Հասարակություննորություններ 12 Դեկտեմբերի, 2025 • Ախալքալաքում արդյոք պե՞տք է սպասել հավկիթի պակաս

Վրաստանում գնորդները մի քանի շաբաթ է, ինչ բողոքում են խանութների վաճառափեղկերում հավկիթի պակասից։ Սա, մի կողմից, պայմանավորված է ներմուծման կրճատմամբ, մյուս կողմից՝ թռչնագրիպի տարածմամբ, որը հանգեցրել է տեղական արտադրության անկմանը։ Jnews-ը հետաքրքրվեց Ախալքալաքում հավկիթի մատակարարման հետ կապված իրավիճակով։

Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ի դրությամբ Ախալքալաքի խանութների մեծ մասը վաճառափեղկերում հավկիթի պակաս չի զգում։ Գները տատանվում են 14-ից 18 լարիի սահմաններում 30 հատանոց տուփի համար։

Ախալքալաքի մեծածախ խանութներից մեկի՝ «Best Price»-ի ներկայացուցիչը մեզ ասաց, որ այս շաբաթ հավկիթի առաքման են սպասում։ Նա ասաց, որ մեկ ամիս հավկիթ չեն ստացել։

«Սկզբում թանկ էին, մարդիկ չէին գնում, իսկ հիմա ընդհանրապես չկա։ Մատակարարների խոսքով՝ պատճառն այն է, որ հավերի շրջանում տարածված հիվանդություն է», — ասել է Best Price խանութի ներկայացուցիչը։ Նրանք հավելել են, որ մատակարարները բարձրացրել են գները և մեկ 30 հատանոց տուփի համար պահանջում են 16-17 լարի։

«Van» մեծածախ խանութի ներկայացուցիչը Jnews-ին ասել է, որ մինչև Նոր տարի հավկիթի մատակարարման խափանումներ չեն սպասվում։

«Ախալքալաքում և Նինոծմինդայում առնվազն մինչև Նոր տարի սպառողները հավկիթ կստանան», — ասել է նա։ Այժմ այս խանութում հավկիթի տուփի (30 հատ) գինը 14 լարի է։ Ներկայացուցչի խոսքով՝ 10 օր առաջ խափանումներ եղել են, բայց հիմա ամեն ինչ վերադարձել է իր նախկին հունին։

Մեկ մանրածախ խանութ այսօր հավկիթ է ստացել։

Մեկ այլ մանրածախ խանութում նույնպես հավկիթ կա և որևէ դեֆիցիտ չի եղել։ Գինը մեկ տուփի (30 հատ) համար 18 լարի է։

Մենք նաև որևէ պակաս չենք նկատել Ախալքալաքի ցանցային խանութներում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝