Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաստան, Կոթելիա և Դադեշ գյուղերի, վերանորոգված դպրոցներ, դեկտեմբերի 12-ին այցելության ժամանակ Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարեց, որ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագիրը կշարունակվի, բայց կկրճատվի մեկ տարով։
Ուրբաթ՝ դեկտեմբերի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետ այցելության ժամանակ, Դադեշ գյուղի ուսուցիչների հարցերին պատասխանելով, նախարարը նշեց, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունների համար իրականացվող «1+4» ծրագրում որևէ փոփոխություն չի լինի. պարզապես բակալավրի աստիճանը չորսի փոխարեն կլինի երեք տարի տևողությամբ։
Ուսուցիչները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք վրացերենը կներառվի քննական ծրագրում: Գիվի Միքանաձեն պատասխանեց, որ նման որոշում չկա, և որ տվյալ հարցը չի քննարկվում։
«Այնուամենայնիվ, իմ անձնական կարծիքով, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա պետական լեզուն և չվախենա քննություն հանձնելուց: Շատ լավ կլիներ, եթե մեր երեխաներն այնքան լավ տիրապետեին վրացերենին, որ «1+4» ծրագրի անհրաժեշտությունն այլևս չլիներ: Մենք ուղղակի պարզեցնում ենք համակարգը: Մեր քաղաքացիների միջև տարբերություն չկա, բոլորը հավասար են: Բոլորը պետք է քննությունները հանձնեն նույն պայմաններով: Սակայն, մինչև վրացերենի իմացության մակարդակը չբարձրանա, «1+4» ծրագիրն անպայման կշարունակվի: Վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ այն այլևս անհրաժեշտ չի լինի: Անկախ ազգությունից, մենք բոլորս այս պետության քաղաքացիներ ենք, մենք այստեղ ենք ծնվել և սիրում ենք այս երկիրը», — հայտարարեց նախարարը:
Իր այցի ընթացքում, Գիվի Միքանաձեն ուսուցիչների ուշադրությունը հրավիրեց նաև բարձրագույն կրթության համակարգում վերջերս ընդունված փոփոխությունների վրա՝ նշելով, որ Վրաստանում ուսումը կլինի անվճար: Նա նաև անդրադարձավ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման հարցին՝ ընդգծելով, որ աշակերտները դասերից առաջ պետք է իրենց հեռախոսները թողնեն նախատեսված պահարաններում, և որ ուսուցիչներն առաջինը պետք է դա անեն, օրինակ ծառայեն: Ավելին, նախարարը նշեց, որ աշակերտները կկրեն պետության կողմից տրամադրված դպրոցական համազգեստ:



