Դեկտեմբերի 5-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի ունեցավ ոչ պաշտոնական հանդիպում «Վրաստանի մելիորացիա» պետական ընկերության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ծառայության ղեկավար Գիորգի Ազիրաշվիլիի հետ։ Նա պատմեց շրջանի ոռոգման համակարգում առկա իրավիճակի մասին և պատասխանեց պատգամավորների հարցերին։
Հանդիպումը նախաձեռնել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն: Հանդիպմանը մասնակցում էին սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրա տեղակալները և պատգամավորներ։
Ռուբեն Պալյանը ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց Գիորգի Ազիրաշվիլիին իրենց հետ հանդիպելու և հարցերին պատասխանելու պատրաստակամության համար։
Գիորգի Ազիրաշվիլին, պատգամավորներին համառոտ ներկայացրեց ոռոգման համակարգի ընդհանուր վիճակը և ծառայության ներկայիս աշխատանքը։ Նա հայտարարեց, որ նախատեսվում է Ախալքալաքի և Նինոծմինդայի ամբողջ ոռոգման համակարգի հիմնարար վերականգնում։
Նրա խոսքով, Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում նրանք սպասարկում են մոտավորապես 2200 բաժանորդի և մոտավորապես 1600 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Մեկ հեկտարի ոռոգման սակագինը սահմանում է Էներգետիկայի և ջրային ռեսուրսների կարգավորման հանձնաժողովը (GNERC/სემეკ), ուստի նա չի կարող ասել, թե արդյոք սակագինը կբարձրանա 2026 թվականին։ Ներկայումս գինը կազմում է 75 լարի մեկ հեկտարի համար։
Ազիրաշվիլին նշեց, որ ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները սկսվում են նախօրոք, վերականգնման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար գնումները կատարվում են ձմռանը։ Հետևաբար, դրա հետ կապված նա խնդրեց բնակիչներին պայմանագրերը կնքել արդեն հունվար ամսին։
«Մենք պետք է նախապես իմանանք, թե քանի պայմանագիր կունենանք և ինչ ծախսեր կկատարենք։ Պայմանագրի կազմումը չի նշանակում անհապաղ պարտադիր վճարում, պայմանագիրը կապված չէ վճարման հետ», — պարզաբանեց Գիորգի Ազիրաշվիլին։
Զեկույցից հետո պատգամավորները հարցեր տվեցին։
Խանդոյի տարածքային շրջանից պատգամավոր Սարգիս Մելիքյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կազմակերպվելու Խանդո գյուղի ոռոգման գործընթացը, երկու ջրամբարները Միացյալ մելիորացիայի հաշվեկշռին փոխանցելուց հետո։ Բնակիչները ցանկանում են, որ ջուրը նախևառաջ մատակարարվի Խանդո գյուղին, հետո միայն հարևան բնակավայրերին։
Գիորգի Ազիրաշվիլին պատասխանեց, որ նրանք նախատեսում են ավելացնել ջրամբարների ջրի ծավալը և լիովին բավարարել Խանդոյի բնակիչների կարիքները։ Սակայն դա չի նշանակում, որ մյուս գյուղերը չպիտի կարողանա օգտվել այդ ջրամբարներից։
Տուրցխից պատգամավոր Աննա Ղևենյանը ցանկանում էր իմանալ, թե ինչպես է կարգավորվելու ոռոգումն իրենց գյուղում, քանի որ նրանք ևս համաձայնել են երկու ջրամբար փոխանցել «Վրաստանի մելիորացիա»-ի հաշվեկշռին։ Ազիրաշվիլին նշեց, որ չի կարող կոնկրետ պատասխան տալ մինչև փոխանցման պաշտոնական ընթացակարգերի ավարտը։
Պատգամավոր Գենադի Էլիզբարյանը բարձրացրեց Խուլգումոյի պոմպակայանի հարցը։ Նրա խոսքով, կառույցը և ջրատարները կան, միայն պոմպը չկա։ Կայանը սպասարկում էր ոչ միայն Խուլգումոյին, այլև Թոթխամ, Կորխ և Մաջադիա գյուղի բնակիչներին։
Ազիրաշվիլին հայտարարեց, որ ընկերությունը իր հաշվեկշռին չի վերցնի որևէ լրացուցիչ գիծ, մինչև չավարտի հաշվեկշռի վրա եղած բոլոր գծերի վերականգնումը։
Պատգամավորները նաև հետաքրքրվեցին Չունչխա, Պտենա, Դիլիսկա, Զրես, Հոկամ, Արագվա, Օրջա և այլ գյուղերի ոռոգման գծերի վիճակով և վերականգնմամբ։ Նրանք մտահոգված էին, թե արդյոք ընկերությունը վերահսկելու է ջրի օգտագործման կանոնները, քանի որ որոշ գյուղեր ջուրը չարաշահում են, ու այն չի հասնում այլ բնակավայրեր։
Գիորգի Ազիրաշվիլին վստահեցրեց, որ ոռոգման սեզոնի ընթացքում աշխատակիցները կհետևեն խախտումներին և կկիրառեն տուգանքներ։ Նա նշեց, որ մունիցիպալիտետի ջրային ռեսուրսները սահմանափակ են։ Ջրամբարների ընդլայնումն անհնար է, սակայն ընկերությունը կաշխատի վերականգնել առկա ջրամբարների ջրային ռեսուրսները։ Ազիրաշվիլին ընդգծեց, որ ջրագողությունը կանխելու համար նրանք մշտապես հսկողություն են տանում, իսկ հաջորդ տարի այն ավելի են խստացնելու։ Նա նշեց, որ ծառայությունը մտադիր է խստորեն հսկել, որ բոլոր գյուղերը ջուրը հավասարաչափ ստանան։
Ռուբեն Պալյանը, իր հերթին, նշեց, որ պատգամավորները պետք է տեղում, գյուղացիների շրջանում, ջրի խնայողության վերաբերյալ, բացատրական աշխատանք կատարեն։
«Մենք նաև պետք է հանրությանը քարոզենք ջրի ծայրահեղ կարևորության մասին։ Պայմանագրերը պետք է նախապես ստորագրվեն։ Մենք պետք է դադարեցնենք ջուր գողանալը, ավելի լավ է պայմանագիր կնքել և համակարգից օրինական կերպով օգտվել։ Եթե բաշխումը համաչափ լինի, մունիցիպալիտետի ոռոգման համակարգը կկարողանա զարգանալ, և այդ դեպքում բոլորը կունենան ջրի հասանելիություն։ Ոռոգումը մեծ դեր է խաղում կարտոֆիլի արժեքի նվազեցման գործում», — ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը։
Նշենք, որ քննարկվեցին այն ոռոգման համակարգին վերաբերող հարցեր, որոնք սպասարկվում են «Վրաստանի մելիորացիա» պետական ընկերության Սամցխե-Ջավախեթիի շրջանային ծառայության կողմից։



