նորություններ 9 Դեկտեմբերի, 2025 • Գնաճը խանութներում. Ո՞ւմ վրա է պատասխանատվությունը

«Goodwill» սուպերմարկետների ցանցի կառավարիչ տնօրեն Գիորգի Խաբաշվիլին պնդում է, որ Վրաստանում սննդամթերքի գների աճը կապված չէ սուպերմարկետների կողմից սահմանված գնապիտակների հետ։

Ինչպես նա նշել է BMG-ին տված հարցազրույցում, բարձր մրցակցային շուկայում ոչ մի ցանց չի կարող իրեն թույլ տալ բարձր գներ սահմանել ապրանքների վրա, հակառակ դեպքում կկորցնի իր մրցակցային առավելությունը։

«Եթե սուպերմարկետները չիջեցնեն իրենց գնապիտակները և հաճախորդներին չառաջարկեն ամենամատչելի գները, նրանք դժվարությամբ կզարգանան և կբախվեն խնդիրների», — ասել է Խաբաշվիլին։

Նա բացատրում է, որ մատակարարները կազմում են սուպերմարկետներում վերջնական գների ամենամեծ մասնաբաժինը. «Օրինակ, եթե հաճախորդը վճարում է 10 լարի ապրանքի համար, ապա դրանցից 8-ը ուղղակիորեն գնում է մատակարարին։ Սուպերմարկետը մնացած 2 լարին ծախսում է աշխատավարձերի, վարձավճարի և այլ գործառնական ծախսերի վրա։ Հետազոտությունների համաձայն՝ վաճառված յուրաքանչյուր 10 լարի ապրանքի դիմաց սուպերմարկետը պահում է ընդամենը 30 թեթրի, ինչը նշանակում է, որ 100 լարի արժողությամբ ապրանքի համար առավելագույն շահույթը 3 լարի է», — ասում է Խաբաշվիլին։

Նրա խոսքով՝ որոշ ապրանքների վրա սուպերմարկետների գների աճը տատանվում է 5%-ից մինչև 12%, մինչդեռ հիմնական ապրանքների, ինչպիսիք են հավկիթը, հացը, կաթն ու կարագը, միջինում կազմում է մոտ 15%:

«Հետևաբար, սուպերմարկետները երբեք պատասխանատու չեն գների աճի համար», — նշել է «Goodwill»-ի տնօրենը։

Գիորգի Խաբաշվիլին որպես սննդամթերքի գների բարձրացման պատճառ նշում է ներմուծված ապրանքները և ներմուծումից կախվածությունը: Նա գնահատում է, որ Եվրամիությունից մեկ կոնտեյների ներմուծումն արժե 5000-7000 եվրո, գումարած ներքին լոգիստիկայի ծախսերը: Այս ամենը զգալիորեն բարձրացնում է ապրանքի վերջնական գինը:

Բարձր վարձավճարները և այն փաստը, որ որոշ երկրներում որոշ ապրանքներ ավելի թանկ են, նույնպես նշվում է որպես խնդիր։ Սակայն Խաբաշվիլին հավելում է, որ ԵՄ-ում որոշ հիմնական ապրանքների գները սուբսիդավորվում են պետության կողմից, ինչը, իր հերթին, հանգեցնում է գների նվազմանը։

«Շատ եվրոպական երկրներում կաթնամթերքի և այլ սննդամթերքի արտադրության ոլորտները սուբսիդավորվում են պետության կողմից, և որոշ դեպքերում որոշակի կատեգորիայի ապրանքների համար ԱԱՀ ընդհանրապես չի կիրառվում։ Արդյունքում, վաճառափեղկերում գները հաճախ ավելի ցածր են, քան Վրաստանում», — ընդգծել է Խաբաշվիլին։

Աղբյուրը՝ bizzone.info

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝