Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնը լեցուն էր երաժշտությամբ, սպասումով ու ուրախ տրամադրությամբ։ Այստեղ, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի համագործակցությամբ, Թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում՝ այս տարվա Եվրատեսիլում Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող մասնակցիների հետ։ Հատկապես խորհրդանշական էր այն հանգամանքը, որ երեք երկրներն էլ ներկայացնում են ազգությամբ հայ կատարողներ։
Հանդիպմանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, Ուկրաինայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Օլենա Հլադուշչենկոն, «Հայարտուն» կենտրոնի անձնակազմը, ուսանողներ ու բազմաթիվ երկրպագուներ։ Միջոցառումը սկսվեց կենտրոնի սաների երաժշտական ներկայացմամբ, որոնք հանդիսատեսին փոխանցեցին տոնական տրամադրություն։
«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանն իր խոսքում ընդգծեց, որ այս տարվա Եվրատեսիլի անցկացումը Թբիլիսիում՝ անցած տարվա Վրաստանի հաղթանակի շնորհիվ, մեծ պատիվ է քաղաքին։ Նա նշեց, որ հայկական համայնքի համար առանձնապես կարևոր է հայազգի բոլոր մասնակիցներին ընդունելու և աջակցելու հնարավորությունը։
Մինչ հանդիպումը սկսելը, երեք երկրները ներկայացնող երիտասարդ երգիչները այցելեցին Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հայրական բարեմաղթանքները, օրհնեց երեխաներին և նրանց բաժանեց հուշանվերներ: Այնուհետև մասնակիցներն ուղևորվեցին դեպի «Հայարտուն» կենտրոն՝ հանդիպման հիմնական մասի համար։
Միջոցառմանը խոսքով հանդես եկավ նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Դեսպանը ողջունեց մասնակիցներին և առանձնահատուկ շեշտեց իր ուրախությունն այն առիթով, որ այս տարի Եվրատեսիլում երեք երկրին ներկայացնելու են ազգությամբ հայ երեխաներ։ Նա նշեց, որ յուրաքանչյուր մասնակցի հաջողությունը մեծ ուրախություն կլինի համայնքի համար։ Դեսպանը նաև հուշանվերներ հանձնեց երիտասարդ կատարողներին։
Միջոցառման ամենասպասված հատվածը մասնակիցների երաժշտական ներկայացումներն էին։ Երեխաները կատարեցին իրենց մրցութային երգերից կարճ հատվածներ՝ հանդիսատեսի ջերմ ու բուռն արձագանքի ներքո։
Հանդիպումը դարձավ ոչ միայն մշակութային, այլև համահայկական միասնության խորհրդանշական իրադարձություն․ տեղի համայնքը հնարավորություն ունեցավ մոտիկից ճանաչել այն երիտասարդ տաղանդներին, ովքեր շուտով կներկայացնեն երեք երկրներ մեկ մեծ բեմում։ Հանդիպումն ավարտվեց հայազգի մասնակիցներին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի Հանրապետության դեսպանությունների կողմից հուշանվերների փոխանցմամբ և հաղթանակի հասնելու մաղթանքներով:
Նշենք, որ Եվրատեսիլ 2025-ում Հայաստանը կներկայացնի Ալբերտ Արմենակյանը՝ «Brave Heart» երգով, Վրաստանը կներկայացնի Անիտա Աբգարյանը՝ «Shine Like a Star» երգով իսկ Ուկրաինան Սոֆյա Ներսեսյանը «Motanka» երգով: Եզրափակիչ շոուն տեղի կունենա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 20:00-ին։
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Վրաստանի ներկայացուցչի համար առցանց քվեարկությունը հնարավոր կլինի ինչպես Վրաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրից։
Քվեարկությունը հասանելի կլինի jesc.tv կայքում դեկտեմբերի 12-ի կեսգիշերից, ժամը 12:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության մեջ ամենահաջողակ երկիրն է՝ չորս անգամ հաղթելով մրցույթում։ Վրաստանը մրցույթը հյուրընկալում է երկրորդ անգամ՝ այս անգամ Անդրիա Պուտկարաձեի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում տարած հաղթանակից հետո։
Դեկտեմբերի 13-ին միջոցառման հաղորդավարը՝ Վրաստանի հանրային հեռարձակողը, կառաջարկի եզրափակիչ շոուի ուղիղ հեռարձակում։







