Վերին Լարսի անցակետում Հյուսիսային Օսիայի կողմից հերթի մեջ է մոտ 2500 բեռնատար։ Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային գրանցման համակարգում։ Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Անցած շաբաթվա ընթացքում երկու ուղղությամբ սահմանը հատել է 17,000 տրանսպորտային միջոց և ավելի քան 35,000 մարդ։
«Վերին Լարսի անցակետում այս պահին գրեթե 2500 տարանցիկ ծանր բեռնատար կա կուտակված։ Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում», — հայտնում է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Վերակառուցումից հետո Լարսի անցակետի թողունակությունը մեծացել է մինչև օրական 700 բեռնատար յուրաքանչյուր ուղղությամբ, չնայած իրականում անցնում է 300-ից պակաս: Զբոսաշրջային սեզոնը մեծացնում է գերբեռնվածությունը, և 39 երթևեկության գոտիներից 28-ը նախատեսված են ուղևորատար մեքենաների համար:
Հյուսիսային Օսիայի իշխանությունները սահմանափակում են կայանատեղի չունեցող բեռնատարների մուտքը։ Կառավարությունը նախատեսում է կառուցել երկու նոր կայանատեղի՝ մեկը 1000 բեռնատարի, մյուսը՝ 500 մեքենայի համար։ Անցակետում գործում է էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը պարզեցնում է տարանցիկ տեղաշարժը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է «Վերին Լարս» անցակետով։


