Հասարակություննորություններ 19 Դեկտեմբերի, 2025 • 9 ամիս խոպանում, 3 ամիս տանը․ զրույց հոգեբանի հետ

Տարիներ շարունակ Ախալքալաքում խոպանն ընկալվել է որպես անհրաժեշտ քայլ ընտանիքը պահելու համար։ Շատ տղաներ դեռ երիտասարդ տարիքից մեկնում են արտագնա աշխատանքի՝ թողնելով ծնողներին, կանանց ու երեխաներին։ Արտաքուստ ամեն ինչ պարզ է․ ընտանիքը նյութապես ապահովվում է, սակայն ներսում ձևավորվում են լուրջ հոգեբանական խնդիրներ, որոնց մասին կամ չի խոսվում, կամ քիչ է խոսվում։

Jnews-ը զրուցել է հոգեբան, «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի հայկական մասնաճյուղի ղեկավար Արթուր Եղիազարյանի հետ՝ հասկանալու արտագնա աշխատանքի հոգեբանական հետևանքներն ընտանիքի բոլոր անդամների համար։

Կանայք, ովքեր տարիներով միայնակ են կրում ընտանիքի ամբողջ պատասխանատվությունը, հաճախ բախվում են քրոնիկ հոգնածության, անհանգստության և դեպրեսիվ վիճակների։

Ըստ հոգեբանի՝ արտաքնապես ուժեղ լինելու պահանջը նրանց թույլ չի տալիս ժամանակին օգնություն խնդրել, և խնդիրը գնալով խորանում է։

«Հեռավորության վրա շփումը միշտ իդեալականացված է՝ լինի զանգեր, թե նամակագրություն, մարդ իրեն դրսևորում է լավ կողմից՝ թաքցնելով թերություններն ու բարդույթները։

Չնայած, որ երկարատև սերը կարող է հաղթահարել մարտահրավերներ, բայց կյանքի փորձը և վիճակագրությունը ցույց են տալիս, որ այն փլվում է, եթե չկա ամենօրյա ներկայություն և միմյանց աջակցելը դժվար պահերին»։

Հոգեբանը նշում է՝ երկարատև բացակայությունն ընտանիքում ստեղծում է հուզական դատարկություն։ Երեխաները մեծանում են առանց հոր ամենօրյա ներկայության, ինչի հետևանքով առաջանում է մի շարք խնդիրներ։

«Մարդ իր ծնվելու պահից սկսած, ես անգամ կասեի դեռ պտղի կարգավիճակից սկսած իրենից ներկայացնում է՝ և ֆիզոլոգական, և սոցիալական էակ։ Բնականաբար երեխան անցնում է ֆիզիոլոգական և հոգեբանական զարգացման փուլեր։

Մարդու հոգեկան աշխարհը ձևավորվում է կոնկրետ կերպարներով՝ իր կյանքում կարևոր դեր ունեցող մարդկանց միջոցով։ Մարդը ձևավորվում է ընտանիքում։ Ինչպես գենետիկորեն երեխան որոշ հատկանիշներ ստանում է մորից և հորից, այնպես էլ հոգեբանական զարգացման ընթացքում նա վերցնում է որոշակի վարքային, հուզական և արժեքային մոդելներ ծնողներից»։

Յուրաքանչյուր հոգեբանական զարգացման փուլում երեխան հաղթահարում է որոշակի ճգնաժամեր։ Ըստ հոգբան Արթուր Եղիազարյանի՝ այդ ճգնաժամերի շնորհիվ է, որ երեխան հաղթահարելով աճում և ձեւավորվում է որպես անձ։ Կյանքի յուրաքանչյուր փուլ հաղթահարելու համար իրեն պետք է ինչպես հայրը, այնպես էլ մայրը։

«Օրինակ՝ մայրը երեխայի գիտակցության մեջ հանդես է գալիս սիրո, քնքշության, ապահովության անկյուն, իսկ հայրն իր հերթին պաշտպանի, տղամարդկության, պայքարելու, անվտանգության։ Տարբեր տարիքային փուլերում երեխայի մոտ պետք է ձևավորվեն հիմնարար զգացողություններ։ Ինչպես նաև ելնելով երեխայի սեռից պետք է ունենա կերպար ում ինքը փորձում է նմանվել ու դա նորմալ երևույթ է։ Իսկ երբ ծնողներից մեկը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ, երեխայի մոտ կարող են առաջանալ զգացողությունների խզումներ։ Հատկապես տղաների դեպքում, եթե հայրն է բացակայում, դա ընկալվում է որպես հոր կերպարի կորուստ»։

Հաճախ երեխայի վրա դրվում է տարիքին ոչ համապատասխան պատասխանատվություն, օրինակ՝ երբ հինգ տարեկան երեխային ասում են․ «Հիմա տան տղամարդը դու ես»։

«Երեխան պարզապես չի հասկանում, թե դա ինչ է նշանակում և ինչպես պետք է իրեն պահի։ Երեխան յուրաքանչյուր տարիքում որոշակի խնդրի է բախվում։ Իր տարիքից դուրս ավել պարտականությունները կարող է ինչ-որ պահի այդ «հերոս» կերպարի աջակցության կարիքն է զգում և նա իր կողքին չի, և այդպես չի հաղթահարում խնդիրը։ Վերջիվերջո չմոռանանք էմոցիոնալ կապի մասին, բոլոր երեխաներն ունեն էմոցիոնալ կապի անհրաժեշտություն։

Արդյոք այս ամսվա ընթացքում հայրը պահու՞մ է կապը, որ երեխան չզգա բացակայությունը։ Կամ արդյոք բոլո՞րն են պահում։ Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսազանգերով կապ պահպանել, սակայն հեռավոր շփումը միշտ չէ, որ կարող է փոխարինել կենդանի ներկայությանը։ Երեք ամսում հնարավոր չէ ամբողջությամբ լրացնել ինը ամսվա բացը։

Եթե գիտակցող ծնող է, ապա կարող է գիտակցված ու առողջ կառուցված հարաբերություններ ունենալ, ինքը կարող է հաջողել»։

Հոգեբանն ընդգծում է, որ արտագնա աշխատանքի գնացած տղամարդիկ ևս ծանր հոգեբանական վիճակում են հայտնվում։ Նրանք ապրում են մշտական ճնշման տակ՝ գումար ուղարկելու, ընտանիքը չհիասթափեցնելու վախով։ Միևնույն ժամանակ, հեռավորությունը հանգեցնում է օտարացման․ տուն վերադառնալիս նրանք հաճախ իրենց տեղը չեն գտնում ընտանիքում։

«Արտագնա աշխատանքի ընթացքում մարդիկ բախվում են այլ մշակույթների, այլ արժեքների և մտածողության։ Ժամանակի ընթացքում դա բերում է ընկալումների փոփոխության։ Սա լավի կամ վատի հարց չէ, բայց անխուսափելիորեն առաջացնում է ներքին հակասություններ։ Վերադառնալով նույն համայնք՝ թեկուզ ժամանակավորապես, մարդը հայտնվում է միջավայրում, որը կարող է այլևս չհամապատասխանել կյանքի մասին իր ներսում ձևավորված պատկերացումներին»։

Հոգեբանական ծառայություններն այսօր առավել քան երբևէ կարևոր են։ Մարդիկ բախվում են այնպիսի հոգեբանական երևույթների, որոնց միջով միայնակ անցնելն ու դրանք հաղթահարելը չափազանց դժվար է։

«Մարդն ինքն է հասկանալու, եթե կյանքի որակն այս պահին այն չի, ինչ-որ բան կա, որ իրեն ներսից տանջում է, մտքեր որ իրենց թույլ չի տալիս քնել, հարաբերություններում ունեն խնդիրներ կամ առողջական վիճակը վատթարանում է, ապա պետք է հասկանա, որ դիմելու է մասնագետի օգնությանը»։

Քովիդը, պատերազմը, տարիքային զարգացման փուլերը, արտագնա աշխատանքը, սոցիալ‑տնտեսական իրավիճակը՝ այս ամենը բնականաբար ազդում է յուրաքանչյուր մարդու հոգեկան առողջության վրա։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջ հասարակություն և կայուն համայնքներ, ապա հոգեբանական ծառայությունները պետք է լինեն ոչ միայն անհրաժեշտ, այլև մշտապես հասանելի։

«Մեր հասարակությունում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն հաճախ բացակայում են դրանց լուծումները։ Հատուկ կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ են զարգացման կենտրոններ՝ խոսքի զարգացման, աուտիզմի դեպքում՝ ոչ միայն երեխաների, այլև ծնողների, մասնավորապես՝ մայրերի հոգեբանական աջակցության համար։ Դեռահասների համար նույնպես կարևոր են մասնագիտացված ծրագրերը՝ ճգնաժամային փուլերը հաղթահարելու նպատակով։

Հոգեբանի դերը սահմանափակված չէ միայն երեխայի հետ անհատական աշխատանքով։ Նա կարող է միջամտել նաև դասապրոցեսին՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը, դասարանային մթնոլորտի բարելավմանը և երեխաների միջև առողջ հարաբերությունների ձևավորմանը»։

Փաստացի, այն մարդիկ, ովքեր ունեն հոգեբանական ծառայության անհրաժեշտություն, սակայն չեն ստանում այն, ունեն կյանքի ցածր որակ։ Հոգեբանն ընդգծում է, որ սա իր հերթին ազդում է նաև նրանց ընտանիքի անդամների վրա։ Միջին հաշվով մեկ անձի չլուծված հոգեբանական խնդիրն ազդում է առնվազն ևս երկու մարդու կյանքի որակի վրա՝ առաջացնելով շղթայական սոցիալական խնդիրներ։

«Չհաղթահարված սթրեսը ժամանակի ընթացքում կարող է վերածվել հիվանդությունների՝ սրտանոթային խանգարումների, ստամոքսաաղիքային խնդիրների, ինֆարկտի, ինսուլտի և այլ լուրջ առողջական վիճակների։ Ժամանակին չմիջամտած հոգեբանական դժվարությունները հետագայում դառնում են մարմնական պաթոլոգիաներ, և հիվանդությունների մեծ մասը հաճախ պայմանավորված է հենց հոգեկան խնդիրները ժամանակին չլուծելու հանգամանքով»։

Այս բոլոր մարդիկ շարունակում են ապրել համայնքի ներսում, սակայն համայնքը չունի համապատասխան ծառայություններ նրանց աջակցելու համար։ Հոգեբանական ծառայությունների զարգացումն ու հասանելիությունը ոչ միայն անհատի, այլ ամբողջ համայնքի առողջության և բարեկեցության կարևոր նախապայմանն է։

Հոգեբանը ընդգծում է, որ եթե ուզում ենք ունենալ առողջ անհատներ, ուժեղ ընտանիքներ և կայուն համայնքներ, հոգեբանական ծառայությունները պետք է լինեն հասանելի և ընդունելի։ Դա անհրաժեշտություն է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝