Նոր տարվա տոների մոտենալուն զուգընթաց, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան գերատեսչությունները խստացնում են վերահսկողությունը փշատերև բույսերի արդյունահանման և տեղափոխման նկատմամբ։
Անտառային գործակալությունը կրկին կոչ է անում բնակչությանը չոչնչացնել բնական պաշարները և օգտագործել արհեստական տոնածառեր։
«Փշատերև ծառերի անօրինական հատման, տեղափոխման և վաճառքի կանոնների խախտման համար տուգանքն առաջին անգամ սահմանվում է 2000 լարի, իսկ կրկնության դեպքում կիրառվում է քրեական պատասխանատվություն։ Միաժամանակ կհաշվարկվի շրջակա միջավայրին պատճառված վնասը։ Եթե վնասի չափը գերազանցում է 1000 լարին, անձի դեմ կհարուցվի քրեական գործ՝ տուգանք և/կամ ազատազրկում՝ 1-ից 3 տարի ժամկետով, իսկ փշատերև ծառերի մեծ քանակությամբ անօրինական հատման դեպքում, եթե շրջակա միջավայրին պատճառված վնասը գերազանցում է 3000 լարին, պատիժը 5-ից 7 տարի ժամկետով ազատազրկում է։ Հայտնաբերված յուրաքանչյուր խախտման համար կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ», – ասաց Անտառային ազգային գործակալության ղեկավար Կախա Ցերցվաձեն։
Փշատերև բույսերը կարող են օրինական ճանապարհով ձեռք բերվել տնկարաններից, պլանտացիաներից, տնամերձ հողամասերից, ինչպես նաև ներմուծվել: Օրինական ճանապարհով ձեռք բերված բույսերի վաճառքի դեպքում վաճառողը պետք է ներկայացնի բույսի օրինական սեփականությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Եթե փշատերևը ձեռք է բերվել մասնավոր հողամասից կամ արհեստականորեն աճեցված տնկարանից, բույսերի տեղափոխման համար անհրաժեշտ է ծագման վկայական, որը տրվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:



