Այսօր շուկայում փայտե դռներ ու պատուհաններ գրեթե չեն հանդիպում, իսկ որակյալ, տարիներով ծառայած դռներն աստիճանաբար փոխարինվում են ժամանակակից «եվրո» (uPVC) դուռ-պատուհաններով։ Արդյոք մարդիկ լիովին տեղեկացված են, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ փոփոխությունն առողջության և բնակելի միջավայրի, ի՞նչ ճակատագրի են արժանանում հին փայտե դռներն ու պատուհանները։ Այս և այլ թեմաների շուրջ Jnews-ը զրուցել է փայտագործ Հայկազուն Ղարագուլյանի հետ։
— Այսօրվա եվրո (uPVC) դուռ-պատուհաններն էկոլոգիապես մաքուր նյութի՞ց են պատրաստված, արդյո՞ք անվտանգ են առողջության տեսանկյունից։
— «Եվրո» հասկացողությունը լրիվ այլ բան է։ Մեզ շրջապատող դուռ-պատուհանները եվրոպական չեն։ Ես եվրո դուռ-պատուհան չեմ տեսել, որը պատրաստված լինի անբնական նյութից։
Երբ խոսում եմ բնական նյութերի մասին, նկատի ունեմ մետաղական նյութերը՝ փայտը, ալյումինը և այլն։ Այսինքն՝ փայտը նույնպես ունի իր եվրոպական ստանդարտները, որոնք պետք է պահպանվեն։
Մեզ մոտ «եվրո» դուռ-պատուհանները պարզապես պատրաստված են եվրոպական նախատիպով, և մենք ինքներս ենք ընդունում, որ դրանք եվրո են։ Սակայն այսօրվա «եվրո» դուռ-պատուհանները ես չեմ համարում եվրոպական ստանդարտներին համապատասխան։
Պլաստմասն ինքնին թունավոր նյութ է․ պարզապես մենք շատ բաներ չենք տեսնում կամ չենք նկատում։
Պլաստմասն արհեստական նյութ է, որի ազդեցությունները երկարաժամկետ օգտագործման դեպքում ամբողջությամբ ուսումնասիրված չեն շարքային սպառողի համար։
— Ինչու՞ են փայտե դռներն ու պատուհաններն ավելի թանկ։
— Փայտից պատրաստված դռներն ու պատուհանները համեմատաբար թանկ են, որովհետև փայտը բնական և բարձրարժեք նյութ է։ Այն սովորաբար պատրաստվում է ամբողջական կտորից։ Փայտի մշակումը ժամանակատար է, պահանջում է փորձառու վարպետներ և լայնածավալ աշխատանք։ Բացի այդ, փայտի հետ աշխատելիս առաջանում է մեծ քանակի թափոն․ երբեմն ամբողջ նյութից օգտագործվում է միայն 30%-ը, ինչը նույնպես ազդում է վերջնական գնի վրա։
Մեր մոտ չկա մեծածավալ արտադրություն, որտեղ փայտե դուռ-պատուհաններ պատրաստվեն, այդ պատճառով դրանք հիմնականում պատրաստվում են, երբ անհատական պատվերներ են լինում։ Ի տարբերություն դրա՝ պլաստմասե եվրո դռներն ու պատուհանները հիմնականում պատրաստի են լինում և արագ հավաքվում են, ինչն էլ նվազեցնում է դրանց արժեքը։
Որակյալ նյութը միշտ թանկ է․ մարդը կարող է 200 լարիի սահմաններում դուռ գնելու հնարավորություն և այսօր շուկայում հեշտությամբ գտնում է, բայց որակն ու երկարակեցությունն այլ բան են։
— Կարող եք, մանրամասն խոսել փայտե և պլաստմասե (uPVC) դռների ու պատուհանների տարբերության մասին։
— Փայտը բնականորեն ունի ցածր ջերմահաղորդունակություն և լավ պահպանում է սենյակի ջերմությունը։ Եվրո դռներն ու պատուհանները նույնպես կարող են ապահովել բարձր ջերմամեկուսացում, հատկապես՝ եթե ունեն կրկնակի կամ եռակի ապակեպատում։ Երկու տարբերակն էլ կարող են արդյունավետ լինել, եթե ճիշտ են պատրաստված և տեղադրված։ Կան ռեզինե նյութեր, որոնց ճիշտ օգտագործումն արդյունավետ է։
Շատ ընտանիքներ պլաստմասե պատուհան տեղադրելուց հետո բախվում են խոնավության, պատերին բորբոսի կամ երեխաների հաճախակի հիվանդանալու խնդրին՝ չհասկանալով իրական պատճառը։
Փայտը «շնչող» նյութ է, կարող է արձագանքել խոնավության փոփոխություններին։ Եթե սխալ է մշակված, կարող է ծռվել կամ փտել։ Եվրո դուռ-պատուհանները շատ ջրագայուն են, չեն կլանում ջուր և այդ առումով ավելի քիչ խնդիրներ են ստեղծում։
Փայտե դռներն ու պատուհանները ժամանակի ընթացքում կարող են պահանջել ներկի կամ յուղի թարմացում։ Պլաստմասե տարբերակները քիչ սպասարկում են պահանջում, չեն ժանգոտում և չեն փտում։
— Եթե շուկայում միայն բնական նյութից պատրաստված առարկաներ վաճառվեն, ապա բնությանն ավելի մեծ վնաս չե՞նք տալիս։
— Ամեն դեպքում, ցանկացած նյութի օգտագործումը որոշ չափով վնասում է բնությանը։ Փայտը բնական նյութ է, սակայն այն հետո վերածվում է թափոնի և ենթակա է վերամշակման։ Այն երկրներում, որտեղ փայտ հաճախ են օգտագործում ստացված փայտի ավելցուկը վերամշակում են․ Օրինակ՝ աղում են, մամլում (պռեսովկա) կամ կահույք պատրաստում։
Արհետստական նյութերով ենք շրջապատված, որոնք վնասում են, բայց մենք դա չենք տեսնում, բայց մեր օրգանիզմը դա գիտակցում է։
— Հիմնականում ի՞նչ ծառատեսակից են դուռ-պատուհան պատրաստում և կա՞ մեր մոտ այդ տեսակները։
Հիմա հին ծառները կտրում և փոխարենը նորն են տնկում։ Բայց երիտասարդ ծառից չես կարող ստանալ այն նյութն ինչ մեծ տարիքի ծառից։ Ինչ է 80-100 տարեկան ծառից նյութ ստանաս, ինչ է՝ 10 տարեկան։ Ինքն այդ խտությունը չի ունենա։
Ես երաժշտական գործիքներ եմ պատրաստում և եթե փայտի տարիքը չեմ տեսնում, իմաստ չեմ գտնում այդ փայտից որևէ բան պատրաստել։ Թույլ կստացվի, շուտ կծռվի։ Ամեն նյութ իր քմահաճույքն ունի, պետք է ճիշտ մտածել, ճիշտ հասկանալ, ճիշտ պատրաստել։
Վայրի բարդիներ կա մեր մոտ, որ կարելի է մշակել թեթև փայտից գործիքներ ստանալ, բայց մեր մոտ մասնագետ չկա։
— Ինչքանո՞վ են կարևոր օդափոխիչները։
— Օդափոխիչ համակարգերը շատ կարևոր են։ Ցանկալի է, որ յուրաքանչյուր սենյակ ունենա որևէ ձևի օդափոխություն՝ պատուհանի օդանցք, դռան բացվածք կամ փոքր օդափոխիչ։ Օդանցքների ճիշտ տեղադրումը պետք է կատարի մասնագետը, քանի որ սխալ լուծումները ձմռանը կարող են ջրի կաթոցների և ջերմության կորստի պատճառ դառնալ։
Առաջներում ինչո՞ւ չենք ունեցել օդանփոխիչի խնդիր, որովհետեւ հատակները փայտից են եղել․ տակը դատարկ ու ամեն սենյակ ունեցել է մի օդանցք։
— Ինչքա՞ն պետք է լինի սենյակի ճիշտ ջերմաստիճանը առողջության տեսանկյունից։
— Առողջ և հարմարավետ սենյակային ջերմաստիճանը ձմռանը պետք է լինի մոտ 18–22 °C։ Նախկինում օդափոխության խնդիր գրեթե չկար, քանի որ հատակները փայտից էին, տներն ունեին բնական օդանցքներ, և շենքերը «շնչում» էին։
Այսօր մենք շրջապատված ենք արհեստական նյութերով, և սենյակները հաճախ դառնում են «թերմոս»՝ հատկապես բետոնե շենքերում պլաստմասե դռներով ու պատուհաններով։ Սա բերում է կոնդենսացիայի, խոնավության և բորբոսի առաջացման։
Ինչքան ավելի բնական օդափոխություն՝ այնքան ավելի լավ առողջության համար։
Ընդգծենք, որ մեր զրուցակիցը չի փորձում վնասել որևէ բիզնեսի և չի ասում, թե մարդիկ պետք է գնե՞ն, թե՞ չէ, կրկին հիշեցնելով, որ ամեն ինչ ունի իր արժեքը, իսկ որակյալ նյութը միշտ ավելի թանկ է։



