նորություններՔաղաքականություն 19 Դեկտեմբերի, 2025 • ԵՄ-ն որոշում է ընդունել Ուկրաինային 90 մլրդ եվրոյի վարկ տրամադրել

Եվրամիության առաջնորդները չկարողացան համաձայնության գալ սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում։ Փոխարենը, առաջիկա երկու տարիների ընթացքում Ուկրաինան Եվրամիությունից կստանա 90 միլիարդ եվրո վարկ։

Վարկը կապահովվի Եվրամիության բյուջեից։ Պարտավորություն չեն ստանձնում միայն Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։

Ուկրաինայի ֆինանսավորման հարցը Եվրամիության առաջնորդները քննարկել են դեկտեմբերի 18-ին Բրյուսելում սկսված Եվրոպական խորհրդի նիստում։ Մի քանի ժամ տևած բանակցություններն ավարտվել են անցած գիշեր։

Դեկտեմբերի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ում գրել է, որ ընդունվել է որոշում՝ 2026–2027 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Թե ինչ սխեմայով է դա իրականացվելու, Եվրոպական խորհրդի նախագահը չի հստակեցրել։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը լրագրողներին պարզաբանել է, որ 90 միլիարդ եվրոն անտոկոս վարկ է, որը Ուկրաինան կվճարի այն դեպքում, եթե Ռուսաստանից փոխհատուցում ստանա։ Ռուսական ակտիվները կմնան սառեցված այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը վճարի այդ փոխհատուցումը։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի 210 միլիարդ եվրոյի ակտիվները։ Դրանց մեծ մասը պահվում է Բելգիայում։

Ռուսաստանը սպառնացել է ամենակոշտ կերպով արձագանքել, եթե Եվրամիությունը կյանքի կոչի Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային օգնություն տրամադրելու ծրագիրը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝