նորություններ 17 Դեկտեմբերի, 2025 • Կրթական բարեփուխումներն ու դրանց հնարավոր հետևանքները

Վրաստանի խորհրդարանն արդեն ընդունել է մի օրինագիծ, որը փոխում է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման պայմանները՝ ֆինանսավորման և ուսման տևողության առումով, փոփոխվում է նաև ընդունելության կարգը: Չնայած նրան, որ օրինագիծն արդեն հասանելի է ընթերցման համար, միևնույն ժամանակ շատ կետեր մնում են անհասկանալի:

Ըստ նոր օրենքի․

Պետական ​​դրամաշնորհը կվերացվի, և 2026 թվականից պետական ​​ֆինանսավորմամբ կսովորեն միայն պետական ​​համալսարանների ուսանողները. սակայն, հարկ է նշել, որ այս օրենքը չի տարածվի գործող ուսանողների վրա։

Բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրիատում սովորելը կկրճատվի և չորս տարվա փոխարեն կդառնա երեք տարի, մագիստրատուրայում սովորելը կդառնա մեկ տարի, իսկ դոկտորատուրայում՝ երեք տարի։

Jnews-ն այս մասին խոսել է կրթական ոլորտի մասնագետ, Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Մանանա Ռատիանիի հետ:

«Երբ մշակվում են բարեփոխումներ, կարևոր է, որ այդ ընթացքում, այդ պրոցեսին մասնակից լինեն բոլոր կողմերը, նրանց` ում վերաբերվելու է այդ բարեփոխումը, պետք է ուսումնասիրել և հաշվի առնել կարծիքներ, բայց ինչպես տեսնում ենք կոնկրետ այս բարեփոխումները մշակվել են փակ դռների հետևում, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից, որոշումներն ընդունել են քաղաքական ուժեր և կրթության ոլորտի հետ ոչ մի առնչություն չունեցող անձինք: Որոշումը 3 լսումով 2 օրվա ընթացքում ընդունվել է խորհրդարանի կողմից, ամեն ինչ արագացված տեմպերով է իրականացվել և հաշվի չի առնվել ոչ ուսանողների, ոչ ծնողների և ոչ էլ դասախոսների կարծիքը»:

Կրճատվող բաժիններ․ «Մեկ քաղաք, մեկ ֆակուլտետ»

«Շրջաններում առկա բուհերում կկրճատվեն բաժինները, կսահմանափակվի ընտրության հնարավորությունը և այն ուսանողները, ովքեր ֆինանսական հասանելիության առումով նախընտրում էին իրենց շրջաններում մնալ և սովորել, աշխատել և օգնել ընտանիքին, այդ հնարավորությունն ամբողջապես չեն ունենա, բացի դա դեռևս պարզ չէ, թե որ համալսարանում ինչ բաժիններ են մնալու: Օրինակ․ եթե դիմորդն ուզում էր գալ Թբիլիսի, սովորել իրավագիտության բաժնում, նա կարող էր նշել բոլոր այն համալսարանները, որտեղ այդ բաժինը առկա էր և ապահով էր, որ առաջին նշած համալսարանը չընդունվելու պարագայում կկարողանա երկրորդ կամ երրորդ համալսարան ընդունվել, իսկ հիմա այդպես չի լինի, քանի որ այդ բաժինը առկա կլինի միայն մեկ համալսարանում, այսինքն՝ դիմորդն այլևս ալտերնատիվ ընտրություն չի ունենա, որը մեծ խոչընդոտ է»:

Ակադեմիական հասարակություն

«Խոսվում է նաև դասավանդվող գրականության մասին, եթե մինչ օրս համալսարաններում դասախոսներն իրենք էին կազմում դասախոսությունների բովանդակությունը, գրքերի ցանկը, ուսանողների հետ կիսվում էին իրենց տարիներով ուսումնասիրած հարցերով ու վերլուծություններով, ապա հիմա դա վերահսկվելու է կառավարության կողմից։ Այսինքն սահմանափակվում է դասախոսի խոսքը, կառավարությունն է սահմանելու այն գրականությունը, որով դասախոսը պետք է դասավանդի, որը ընդունելի չէ: Դրա հետ մեկտեղ պետք է խոսել նաև տարիների կրճատման մասին, նախկին 4 տարվա փոխարեն բակալավրիատը դառնալու է 3 տարի, իսկ մագիստրատուրան 2 տարվա փոխարեն 1 տարի, որը ևս առաջին հայացքից կարող է լավ հնարավորություն թվալ, որ ուսանողը շուտ ավարտում է համալսարանը, բայց որակապես դա ազդելու է կրթական մակարդակի վրա: Բացի դա ուսանողներին տրվում էր հնարավորություն ընտրել հիմնական մասնագիտություն և դրա հետ մեկտեղ 60 կրեդիտով հավելյալ ստանալ երկրորդ մասնագիտություն, որը մեծացնում էր աշխատանք գտնելու հնարավորությունը, բայց 3 տարվա ընթացքում դա այլևս հնարավոր չի լինի անել»:

Մասնավոր համալսարանները պետական դրամաշնորհ չեն ստանա, ինչը մեծ ֆինանսական դժվարություններ կառաջացնի ուսանողների և նրանց ընտանիքների համար: Ի՞նչ նպատակ են հետապնդում բարեփուխումները։

«Առաջին հերթին նկատելի է, որ երկրում օր օրի սահմանափակվում է ժողովրդավարությունը, ոչ կառավարական շատ կազմակերպություններ են փակվել, որոնք աշխատում էին մարդու իրավունքների պաշտպանության, էթնիկ փոքրամասնությունների կրթական և ինտեգրաման ուղղությամբ, և այլ հասարակական հարցերի շուրջ։ Բուհերն այն ինստիտուցիոնալ հաստատություններն են, որտեղ բացի կրթությունից երիտասարդները ձևավորվում են որպես հասարակության անդամներ, ունեն քննադատական մտածողություն, ի զորու են պայքարել, իսկ հիմա տեսնում ենք մի իրականություն, որտեղ և ուսանողներին և ակադեմիական շրջանակին փորձում են ղեկավարել և զրկել ազատությունից:

Հարցի երկրորդ կողմը ևս կա, ինչպես գիտենք Թբիլիսիում պետական համալսարանների մասնաշենքերը գտնվում են կենտրոնական թաղամասերում, որտեղ բոլոր տեսակի տարածքները թե գնելու, և թե վարձակալելու համար թանկ արժեն, մեծ հավանականությամբ, եթե բաժինները կրճատվեն, շատ մասնաշենքեր կհանձնվեն պետությանը, և, այնուհետև կվաճառվեն խոշոր ներդրողներին, այդպիսով կրթության հաշվին նպասելով բիզնեսի զարգացմանը»:

Հիշեցնենք, որ բարձրագույն կրթության համակարգի նախատեսված բարեփոխման մասին առաջին անգամ խոսել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 17-ին։ Կոբախիձեն այդ ժամանակ հայտարարել էր, որ ներկայիս կրթական համակարգը չի կարող համապատասխանել ժամանակակից մարտահրավերներին և չափանիշներին, և որ «Վրացական երազանք»-ն ունի «հավակնոտ նպատակ»՝ ապահովել, որ Վրաստանում ուսանողները ստանան նույն կրթությունը, ինչ ստանում են արտասահմանում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝