկ մյուսը՝ միջնակարգ դպրոց՝ Junghwa Middle School»։
Հատկանշական է, որ հաստատություններից մեկի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր, որը խթան կարող է հանդիսանալ Վրաստանում թեքվանդոյի զարգացման համար։
«Սա ասիական սպորտաձև է, և մեզ մոտ դեռևս բարձր մակարդակի մարզիկներ քիչ կան։ Մեր այցի հիմնական նպատակը հենց դա էր՝ խորությամբ ուսումնասիրել, սովորել և վերադարձից հետո զարգացնել այս սպորտաձևը Վրաստանում»։
Կիմայի խոսքով՝ մարզումները եղել են բավականին դժվար, բայց միաժամանակ հաճելի։
«Օրվա ընթացքում պարապում էինք երկու անգամ․ առավոտյան՝ երկու ժամ, իսկ երեկոյան՝ մինչև հինգ ժամ։ Պարապմունքները ներառում էին վազք, քաշային մարզումներ, սպարինգներ և մենամարտեր»։
Նա նշում է, որ կարատեն և թեքվանդոն ունեն թե՛ նմանություններ, թե՛ տարբերություններ։
«Առաջին հայացքից կարող են նման թվալ, բայց խորքային առումով շատ տարբեր սպորտաձևեր են»։
Վրաստանից մարզական հավաքին մասնակցել են երկու մարզիկ՝ Կիմա Նորսոյանը և Քեթի Նեփարիձեն։
Կիման տպավորված է Կորեայի ժողովրդի վերաբերմունքից։
«Չնայած նրան, որ լեզուն չգիտեին և անգլերեն չէին խոսում, մարդիկ մոտենում էին ու օգնում, եթե տեսնում էին, որ ինչ-որ բանի կարիք ունենք»։
Նրա խոսքով՝ սպորտում ձևավորված ընկերությունն ամենաամուրն է։
«Այն դժվարությունները, որոնք միասին ենք հաղթահարել, ոչ մեկը չի ցանկանում կորցնել։ Վերադառնալով հայրենիք՝ բոլորս ցանկանում ենք ներդրում ունենալ»։
Կիման մտածում է ծննդավայր վերադառնալու մասին և ունի հստակ նպատակներ։
«Մեզ մոտ հիմնականում միայն կարատե կա, իսկ թեքվանդոն զարգացած չէ։ Ցանկանում եմ իմ ուժերով զարգացնել ու տարածել այս սպորտաձևը։ Այն շատ հետաքրքիր ու գեղեցիկ է»։
Նա լրջորեն տրամադրված է թեքվանդոյի հանդեպ և նպատակ ունի մասնակցել խոշոր ու միջազգային մրցումների՝ իր ակադեմիայի անունից։
«Թեքվանդոյում նոր եմ սկսել կարիերաս, և այն հաջողությունները, որոնք ունեցել եմ կարատեում, ցանկանում եմ կրկնել նաև այստեղ»։
Սկսնակներին Կիման խորհուրդ է տալիս երբեք հետ չկանգնել։
«Չկա հեշտ ճանապարհ ոչ մի ոլորտում։ Վստահեցնում եմ՝ հնարավորությունները շատ են, հատկապես հիմա։ Իմ օրինակով կարող եմ ասել՝ մեկ տարվա մեջ հասա Կորեա, և դա փոքր բան չէ»։
Կիման սպորտից բացի ուսանող է, սովորում է Իլիաի պետական համալսարանի իրավաբանության բաժինը, միաժամանակ աշխատում է։ Նրա խոսքով՝ չնայած դժվարություններին, կարողանում է համատեղել ամեն ինչ։
Գալիք Ամանորի կապակցությամբ նա փոխանցեց նաև իր բարեմաղթանքը։
«Ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, հայրենակիցներիս՝ փոխադարձ սեր ու հարգանք։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել թեքվանդոյով, թող չվախենան ռիսկից․ հաստատ կստացվի»։
Կիմա Նորսոյանի պատմությունը ցույց է տալիս, որ նպատակային աշխատանքը կարող է կարճ ժամանակում միջազգային դռներ բացել։
Ծանոթացեք նաեւ՝





