Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին խորհրդարանին է ներկայացրել 2026 թվականի բյուջեի նախագծի վերջնական տարբերակը: Խոսելով հիմնական պարամետրերի մասին՝ նախարարը նշել է, որ 2026 թվականի համար նախնական կանխատեսումները պահպանվել են:
Նրա խոսքով՝ իրական տնտեսական աճը նախատեսված է հինգ տոկոսի չափով, իսկ միջնաժամկետ հեռանկարում այն կանխատեսվում է 5.3 տոկոսի չափով: 2026 թվականի համար միջին գնաճի կանխատեսումը 3.3 տոկոս է, իսկ միջնաժամկետ հեռանկարում այն գտնվում է նպատակային ցուցանիշի (3 տոկոսի) սահմաններում:
Նոմինալ ՀՆԱ-ի կանխատեսումը սահմանվել է 114 միլիարդ 121 միլիոն լարի, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցում է 11․300 դոլարը: Մինչև 2029 թվականը անվանական համախառն ներքին արդյունքը կանխատեսվում է հասնել 145 միլիարդ լարիի, որը, եթե վերածվի մեկ շնչի հաշվով ցուցանիշի, կգերազանցի 14․500 ԱՄՆ դոլարը:
Ինչպես նշել է ֆինանսների նախարարը, համախմբված բյուջեի հարկային եկամուտները սահմանվել են 27 միլիարդ 40 միլիոն լարիի չափով, ինչը 240 միլիոն լարիով ավելի է նախագծի նախորդ տարբերակի համեմատ: Բյուջեի դեֆիցիտը կազմում է համախառն ներքին արդյունքի 2.5 տոկոսը, իսկ պետական պարտքի ցուցանիշը 33.5 տոկոսի սահմաններում է: 2026 թվականի համախմբված բյուջեի ծախսային մասը կազմում է 36 միլիարդ 285 լարի։
«Վերը նշվածը վկայում է, որ բյուջեն, ճիշտ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում, կարևոր դեր է խաղում մակրոտնտեսական կայունության ապահովման գործում, որը կարևոր է մեր երկրի երկարաժամկետ զարգացման համար», – նշել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր կոմիտեներին, մասնավորապես՝ ֆինանսների և բյուջեի կոմիտեին, բյուջեի կազմման գործընթացում ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար։



