Ախալցիխեում շարունակվող անընդհատ բողոքի ակցիաների 335-րդ օրը քաղաքացիական պայքարին միացան նաև Քվեմո Քարթլիի ակտիվիստները։ Նրանք ժամանել էին Ախալցիխե՝ արտահայտելու իրենց համերաշխությունն ու աջակցությունը տեղի ակտիվիստներին։
Քվեմո Քարթլիից ժամանած ակտիվիստները կազմակերպել էին շուրջ 100 կիլոմետր երկարությամբ քայլարշավ, որը դարձավ տարածաշրջանային համախմբման և միասնական պայքարի խորհրդանիշ։ Նրանց խոսքով՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի ցույց տալ, որ տարբեր տարածաշրջաններում պայքարող քաղաքացիները մենակ չեն և պատրաստ են կանգնել միմյանց կողքին։
Ակտիվիստները հայտարարում են, որ ապագայում ևս նախատեսում են այցելել Վրաստանի տարբեր շրջաններ և այն բոլոր մունիցիպալիտետները, որտեղ շարունակվում են անընդհատ բողոքի ակցիաները։ Նրանց խոսքով՝ այցերը լինելու են ոչ միայն աջակցություն հայտնելու, այլև պայքարի մեջ գտնվող մարդկանց ոգևորելու և միասնականության զգացումը ամրապնդելու համար։
«Անարդարության դեմ պայքարում մենք միմյանց մենակ չենք թողնում։ Միասին, կողք կողքի կանգնած, կվերադարձնենք արդարությունը», – նշում են նախաձեռնության մասնակիցները։
Ախալցիխեում շարունակվող բողոքի ակցիան արդեն դարձել է քաղաքացիական դիմադրության երկարատև օրինակ, իսկ տարբեր տարածաշրջաններից ստացվող աջակցությունը վկայում է, որ շարժումը դուրս է գալիս տեղական շրջանակներից և ձեռք բերում համազգային համերաշխության բնույթ։



