նորություններ 16 Դեկտեմբերի, 2025 • Ինչու  USAID-ի  ծրագրով կառուցված կարտոֆիլի օբյեկտներն Ախալքալաքում այդպես էլ չգործարկվեցին

Ախալքալաքում USAID-ի աջակցությամբ կառուցված սերմնացու կարտոֆիլի համար նախատեսված սառնարանային պահեստը և ջերմոցը երեք տարի է անգործության է մատնված: Նախագիծը, որը շրջանի կարտոֆիլագործության զարգացման գործում պետք է լիներ կարևոր քայլ, բախվել է գործընկերների միջև կոնֆլիկտների, բերքի կորստի և սեփականության շուրջ վեճերի: Jnews-ը պարզեց, թե ինչ է կատարվում այս հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ ենթակառուցվածքի շուրջ, և թե ով է այսօր փորձում տնօրինել այն:

«USAID-ի կարտոֆիլի ծրագիրը Վրաստանում» Ախալքալաքում սկսեց գործել 2020 թվականին: Դրա նպատակն էր օգնել Ախալցիխեի և Ախալքալաքի մունիցիպալիտետների ֆերմերներին և ֆերմերային տնտեսություններին սերմնացու կարտոֆիլի արտադրության հարցում: Այդ նպատակով Ախալքալաքում կառուցվեց ջերմոց՝ սածիլներ և սերմնանյութ աճեցնելու համար, ինչպես նաև սառնարանային պահեստ՝ բերքը պահելու համար: 2021 թվականի ապրիլի 22-ին Ախալքալաքում բացվեց սերմնացու կարտոֆիլի պահպանման ժամանակակից պահեստ: Այն նախատեսված է 300-350 տոննայի համար, կառուցվել է 200 քառակուսի մետր տարածքի վրա: Ջերմոցում աճեցված կարտոֆիլն այնուհետև պետք է փորձարկումներ անցներ դեմոնստրատիվ դաշտերում։

· Ախալքալաքում կան կարտոֆիլի նոր տեսակներ և սերմացուի նոր պահեստ

2021 թվականին, USAID նախագիծն իրականացնող CIP կազմակերպությունը նաև կառուցեց 100 քառակուսի մետր մակերեսով ջերմոց՝ նորարարական տեխնոլոգիաների միջոցով կարտոֆիլի սերմ աճեցնելու համար։

· Ախալքալաքում արտադրում են կախովի սերմացու կարտոֆիլ

Սակայն ծրագիրը ձախողվեց և արդյունք չտվեց։ Երկու կառույցն էլ արդեն երեք տարի է, ինչ փակ են։ 2022 թվականին, ոչ ճիշտ պահման պատճառով, մոտ 60 տոննա կարտոֆիլ ստիպված եղան նետել պահեստից։

· USAID ծրագրով աճեցրած տասնյակ տոննա փտած կարտոֆիլը դեն են նետել

Ախալքալաքում նախագծի նախկին համակարգող Մախարե Մացուկատովը, ձախողումը բացատրում է փորձի անբավարարությամբ։

«Գաղափարը շատ լավն է և չափազանց անհրաժեշտ Ջավախքի համար: Եթե շրջանը զարգացնում է կարտոֆիլի մշակումը, նման ենթակառուցվածքներն անհրաժեշտ են: Հատկապես հիմա, երբ սերմերի հավաստագրումը պարտադիր է», — ասում է Մացուկատովը:

Նախագիծը պաշտոնապես ավարտվեց 2022 թվականի վերջին:

Ըստ նախագծի ներկայացուցիչների, բոլոր ենթակառուցվածքները ծրագրի ավարտից հետո պետք է մնային մունիցիպալիտետում։ Նախագծի ղեկավար և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի միջազգային կարտոֆիլի կենտրոնի ղեկավար Ռուսուդան Մդիվանին, այն հաստատել է 2022 թվականի մայիսին Jnews-ի հետ հեռախոսազրույցում։ Նա նշել է, որ ստեղծված բոլոր ենթակառուցվածքները կմնան որպես ֆերմերների սեփականություն։

««Սերմացու կարտոֆիլ արտադրողների» կոոպերատիվը և նրա բոլոր գործընկերները կլինեն այս սեփականության սեփականատերերը», — այդ ժամանակ հեռախոսազրույցում ասաց Ռուսուդան Մդիվանին։

· USAID-ը շարունակում է սերմացու կարտոֆիլի ծրագիրն Ախալքալաքում

Սակայն, «Սերմացու կարտոֆիլ արտադրողների» կոոպերատիվի անդամ Ենոք Բաբաջանյանը, ինչպես նաև երկու անդամ, շատ չանցած դուրս են գալիս միավորումից։

«Մեզ առաջարկած պայմանները ձեռնտու չէին։ Նրանք ցանկանում էին մեր ներդրումը հետ վերադարձնել այլ կերպ, բայց մեզ դա ձեռնտու չէր, մենք դիմում գրեցինք և դուրս եկանք», — ասում է Բաբաջանյանը։

Նախագծի փակվելուց հետո, CIP-ը կոոպերատիվի գույքի կառավարումը փոխանցեց Վրաստանի ֆերմերների ասոցիացիային, որպեսզի նրանք օգնեն պահեստի և ջերմոցի զարգացմանը։ Սակայն երեք տարի շարունակ ոչ մի աշխատանք չի իրականացվել, և օբյեկտները մնում են փակ։ Մեր տեղեկություններով, ասոցիացիան առաջարկել է կառավարել օբյեկտները նախագծին մասնակցող տեղացի ֆերմերներին, սակայն ֆերմերները, իրենց հերթին, անարդար են համարում այն, որ օբյեկտներն իրենք շահագործեն և շահույթով հավասարապես կիսվեն կոոպերատիվի մյուս անդամների հետ։

Ըստ ֆերմերների, օբյեկտները կառավարելը դժվար է, երբ պայմաններն ու գները թելադրվում են դրսից և, դրա հետ մեկտեղ, չափազանց բարձր են։

«Ջավախեթիի Ագրոընկերություն» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ռուբեն Գալստյան), «Ախալքալաքի կարտոֆիլի ասոցիացիան» (տնօրեն՝ Մախարե Մացուկատով), ինչպես նաև Սեյրան Համազարյանը, Արթուր Իրիցյանը, Նաիրի Մուրադյանը և Վարազդատ Սալվարյանը, Ռուբեն Գալստյանի գլխավորած ոչ պաշտոնական գործընկերային «կոալիցիայի» մաս են կազմում։

Կոալիցիայի անդամ Սեյրան Համազարյանը նշում է, որ երեք տարվա լռությունից հետո, այս տարի, Ֆերմերների ասոցիացիայի ներկայացուցիչները սկսել են զանգել և հայտարարել, որ պատրաստվում են ապամոնտաժել և տանել սարքավորումները կամ առաջարկում են գնել դրանք։ Ամազարյանի խոսքով՝ գումարն «առասպելական է»։

«Նրանք առաջարկում են վարձակալել այն, բայց շատ բարձր գնով։ Ասել էին, որ կօգնեն, բայց պասիվ էին։ Հիմա ասում են կապամոնտաժենք և կտանենք։ Իսկ ինչ է լինելու մեր ներդրումները։ Մենք ևս գումար ենք ներդրել և հողատարածք ենք հատկացրել։ Նրանք եկան օգնելու, բայց ոչինչ չարեցին։ Ծրագիրը լավն է, մենք փորձ ենք ձեռք բերել։ Բայց այն մարդիկ, որոնց վրա նրանք հույս էին դրել, չարդարացրին, մենք վնասի մեջ ենք, իսկ հիմա նրանք մեզ ասում են. «Գնեք, կամ կտանենք», — ասում է Համազարյանը։

Նա հավելում է, որ այն հողը, որի վրա կառուցվել է ջերմոցը, կարող էր շահութ բերեր այս տարիների ընթացքում, բայց հիմա նրանք, և հողը, և իրենց ներդրումները կորցնելու ռիսկի առաջ են կանգնած։

«Ինչպես են նրանք ձևակերպելու փաստաթղթերը։ Ինչպես կարող են ապացուցել, որ գույքը մեզ է պատկանում։ Վաղը մեկ ուրիշը կարող է գալ և ասել, որ այն իրենն է», — եզրակացնում է նա։

Սեյրան Համազարյանն ասում է, որ իրենք հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ ստիպված են դիմել դեսպանատուն, քանի որ սկզբում նրանց ասել էին, որ ծրագրի փակվելուց հետո բոլոր ենթակառուցվածքները կմնան մունիցիպալիտետին։

«Ջավախեթիի Ագրոընկերության» տնօրեն Ռուբեն Գալստյանը նույնպես ներդրում է կատարել պահեստի կառուցման մեջ, հատկացրել է մոտ 20 հար հողամաս։ Գալստյանը դեմ է Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի կողմից պահեստի ապամոնտաժմանը և տեղափոխմանը՝ ասելով, որ ինչ-որ մեկը պետք է փոխհատուցի իրենց ներդրումը։

«Գումարի մեծ մասը ներդրել է մեր ընկերությունը։ Մենք չենք աշխատում դրամաշնորհներով, դրանք մեր սեփական միջոցներն էին։ Կարտոֆիլը նրանց պատճառով դեն նետվեց։ Նրանք մեզ չլսեցին՝ ասելով, որ ամեն ինչ իրենց ուզածով է լինելու։ Բայց մենք ավելի լավ գիտենք կլիման և տարածքը։ Ես չեմ հասկանում, թե ինչպես ֆերմերների ասոցիացիան ընդհանրապես մասնաբաժին ստացավ, բոլոր ներդրումները մերն էին։ Հիմա նրանք եկել և ասում են, որ տանելու են։ Ես իմ փողն եմ ուզում վերադարձնել։ Սա բիզնես է։ Եվ ծրագիրը ձախողվեց նրանց (խմբ.՝ նախագծի մենեջմենտի) պատճառով։ Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք, և նույնիսկ 200%-ով ավելին։ Մենք պետք է միայն ցանեինք։ Նրանք պահեստը իրենց վրա էին վերցրել, կարտոֆիլը դրեցին այնտեղ․ կողպեցին պահեստը, վերցրին բանալին և հեռացան», — ասում է Գալստյանը։

2021 թվականի դեկտեմբերին պահեստում գտնվող կարտոֆիլը հոտեց, փչացավ։ Գալստյանի խոսքով, իրենք ստիպված են եղել այդ հոտած կարտոֆիլը իրենց հաշվին տեղափոխել աղբավայր։

Նա ընդգծում է, որ ներդրումից բացի, նրանք կորցրել են այն շահույթը, որը կարող էին ստանալ հողն օգտագործելուց։ Գալստյանը խոստովանում է, որ նախագիծը սկզբում խոստումնալից էր թվում, բայց յուրաքանչյուր փուլում տհաճ անակնկալներ էին առաջանում, որոնք կասկածներ էին առաջացնում։

Այսօր նա մտադիր է վերադարձնել իր ներդրած միջոցները։

«Պահեստը մեզանից հետ վերցնելն այդքան էլ հեշտ չէ։ Մենք աշխատեցինք, ներդրումներ կատարեցինք, և ծրագիրը ձախողվեց նրանց պատճառով։ Բացի այդ, իմ ընկերության համար այնքան շատ բացասական կողմեր եղան. նրա հեղինակությունը տուժեց։ Ով է պատասխան տալու դրա համար», — եզրափակում է նա։

«Կարտոֆիլ արտադրողների կոոպերատիվի» խորհրդի անդամ Կախի Ջաշին, ում հետ մենք հեռախոսային կապ հաստատեցինք, մեզ հայտնեց, որ բոլոր ակտիվները մնացել են կոոպերատիվի տիրապետության տակ, ծրագիրն իսկապես փակվել է, և սարքավորումները պատկանում են «Կարտոֆիլ արտադրողների կոոպերատիվին»։

«Այս ամենը մեր ձեռքում չէ, այլ նրանց մոտ է։ Նրանք ունեցել են բոլոր հնարավորությունները։ Մի քանի տարի է նրանք տիրապետում են սարքավորումներին, սակայն նույնիսկ սառնարանը չեն միացրել, ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները շահագործման համար։ Ես մի քանի տարի է առաջարկում եմ, որ նրանք օգտագործեն այս սարքավորումներն իրենց նպատակային նշանակությամբ։ Ես կարծում եմ, որ իմաստ չունի թողնել ենթակառուցվածքներն այնտեղ, որտեղ դրանք չեն օգտագործվում։ Դրանք պետք է տեղափոխվեն այնպիսի վայր, որտեղ դրանք կարող են օգտագործվել։ Ախալքալաքում դրանք չեն օգտագործվում։ Ջերմոցն օգտագործվում է այլ նպատակներով՝ այն օգտագործվում է եղինջ չորացնելու համար, վարձակալությամբ է տրվել։ Ես նրանց ասացի՝ դուք ունեք բոլոր հնարավորությունները, այնպես որ դարձրեք այն շահութաբեր բոլորի համար», — մեկնաբանեց կոոպերատիվի խորհրդի անդամ Կախի Ջաշին։

Նա պարզաբանում է, որ «նրանք» ասելով նկատի ունի կոոպերատիվը և նրա բաղադրիչ կազմող կազմակերպություններին կամ գործընկերներին։

Կախի Ջաշին նշում է, որ այս ենթակառուցվածքների կառուցմանը տեղացիներ չեն մասնակցել, այն ամբողջությամբ կառուցվել է USAID ծրագրի միջոցով։

«Բացարձակապես ամեն ինչի համար վճարել է Նախագիծը։ Նրանք տրամադրել են հողը, և հողը մնում է նրանց։ Իսկ այդ հողի վրա կառուցվածը ֆինանսավորվել է նախագծի կողմից, ու այն մնում է կոոպերատիվի սեփականությունը։ Ես չգիտեմ, թե ով ինչ ներդրում է կատարել։ Պաշտոնապես ներդրումներ չեն եղել, փաստաթղթերով ամեն ինչ վճարվել է USAID ծրագրի կողմից և փոխանցվել կոոպերատիվին։ Կոոպերատիվի վարչակազմը այն մեզ է հանձնել, որպեսզի մենք օգնենք կարգավորել դրա գործունեությունը։ Ֆերմերների ասոցիացիան մասնակցում է միայն կոոպերատիվի վարչական հարցերին. մենք կառավարում ենք նրանց հանդիպումները, կառավարում նրանց փաստաթղթերը և օգնում ենք միայն գործառական հարցերում», — հավելեց Կախի Ջաշին։

«Կարտոֆիլի ծրագրի» ընդհանուր բյուջեն Վրաստանում, որի շրջանակներում Ախալքալաքում կառուցվեց պահեստ և ջերմոց, կազմում է 1,890,000 դոլար: Չնայած Սամցխե-Ջավախքում սերմնացու կարտոֆիլի արտադրությունը զարգացնելու մասշտաբին և ամբիցիային, նախագիծը ձախողվեց, արտադրված կարտոֆիլը փչացավ, իսկ ստեղծված ենթակառուցվածքներն անգործունակ են և քանդվում են: Կոոպերատիվը կառավարող ֆերմերների ասոցիացիան պնդում է, որ անդամներն ազատ են օբյեկտներն օգտագործելու մեջ: Սակայն Ախալքալաքում այլևս անդամներ չկան. նրանք դուրս են եկել կոոպերատիվից 2022 թվականին՝ պայմաններն անշահավետ համարելով: Այժմ, որպես նախկին կոոպերատիվի անդամներ և նախագծի գործընկերներ, նրանց ասվում է, որ կարող են վարձակալել, գնել կամ օգտագործել ենթակառուցվածքները։ Սակայն տեղացիներն անարդար են համարում եկամուտը կիսվել նրանց հետ, ովքեր ոչ ջանք են ներդրել նախագծին, ոչ էլ ռեսուրս: Իսկ վաճառքի դեպքում, նրանք ընդգծում են, որ ենթակառուցվածքը ստեղծվել է հատուկ Ախալքալաքի համար և չպետք է շահույթ բերի մունիցիպալիտետի հետ կապ չունեցող մարդկանց:

Արդյունքում, իրավիճակը փակուղի է մտել. կոոպերատիվը պնդում է, որ կառույցները պատկանում են իրեն և կարող են տեղափոխվել, ֆերմերները պահանջում են իրենց վերադարձնել ներդրված միջոցները և նույնիսկ սպառնում են դիմել դեսպանատուն։ Ֆերմերների ասոցիացիան պնդում է, որ ինքը պարզապես կառավարում է գործընթացը։ Մինչ կողմերը կարգավորում են իրենց տարաձայնությունները, թանկարժեք ենթակառուցվածքները չօգտագործվելով, շարունակում են քայքայվել։ Արդյոք այն երբևէ կգործի նախատեսվածի պես, թե կդառնա չհամաձայնեցման և կառավարչական սխալների հուշարձան, կախված է կողմերի որոշումից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝