Հասարակություննորություններ 23 Դեկտեմբերի, 2025 • Ձերբակալվել է Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավարը

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին ձերբակալվել է։ Այս մասին Վրաստանի դատախազությունում կայացած բրիֆինգի ընթացքում հայտնել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարամաձեն։

Լիլուաշվիլին մեղադրվում է մի շարք դրվագներում։ Դրանց թվում են՝ կաշառքի ընդունում, այսպես կոչված քոլ-ցենտրեր և մանկապարտեզների կառավարման գործակալության գնումներ։

«Վրաստանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության կողմից համատեղ իրականացված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, որը մեղադրվում է կաշառքի ընդունման մի շարք քրեական գործերում։

Առաջին դրվագ. 2022 թվականի հոկտեմբերին նա թուրք ներդրող Չաղաթայ Ուլքերից՝ այդ ժամանակվա էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Ռոմեո Միքաութաձեի միջոցով, որպես կաշառք ստացել է 1 միլիոն ամերիկյան դոլար՝ աջակցելու համար քամու էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ համագործակցության հուշագրի ստորագրմանը։

Երկրորդ դրվագ. 2022 թվականի փետրվարին, կրկին Ռոմեո Միքաութաձեի միջոցով, «Էքսպրեսսերվիսի 2008» ընկերության հիմնադիր Գիորգի Խաժալիային գազաֆիկացման մրցույթներում աջակցելու դիմաց նա պահանջել և ստացել է մեկ միլիոն հինգ հարյուր հազար լարի։

Երրորդ դրվագը վերաբերում է 2021–2023 թվականներին, երբ, չնայած պետության կողմից այս ուղղությամբ հայտարարված իրավական պայքարին, երկրում շարունակել են գործել տասնյակ խաբեբայական քոլ-ցենտրեր։ Վկաների վկայություններով՝ այս քոլ-ցենտրերի մեծ մասը պատկանել է անձանց խմբի, որը ստացված եկամուտներով ֆինանսավորում էր տարբեր ընդդիմադիր մեդիամիջոցներ։ Իսկ քոլ-ցենտրերի համեմատաբար փոքր մասը հովանավորում էր Գրիգոլ Լիլուաշվիլին՝ իր ազգական Սանդրո Լիլուաշվիլու միջոցով։

Այս հանցավոր գործունեության արդյունքում Գրիգոլ Լիլուաշվիլին, Սանդրո Լիլուաշվիլու միջնորդությամբ, որպես կաշառք ստացել է մոտ 1 365 000 ամերիկյան դոլար։

Հասարակությանը նաև տեղեկացնում ենք, որ վերը նշված փաստական հանգամանքներից ելնելով՝ քննությունը միաժամանակ ակտիվորեն աշխատում է հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց ապացույցների հավաքման վրա։ Քննվում է վարկածը, ըստ որի՝ Գրիգոլ Լիլուաշվիլին իր համախոհների հետ միասին ապահովում էր, որ չբացահայտվեր ընդդիմադիր մեդիամիջոցները ֆինանսավորող խաբեբայական քոլ-ցենտրերի գոյությունը, իսկ այդ մեդիամիջոցներն իրենց հերթին չլուսաբանեին Լիլուաշվիլու հովանավորությամբ գործող խաբեբայական քոլ-ցենտրերի մասին տեղեկությունը՝ չնայած այն հանգամանքին, որ այս տեղեկությունն իրենց մոտ առկա էր։

Չորրորդ դրվագ. Գրիգոլ Լիլուաշվիլին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կաշառքի դիմաց հովանավորում էր իր ընկերոջը՝ Թբիլիսիի մունիցիպալիտետի մանկապարտեզների կառավարման գործակալության նախկին տնօրեն Կախա Գվանցելաձեին, որը մանկապարտեզների գնման պայմանագրերի կնքման ընթացքում գործարար սուբյեկտներից որպես կաշառք ստանում էր մեծ չափերի գումարներ՝ այսպես կոչված «հետվճարներ»։

Լիլուաշվիլի-Գվանցելաձե հանցավոր սխեմայում Կախաբեր Գվանցելաձեն ներգրավել էր գործակալության ֆինանսական հաշվառման, հաշվետվությունների և մոնիթորինգի բաժնի աշխատակիցներին։ Նրանց բոլորի նկատմամբ կայացվել է քրեական պատասխանատվության ենթարկելու որոշում՝ որպես մեղադրյալ։

Քրեական գործով իրականացվել են հարյուրավոր քննչական գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնց ցուցմունքներով հաստատվում են Գրիգոլ Լիլուաշվիլու և այլ անձանց կողմից հանցանքների կատարումը։ Բացի այդ, առգրավվել են հանցանքը հաստատող տարբեր ապացույցներ, այդ թվում՝ տեսագրություններ և ձայնագրություններ», – նշել է Գիորգի Գվարամաձեն։

Գլխավոր դատախազի խոսքով՝ Գրիգոլ Լիլուաշվիլին մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով և 3-րդ մասի «ե» ենթակետով, որը վերաբերում է նախնական համաձայնությամբ խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառքի ընդունմանը և նախատեսում է 11-ից 15 տարվա ազատազրկում։

«Դատախազությունը սահմանված ժամկետում դատարանին միջնորդություն կներակայցնի մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց՝ կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Գործով քննությունը շարունակվում է Գրիգոլ Լիլուաշվիլու կողմից կատարված այլ հանցանքների բացահայտման, ինչպես նաև նրա հետ հնարավոր հանցանքներում ներգրավված անձանց նույնականացման և ձերբակալման նպատակով։ Վրացի իրավապահները շարունակում են պայքարը կոռուպցիայի դեմ՝ այն հասցնելու պատմական նվազագույնի և ապահովելու առավելագույն կանխարգելում», – նշել է Գվարամաձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝