նորություններ 10 Դեկտեմբերի, 2025 • Վրաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ախալքալաք

Վրաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Կուրտոն ճանաչողական այցով այցելել է Ախալքալաք։ Նա հանդիպել է տեղական իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնեսի և գյուղատնտեսության ներկայացուցիչների հետ, այցելել դպրոց։

Դեսպանի այցն Ախալքալաք սկսվել է դեկտեմբերի 9-ին և շարունակվել դեկտեմբերի 10-ին։ Դեսպանն իր պաշտոնին նշանակվել է 2025 թվականի օգոստոսին, և սա նրա առաջին պաշտոնական այցն էր շրջան։

Դեկտեմբերի 9-ին դեսպանը և նրա պատվիրակությունը հանդիպել են ոչ կառավարական հատվածի և բիզնեսի ներկայացուցիչների հետ, իսկ դեկտեմբերի 10-ին այցելել են Ախալքալաքի քաղաքապետարան՝ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Այնուհետև նա այցելել է Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոց, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն:

Դեսպանը հիմնականում հետաքրքրվել է տեղի բնակչության խնդիրներով, գյուղատնտեսության վիճակով, բիզնես հատվածով և ընդհանուր առմամբ մարզի կյանքով:

Ախալքալաքի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում տեղական ինքնակառավարման գործադիր մարմինը քննարկել է երկկողմ համագործակցությունը, զբոսաշրջության և գյուղատնտեսական ծրագրերի զարգացման հեռանկարները մունիցիպալիտետում և ապագա ծրագրերը:

«Դեսպանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ֆերմերներին և խորացնելու համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Ախալքալաքի մունիցիպալիտետում», — հայտնում են քաղաքապետարանից։

Լուսանկարը՝ Ախալքալաքի քաղաքապետարանի պաշտոնական Facebook-ի էջից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝