նորություններ 12 Դեկտեմբերի, 2025 • Ինչպե՞ս է միայնակ ապրում 85-ամյա Մաքրուն տատը

85-ամյա Մաքրուն Լյուդվիկի Կարապետյանն արդեն 60 տարի միայնակ է ապրում կիսաքանդ օդայում։ Իր գոյությունը կարողանում է պահպանել կենսաթոշակի և պետական նպաստի շնորհիվ։

Մաքրուն տատը մեզ հետ ծանոթանալիս առանձնակի շեշտադրությամբ է նշում հայրանունը, թեև երբեք չի տեսել նրան։

«Հորս անունն էլ գրեք…», — նրա աչքերը միանգամից խոնավանում են։

Մեր հերոսուհու հետ խոսակցությունն անցավ ծանր մթնոլորտում, ժամանակ առ ժամանակ լռում էինք, և այդ լռությունը խախտելն ու հարց տալը շատ բարդ էր, քանի որ, Մաքրուն տատն անընդհատ անցյալն է վերհիշում ու լալիս։

«Օրջա եմ ծնվել, հուլիսի 9-ին», — ասում է նա։

Հայրը՝ Լյուդվիկը, Երևանում ծառայելիս է եղել, երբ իմացել է աղջկա ծննդյան մասին, կնոջը կարգադրել է, որ մինչև վերադառնալն աղջիկն իր անկողնու մեջ քնի։

Բայց նա այդպես էլ չի վերադարձել, պատերազմ են տարել, և ընտանիքը մինչ օրս չգիտի՝ նա ողջ է մնացել, թե զոհվել է։

Օդայում, որտեղ Մաքրուն տատն է ապրում, խնամքով պատից կախված են հին նկարներ

«Սա հայրիկս է, սա մայրիկիս եղբայրը… մայրս Կորխից էր», — պատմում է Մաքրուն տատը՝ երկար նայելով նկարներին՝ նորից վերապրելով անցյալը։

IMG_4103

Մաքրուն տատը երեք եղբայր է ունեցել, բայց այսօր նրանցից ոչ ոք կենդանի չէ։

«Մնացել եմ մենակ…», — կրկնում է նա ու սկսում լաց լինել։

Շարունակելով մեր զրույցը, ասում է՝ կյանքիս ամենալավ օրերը կոլխոզ աշխատելու ժամանակներն են եղել։

«Մինչև սովետի փլուզումը աշխատել եմ»։

Երեխա ժամանակից աշխատել է, որ օգնի մորը։ Մայրը երկար տարիներ միայնակ է ապրել, և Մաքրուն տատը մշտապես զգացել է, որ ինքն է մոր միակ հենարանը։

Մաքրուն տատն ամուսնացած է եղել Հայաստանում, սակայն երեխա չի ունեցել։ Ավելի ուշ մայրը հիվանդացել է, և նա ստիպված է եղել թողնել ամեն ինչ ու վերադառնալ՝ խնամելու մորը։ Մոր մահից հետո էլ այլևս ոչ մի տեղ չի գնացել։

«Այս անկյունում է մամաս մահացել, նրա մահվանից հետո չեմ մոտեցել այդ հատվածին»։

Այսօր Մաքրուն տատը միայնակ է ապրում հին, կիսաքանդ հողե տանը, որտեղ ապրելու տարրական պայմաններ չկան։ Իր օդան ձմռանը տաքացնում է փայտե վառարանով։

«Փայտ եմ գնել, հիմա չեմ կարողանում կոտրել, հարևանս է օգնում կոտրելու հարցում»։

Վերջերս մատը կոտրել է, ու ցավից չի կարողանում աշխատել։

tatikk

Մեր հերոսուհին ապրում է ամսական 545 լարի կենսաթոշակի և 40 լարի պետական նպաստի հաշվին։ 2018 թվականից Ախալքալաքի Սոցիալական ծառայությունների գործակալության կողմից Մաքրուն տատիկը ստանում է ամսական 40 լարի սոցիալական նպաստ՝ ըստ հաշվված սոցիալական բալերի, որոնք կազմել են 57 620 բալ։ Թարմացման դեպքում ամսական նպասի չափը կարող է մեծանալ։

Մաքրուն տատի հարևան Հայկուշ Հովհաննիսյանն արդեն 43 տարի է, որ ամեն օր այցելում է նրան և օգնում նրան կենցաղային հարցերում։

«Գազի բալոնն իմ ամուսինն է տանում քաղաք, լիցքավորում և բերում։ Դեղ գնելու համար ասում են՝ հերթագրվեք… մարդն ընկել է, մատը կոտրել, ինչ հերթի մասին է խոսքը…», — հարցադրում է հարևանուհին։

Տարիքի հետ կապված Մաքրուն տատը լավ չի լսում, ամեն ինչ չի կարողանում անել։ Հարևանուհու խոսքով, ընդամենը 4-5 հավ ունի։

Օրջա գյուղի եկեղեցին վերակառուցելու ժամանակ, մարդիկ տեսնելով օդայի վիճակը, բանվորները հարթեցրել են օդայի հատակը, որպեսզի Մաքրուն տատը հանկարծ չընկնի և կոտրվածքներ ստանա։

Մաքրուն տատը եկեղեցու հարևանությամբ է ապրում։ Նա է եկեղեցուն ուշադրույթուն դարձնում և մաքրում։

Մեր հերոսուհու հարազատներն ապրում են Ռուսաստանում, հեռու են, հազվադեպ են կարողանում զանգել կամ օգնել։ Բայց Մաքրուն տատը դրանից չի նեղվում․ սովոր է իր լռությանը, իր մանր ճրագին, իր փոքրիկ տան տաքությանը, որտեղ ամեն անկյունում մոր մասին հիշողությունն է։

Իսկ ծերատան մասին լսել անգամ չի ուզում։ Մեր հարցից նա խիստ նեղացավ, ասելով՝ քանի դեռ ձեռքերս ու ոտքերս առողջ են, ես կարող եմ ինքնուրույն ապրել, ծերատան կարիք չունեմ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝