Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են հատկապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և իրացմանը նպաստելու մեղադրանքով՝ նախկինում դատապարտված 1972 թվականին ծնված Ի. Բ.-ին, 1994 թվականին ծնված Ա. Բ.-ին, ինչպես նաև Հնդկաստանի քաղաքացիներ՝ 2003 թվականին ծնված Ա. Թ.-ին և 2001 թվականին ծնված Ս. Մ.-ին։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ պարեկային տեսուչները տարբեր ժամանակներում Թբիլիսիում կանգնեցրել են մեղադրյալներին՝ ստուգման նպատակով։
«Իրավապահները ձերբակալվածների անձնական խուզարկության, ինչպես նաև մի վայրի զննության արդյունքում առգրավել են իրացման նպատակով փաթեթավորված հատկապես խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ «ալֆա-ՊՎՊ» և «մեթադոն»։
Բացի այդ, ոստիկանությունը հայտնաբերել է թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 260¹ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։



