Ախալքալաքի մունիցիպալիտետում մեծ թափով ընթանում է կարտոֆիլի՝ շրջանի հիմնական գյուղատնտեսական մթերքի իրացումը: Նոր տարվա մոտենալուն ընդառաջ գյուղացիներն անհամբերությամբ սպասում են իրենց բերքը վաճառելուն, որպեսզի պարտքերը մարեն և պատրաստվեն տոներին: Սակայն, շուկայի իրավիճակի վերաբերյալ գյուղացիների կարծիքները տարբերվում են. որոշ գյուղերում գնորդներն ակտիվորեն գնում են արտադրանքը, մինչդեռ մյուսներում գործընթացը լիովին կանգնած է:
Ախալքալաքի հիմնական գյուղատնտեսական արտադրանքը կարտոֆիլն է։ Ինչպիսին է շուկայի իրավիճակը։ Այն պարզելու համար մենք զրուցեցինք խոշոր և փոքր ֆերմերների հետ։ Պարզվեց, որ իրավիճակը միանշանակ չէ։
Դիլիսկա գյուղից Վարազդատ Սալվարյանը կարծում է, որ ներկայումս իրենց գյուղում վաճառքի հետ կապված խնդիրներ չկան, գնորդները պարբերաբար գալիս են գյուղ։ Կարտոֆիլն այնտեղ վաճառվում է 75-ից 90 թեթրիով։
«Ես դեռ որևէ խնդիր չեմ տեսնում։ Այս տարի կարտոֆիլ չի տեղափոխվում Ռուսաստան, այնտեղ այն շատ էժան է, ադրբեջանցիները նույնիսկ սեղանի կարտոֆիլ են բերում այնտեղից։ Այժմ մեր կարտոֆիլի հիմնական գնորդները Վրաստանի շրջաններն են, իսկ ադրբեջանցիները գնում են միայն սերմացու կարտոֆիլ։ Մեր գյուղում իրավիճակը նորմալ է՝ գինը մատչելի է, ինքնարժեքը ծածկվում է, շահույթ կա», — ասում է Վարազդատ Սալվարյանը։
Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանը նշում է, որ գնորդներն ու վաճառողները հիմնականում այն ֆերմերներն են, ովքեր շտապ գումարի կարիք ունեն։
Կիրովական գյուղից Եղիշ Աղաջանյանը պատմում է, որ ինքն իր ամբողջ բերքը վաճառել է անմիջապես դաշտից։ Նա գոհ է թե՛ բերքից, թե՛ գնից, բայց նշում է, որ կարտոֆիլի գինը աստիճանաբար նվազում է և չի բացառում դրա իրացման հետ կապված հնարավոր դժվարությունները, քանի որ գնորդները նվազում են։
«Գինն ընկել է։ Կարծում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ որոշ մարդիկ կարտոֆիլը տարել են Թբիլիսի ու այնտեղ էժան վաճառել։ Ադրբեջանցիներն այլևս չեն գնում։ Մեր գնորդներն այժմ Վրաստանի տարբեր շրջաններից են։ Կարտոֆիլը երկրից դուրս չի հանվում, բաց է միայն տեղական շուկան։ Ադրբեջանը ներմուծում է Իրանից և Ռուսաստանից՝ այնտեղ ավելի էժան է։ Գնորդները նվազում են։ Նոր տարուց հետո կտեսնենք, եթե կարտոֆիլ զանգվածաբար ներմուծվի, մենք դժվարություններ կունենանք այն իրացնելու հարցում», — մեկնաբանում է Եղիշ Աղաջանյանը։
Խավեթ գյուղից Հրաչ Մովսեսյանը նշում է, որ գնորդներն արդեն երկու շաբաթ է դադարել են գալ, չնայած դրանից առաջ նրանք ունեցել են Ադրբեջանցի մշտական գնորդ, որը գնել է սեղանի կարտոֆիլ։
«Երկու շաբաթ է ակտիվություն չկա։ Հիմնական գնորդները ադրբեջանցիներն ու Վրաստանի այլ շրջանների բնակիչներն էին։ Մինչ այդ շաբաթը մեկ անգամ երեք գյուղերից՝ Խավեթ, Դավնիա և Էրինջա, մեկ բեռնատար մեքենա կարտոֆիլ էր դուրս գնում՝ մոտավորապես 25 տոննա։ Հիմա գործընթացը կանգ է առել։ Գյուղացիները ցանկանում են վաճառել հիմա, մինչև ձյունը կփակի դաշտերն ու ճանապարհները, հետո մեզ համար դժվար կլինի։ Մեր գյուղը հեռավոր է, և դժվար թե ձմռանը որևէ մեկը մեզ մոտ գա։ Բացի այդ շատերը վարկեր ունեն, մոտենում է նաև Նոր տարին», — ասում է Հրաչ Մովսեսյանը։
Էխտիլա գյուղից Արտավազդ Դարբինյանը նշում է, որ իրենց գյուղ գնորդներ քիչ են գալիս, ուստի գյուղացիները, ովքեր շտապ գումարի կարիք ունեն, իրենց կարտոֆիլը տանում են խոշոր քաղաքներ։ Նա կարծում է, որ դեռ վաղ է անհանգստանալու համար։
«Մեր հիմնական գնորդները Վրաստանի տարբեր շրջաններից են։ Ադրբեջանցիները մեզ մոտ չեն եկել։ Կարծում եմ, իրացման սեզոնը նոր է սկսվում, և անհանգստանալու կարիք չկա», — ասում է Արտավազդ Դարբինյանը։
Կարտոֆիլի միջին գինը տեղում 65-75 թեթրի է, մինչդեռ այլ տեղեր տանելու դեպքում՝ 80-85 թեթրի։
Ալաստան գյուղում իրավիճակը, ըստ Սիմոն Մանարյանի, այլ է, այնտեղ դեռևս գնորդներ չեն եղել։
«Ոչ ոք չի գալիս, չի գնում։ Այս տարի գրեթե գնորդներ չենք ունեցել։ Այժմ հիմնականում գնում են Վարևան գյուղից։ Մենք սպասողական վիճակում ենք։ Իհարկե, դեռ ժամանակ կա վաճառելու, հատկապես որ այս տարվա բերքը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է, և շատերը կրճատել են իրենց ցանքատարածությունները։ Նոր տարին մոտենում է, և բոլորը ցանկանում են վաճառել իրենց կարտոֆիլը, որպեսզի տոներին պատրաստվեն։ Իսկ այլ տեղ տանել վաճառել իրենց արտադրանքը ոչ բոլորըն են ի վիճակի։ Ի դեպ, նրանք, ովքեր տարել այլ տեղեր են վաճառել իրենց արտադրանքը, նույնպես դժգոհ են թե՛ գնից, թե՛ վաճառքից», — ասում է Սիմոն Մանարյանը։
Գյուղերի միջև եղած տարբերություններից անկախ, ընդհանուր պատկերը մնում է անորոշ։ Մոտակա գյուղերում ֆերմերները կարողացել են իրացնել իրենց բերքի զգալի մասը և գոհ են գներից, մինչդեռ ավելի հեռավոր գյուղերում շուկան գործնականում կանգ է առել։ Որոշ ֆերմերներ վստահ են, որ դեռ շատ ժամանակ կա իրենց բերքը վաճառելու, մինչդեռ մյուսները շտապում են այն վաճառել, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս։
Կարտոֆիլի վաճառքի հեռանկարները մունիցիպալիտետում մեծապես կախված են նրանից, թե որքան ակտիվ կլինեն Վրաստանի շրջանների գնորդները, ինչպես նաև նրանից, թե արդյոք Նոր տարուց հետո կարտոֆիլ կներմուծվի ազգային շուկա։



