Ախալքալաքի Սանապիրո (Նաբերեժնայա) փողոցի բնակիչները ահազանգում են էլեկտրական լարասյունների փոխման անհրաժեշտության մասին, քանի որ, դրանք նկատելիորեն թեքված են ու փտած, ինչը լուրջ սպառնալիք է բնակչության համար։
Սանապիրո (Նաբերեժնայա) փողոցի բնակիչներից մեկը վստահեցնում է, որ անձամբ է զանգահարել թեժ գիծ՝ խնդրի լուծման համար։ Այնտեղից խոստացել են արձագանքել, սակայն մինչ այժմ որևէ քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ։
Բնակիչների խոսքով՝ մի քանի լարասյուններ վաղուց արդեն ենթակա են փոփոխման, հատկապես մեկը, որն այնքան է թեքվել, որ ցանկացած պահի կարող է ընկնել տան վրա։
«Անուշադրության է մատնված, այս սյունը վաղուց ընկած կլիներ, եթե էլեկտրական լարերն այն չպահեին», — հավելում է մեկ այլ բնակիչ։
Jnews-ը փորձեց Energo Pro Georgia ընկերությունից պարզաբանել, տեղեկացվա՞ծ են խնդրի մասին և հնարավո՞ր է մաշված լարասյունների փոխարինումը։
Jnews-ի հարցմանն ընկերությունից պատասխանեցին, որ լուրջ խնդիրներ չկան, և սյուները չեն համարվում վնասված։
Մինչդեռ Սանապիրո (Նաբերեժնայա) փողոցի բնակիչները շարունակում են անհանգստանալ, որ սյունը կարող է ցանկացած պահի ընկնել, որ ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես երեխաները կարող են վտանգի ենթարկվել եւ էլեկտրահարվել։ Այնուամենայնիվ, էլեկտրական ցանցերից փոխանցում են, որ իրավիճակը լուրջ վտանգ չի ներկայացնում։




