Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» 2025 ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները մոտենում են ավարտին։ Աշխատանքները գյուղերում 95%-ով ավարտված են, մնացած աշխատանքները ընթացքի մեջ են։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանը հույս ունի, որ բոլոր աշխատանքները մինչ տարվա վերջ կավարտվեն։ Գյուղերում աշխատանքները 95%-ով ավարտված են, գումարները ևս 70%-ն արդեն փոխանցվել է մատակարարներին։
«Ընթացքի մեջ են թե աշխատանքները, թե մատակարարներին դրամական միջոցների փոխանցումը: Մեր կողմից արդեն ընդունված աշխատանքների ֆինանսներն ամբողջությամբ փոխանցվել է: Մնացած աշխատանքները գտնվում են ընդունման գործընթացում: Մեր կողմից ընդունված աշխատանքները կատարված են որակով», — ասում է Արա Մովսեսյանը։
Աշխատանքները շարունակվում են Պտենա, Խուլգումո և Աբուլ գյուղերում: Այս բոլոր գյուղերում կատարվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։
Պտենա գյուղը ընտրել է բարեկարգել մայթերը և ճանապարհները, ինչպես նաև գնել գույք ծիսակատարությունների տան համար։
Խուլգումո գյուղը որոշել է վերականգնել գյուղատնտեսական հողամասեր տանող ճանապարհները։
Աբուլ գյուղում բնակիչները որոշել են բարեկարգել գյուղական ներքին ճանապարհները։
Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում առաջնահերթություն էր գյուղերում փողոցային լուսավորության անցկացումը։ 18 գյուղ ընտրել էր այս աշխատանքը։
Գոգաշեն, Դիլիսկա, Կաջո, Կումուրդո, Սուլդա, Քարսեպ, Չունչխա, Բավրա, Թախչա, Կուլիկամ, Ալաստան, Տուրցխ և այլ գյուղեր ընտրել էին փողոցային լուսավորության անցկացումը։
Արա Մովսեսյանի խոսքով, գյուղերում լուսավորության անցկացման աշխատանքներն արդեն ավարտվել են, բայց դրանք դեռևս չեն միացվել գլխավոր ցանցին։
«Հաշվիչների տեղադրման հետ կապված խնդիրներ կան, բայց մենք աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ։ Գործընթացը շարունակվում է, և որևէ խնդիր չի լինի։ Մենք արդեն ընդունել ենք լուսավորության մեկ փաթեթ, և ևս երկուսը պատրաստվում են ընդունման», — նշեց Արա Մովսեսյանը։
Գյուղերի փողոցային լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսերը փակում է մունիցիպալիտետի քաղաքապետարանը։
Այս տարի գյուղերը հիմնականում ներկայացրել էին մեկական նախագիծ, որպեսզի հասցնեն այն լրիվությամբ ավարտել։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գյուղերը տեղական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում են ստացել, ինչը հնարավորություն է տվել իրականացնել լայնածավալ աշխատանքներ։ Յուրաքանչյուր գյուղի համար հատկացված գումարները տարբեր է։
Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրի համար հատկացված գումարը արդեն մի քանի տարի է անփոփոխ է և կազմում է 922 000 լարի։



