Հասարակություննորություններ 16 Դեկտեմբերի, 2025 • Ռատիանի․ «Ծրագրված բարեփոխումները չեն համապատասխանում շրջաններում առկա պահանջներին»

Վրաստանում վերջին շրջանում լայն քննարկման թեմա է դարձել կառավարության կողմից հանրությանն առաջարկվող կրթական բարեփոխումների ծրագիրը, որը վերաբերվում է ինչպես դպրոցներին, այնպես էլ համալսարաններին: Նորարարությունները կապված են ուսումնական տարիների կրճատման, տարբեր քաղաքներում ուսումնական հաստատությունների տեղափոխման, ակադեմիական ոլորտում աշխատողների աշխատավարձերի բարձրացման և այլ հարցերի հետ: Կարծիքները տարբեր են, հասարակության մի մասը կողմ է փոփոխություններին, իսկ կրթական ոլորտի մասնագետները խոսում են անհասկանալի փաստաթղթերի, փաստարկների և բարեփոխում բառի տակ թաքնված վտանգների մասին:

Բարեփոխումների համաձայն՝ բոլոր հանրակրթական դպրոցներում կդասավանդվեն միայն Կրթության նախարարության կողմից պատրաստված դասագրքերով։ Աշակերտներին կարգելվի դպրոցներում օգտագործել բջջային հեռախոսներ, իսկ պարտադիր դպրոցական համազգեստը կվերադարձվի առաջինից վեցերորդ դասարաններ։ Դպրոց ընդունվելը հնարավոր կլինի միայն վեց տարեկանից։ 12-րդ դասարանը կդառնա կամավոր, իսկ 11-րդ դասարանը կհատկացվի մասնագիտացված կրթությանը։

Բացի այդ, դպրոցական մակարդակները նորովի կսահմանվեն.

  • նախակրթարան՝ I-VI դասարաններ;
  • հիմնական՝ VI-IX դասարաններ;
  • միջնակարգ՝ X-XI դասարաններ:
  • XII դասարանը կլինի «կամավոր»:

Jnews-ը խոսել է Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր, կրթական ոլորտի մասնագետ Մանանա Ռատիանիի հետ, ում ընդհանուր գնահատմամբ փոփոխությունները չեն պատասխանում, և առավել ևս լուծում կրթական ոլորտում առկա մարտահրավերներն և խնդիրները: Նա շեշտը դնում է ոչ վրացալեզու դպրոցների վրա, որոնց հետագա «ճակատագրի» մասին կառավարության ոչ մի որոշման մեջ հստակ բան չի երևում:

«Կարծում եմ, ճիշտ կլինի դեռ սկսենք հենց «ռեֆորմա» բառից, որի քողի տակ ներկայացնում են փոփոխությունները, իրականում այն իրենից պետք է ենթադրի փոփոխություն դեպի լավը, որակի բարձրացում, կարգավորում, սակայն մեր երկրում դա այդքան էլ այդպես չի աշխատում, կարճ ժամանակում կրթության ոլորտում փոխվում են մենեջմենթի համար պատասխանատու կադրեր և նախարարներ, նրանցից յուրաքանչյուրը փորձում է պատմության մեջ իր հետքը թողնել և այսպես կոչված բարեփոխումներ են նախաձեռնում, որոնք շատ հաճախ կյանքի չեն կոչվում, մոռացվում են կամ փոխվում մեկ այլ բարեփոխումով, դրա համար էլ հիմնականում՝ և ուսուցիչները, և դասախոսներն այդ բարեփոխումների հանդեպ սկեպտիկ վերաբերմունք ունեն, մտածելով, որ դա երկար չի տևելու», — նկատում է մասնագետը:

Փորձելով վերլուծել դպրոցներում առկա իրավիճակը, նա նաև նշում է՝ պարզվում է ընդհանուր կրթություն աշակերտը ստանում է 10 տարվա ընթացքում, 11-րդ դասարանում նա կրկնում է այդ ամենը, իսկ 12-րդ դասարանում ստացվում է, որ կրկնում է արդեն կրկնած գիտելիքը, արդյունքում՝ աշակերտը կորցնում է 2 տարի։ Միևնույն ժամանակ ուսուցիչների կոմպետենտության մեծ խնդիր կա, քանզի այն աշակերտները, ովքեր ցանկանում են բուհ ընդունվել, ստիպված են լինում մասնավոր պարապունքների հաճախել կամ անհավասար մրցակցության մեջ հայտնվել որակյալ կրթություն ստացած աշակերտների հետ: Բացի այդ, Մանանա Ռատիանին ընդգծում է՝ դպրոցում ստացած կրթությունն աշակերտին միայն բուհ ընդունվելու համար չէ անհրաժեշտ, այլ ամբողջ կյանքի և տարբեր ոլորտներում գոնե նվազագույն գիտելիք ունենալու համար:

«Ինչ վերաբերվում է ուսուցիչներին, բարեփոխումները նրանց վրա ևս վատ ձևով կանդրադառնա․ եթե կրճատվում է կրթական տարի, կրճատվում են նաև դասաժամեր և դա ուղիղ կապված է աշխատավարձի հետ։ Բացի դրանից, եթե դիմորդների համար բարձրանում է մրցակցության մակարդակը, նշանակում է, որ ավարտական դասրաններում արդեն կենտրոնացումը լինելու է այն առարկաների վրա, որոնք հանձնվելու են ընդունելության քննությունների ժամանակ և մնացած առարկաների դասաժամերը ևս կարող են կրճատվել, իսկ բարեփոխումների ծրագրերում ոչ ոք չի ներկայացնում այդ մասին, թե ինչպես է այս ամենը բալանսավորվելու և այստեղ հարցը վերաբերվում է 30 հազար ուսուցչի»:

Կարևոր է նշել նաև, որ բարեփոխումների ծրագրերից և ոչ մեկում չի հիշատակվում էթնիկ փոքրամասնությունների և ոչ վրացալեզու դպրոցների ճակատագրի մասին։ Անհայտ է, ընդունելության ժամանակ նրանց համար ինչ-որ փոփոխություն լինելո՞ւ է, թե ոչ, «1+4» ծրագիրը մնալու է ուժի մեջ, թե ոչ:

Մեզ հետ զրույցում մասնագետը վստահեցնում է, որ պլանավորված բարեփոխումները չեն համապատասխանում շրջաններում առկա պահանջներին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝