Օրջա գյուղից 15-ամյա Միլենա Յուզբաշյանը չնայած իր փոքր տարիքին հասկացել է, որ մարդկանց օգնելը միայն խոսքերով չի սահմանափակվում, այլ պահանջում է իրական քայլեր։ Նա կամավորությամբ է զբաղվում և փորձում է օգնել միայնակ տարեցներին։
Միլենայի երազանքն է գյուղում բացել երիտասարդական կենտրոն՝ այն երեխաների և երիտասարդների համար, ովքեր ցանկանում են լինել ակտիվ ու կրթվել, բայց չունեն համապատասխան հարթակներ։
Սակայն ներկայումս Միլենան քայլեր է ձեռնարկում գյուղի տարեցների կյանքի պայմանները բարելավելու ուղղությամբ։
Օրջա գյուղում նա այցելելով տարեցներին, նա առանձնացրել է երկու տարեց կանանց պատմությունները։
Անժելա Մաքոյան, 76 տարեկան, ապրում է միայնակ, կենսաթոշակի հաշվին։ Նրա տունը վթարային վիճակում է, ոտքերի ցավերի պատճառով չի կարող աշխատել, իսկ հարազատները արտերկրում են ապրում և նրա հետ կապ չեն պահում։
Անժելա տատն ասում է՝ «Կյանքի հետ կռվելով եմ ապրում»։
Երիտասարդ տարիներին սովորելն ու աշխատելն իր կյանքի լավագույն ժամանակներն են եղել։
«Իսկ հիմա՝ ծերանալով, ապրում եմ կյանքից հիասթափված», — ավելացնում է նա։
Նա օգտագործում է տան միայն մեկ սենյակը, որը վթարային չէ։ Շատ զգուշությամբ է վերաբերվում իր իրերին և տխրությամբ ցույց է տալիս երիտասարդ տարիների լուսանկարները։
Անժելա տատն ապրում է իր հայրական տանը, և չնայած տարիքին ու դժվարություններին՝ տունը խնամված է։
«Մաքրությունը փողով չի», — ասում է նա։
85-ամյա Մաքրուն Կարապետյանն արդեն շուրջ 60 տարի միայնակ է ապրում կիսաքանդ հողե օդայում։ Նա իր գոյությունը պահպանում է կենսաթոշակի և նպաստի հաշվին։
Նրա տունը լի է հին լուսանկարներով, որոնք պահպանում են անցյալի հիշողությունները։ Եղբայրները վաղուց մահացել են, ամուսնացած է եղել Հայաստանում, սակայն երեխաներ չի ունեցել։ Մոր մահից հետո միայնակ է ապրում։
15-ամյա Միլենան հաճախել է գյուղի տատիկների տներ, ուսումնասիրել նրանց կենցաղային պայմանները, լսել պատմությունները և փորձում է գտնել նրանց որևէ կերպ օգնելու ճանապարհներ՝ համապատասխան կազմակերպությունների միջոցով։
«Եթե ֆինանսական հնարավորություն ունենայի, շատ բարի գործեր կանեի, բայց հիմա անում եմ այն, ինչ կարող եմ», — ասում է նա։
Միլենան նկարահանել է կարճ տեսահոլովակ՝ ցույց տալու տատիկների կենսապայմանները, սակայն հասկանալով, որ դրա հրապարակումը կարող է իրավունքների խախտում լինել, այն չի հրապարակել որևէ հարթակում։ Նա ՄԵՄ (Մարզերի Երեխաները Մարզերում) հասարակական կազմակերպության շրջանակներում զբաղվում է կամավորությամբ։
Միլենայի հետ խոսելիս ցանկացած թեմա վերջիվերջո վերադառնում է տատիկներին։
«Ձմեռ է, իսկ նրանք շարունակում են ապրել ծանր ու անբավարար պայմաններում», — ասում է նա։
15-ամյա աղջնակը հավատում է, որ մի օր տատիկների հարազատները կհայտնվեն և կօգնեն նրանց հաղթահարել այս դժվարությունները։
Կարդացեք նաեւ՝







