նորություններ 5 Դեկտեմբերի, 2025 • Մեծ Սամսար գյուղում բնական գազը հասավ մարդկանց տներ

Ախալքալաքաի մունիցիպալիտետի Մեծ Սամսար գյուղը  մեկն է լեռնային բնակավայրերից, որտեղ մուտք գործեց բնական գազը: Մեծ եւ Փոքր Սամսար գյուղերում ավարտվել են գազի մատակարարման աշխատանքները, եւ այսօր պաշտոնապես միացվեց բնական գազը։

Բացումը տեղի ունեցավ տեղական իշխանության եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ներկայությամբ։ Միջոցառման ընթացքում բոլորն ընդգծեցին կատարված աշխատանքի մեծ նշանակությունն ու տարածաշրջանի համար ունեցած արժեքը։

Մեծ Սամսար գյուղում բնական գազն առաջինը վառեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

77

Սամսարը բարձրադիր գյուղ է, և գազիֆիկացումն այստեղ հատկապես կարևոր քայլ է բնակիչների համար։ Բացի սոցիալական բարելավումից, ընդգծվեց նաև գյուղի տուրիստական մեծ պոտենցիալը, ինչը գազի հասանելիության շնորհիվ կարող է հետագայում ավելի արդյունավետ զարգանալ։

Պաշտոնյաները շեշտեցին, որ կատարված աշխատանքը հիմք է դնում ապագա ծրագրերի իրականացման համար՝ նպաստելով համայնքի տնտեսական եւ սոցիալական ակտիվությանը։

Մեծ Սամսարը 68 տնտեսություն ունի, եւ գազաֆիկացումը մեծ նշանակություն ունի գյուղի ապագայի համար։

«Գյուղի բնակչության թիվը կպահվի, արտագաղթ չի լինի։ Երկար ժամանակ մարդիկ հուսախափ էին, բայց այս օրն ապացուցեց, որ գյուղացին անուշադրության մատնված չէ, եւ աշխատանքներ տարվում են։ Մարդիկ սկսել են տները վերանորոգել։ Փոքր բան չի՝ գյուղում գազ ունենալը»,- ասաց Մեծ Սամսարի գյուղապետ Նասլետ Հովհաննիսյանը։

8789

Բնակիչներն իրենց ուրախությունն են արտահայտում։

«Վերջապես բնական գազը հասավ Սամսար։ Շատ գոհ ու շնորհակալ ենք։ Մեծ գործ է արված, ապրեն տղաները։ Մեր առօրյան կհեշտանա, փայտ չենք կոտրի, մոխիր չենք թափի։ Տանը վերանորոգում ենք անում՝ մաքուր կմնա», -ասաց Մեծ Սամսար գյուղի բնակիչներից մեկը։

Գյուղացիները շնորհակալություն են հայտնում բոլոր պատասխանատուներին եւ ընդգծում, որ սա իրականում կյանքի որակը բարելավող փոփոխություն է։

«1200 լարի ամեն տուն աջակցել ենք, անգամ երկրից դուրս ապրող մի քանի տուն փակված տան համար քաշել են։ Վառելիք գնել ենք, որովհետեւ հնարավոր էր շատ ձյուն գար եւ չհասցնեինք, ասել էին մինչեւ տարվա ավարտ գազը կմիացվի», — ասաց գյուղի մեկ այլ  բնակիչ։

Իզոլետա Հովսեփյանի խոսքով, թե կանայք, թե տղամարդիկ ազատվեցին ծանր հոգսից, բայց վառարանից չեն կարող  բաժանվել, առանձնահատուկ մշակույթ է վառարանով կարտոֆիլ խորովելը։

«Ճիշտ է գազն անհրաժեշտ է, բայց վառարանն էլ իր հաճույքն ունի։ Մենք ամառային խոհանոց ունենք, վառարան միշտ կօտագործենք»։

Բնակիչների խոսքով, գազաբալոնների օգտագործումը բավականին ծախսատար է, եւ ավելի երկար ժամանակ է պահանջվում պատրաստելու համար։

«Գյուղ գալիս էին լիցքավորման համար, շատ անգամ նաեւ քաղաք էինք գնում լիցքավորելու։ Ամսական երեք անգամ լիցքավորման անհրաժեշտություն կար, մի լիցքավորումը 30 լարով», — ասաց գյուղի բնակիչներից մեկը։

Մեծ Սամսար գյուղի դպրոցում ջեռուցումն այս տարիների ընթացքում իրականացվել է վառարաններով։

«Քանի որ արդեն գազ ունենք, հաջորդ տարվա համար նախատեսել ենք 70 000 լարի՝ գազով ջեռուցման համակարգ տեղադրելու համար»,- նշեց Սամսար գյուղի դպրոցի հաշվապահ Արտյոմ Սիմոնյանը։

Գազիֆիկացման ծրագիրն իրականացվել է համայնքի եւ ընկերության համատեղ ֆինանսավորմամբ։ Գազատար մայրուղին կառուցվել է Մեծ եւ Փոքր Սամսար գյուղերի ընդհանուր նախագծով՝ 450 000 լարի ընդհանուր արժեքով։

«Սամսարը բարձրալեռ գյուղ է, եւ մեր գազատար մայրուղու կառուցման ընթացքում մի շարք բարդություններ են առաջացել։ Սարի վրա պետք էր բարձրանալ, իսկ տեխնիկան այդ հատվածում չէր կարող աշխատել։ Այդ պատճառով մոտ 40 տոկոս աշխատանքը կատարվել է ձեռքով։ Չնայած, որ նախատեսել էինք շուտ ավարտել, առաջացան տեխնիկական խնդիրներ։ Բայց անկախ բոլոր դժվարություններից, այսօր ծրագիրն ամբողջությամբ իրականացվեց։ Մեծ Սամսարում ունենք 60 բաժանորդ, իսկ Փոքր Սամսարում՝ 70», — ասաց SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը։

Մեծ Սամսարում այսօր տոնական տրամադրություն էր, քանի որ երկար տարիների սպասումն ավարտվեց եւ գազը հասավ գյուղացիների տներ։

Այս դրական քայլը վկայում է, որ համայնքի ենթակառուցվածքների զարգացումը շարունակվում է, իսկ նման նախագծերը մեծ նշանակություն ունեն՝ ինչպես բնակիչների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝