Վրաստանի տարածքում մթնոլորտային օդում փոշու պինդ մասնիկների նվազման միտում է գրանցվում։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ այսօրվա ցուցանիշներով մթնոլորտային օդում փոշու պինդ մասնիկների նվազման միտում է արձանագրվել, ինչը պայմանավորված է եղանակային գործընթացներով։
«Դեկտեմբերի 1-ին, օրվա երկրորդ կեսից սկսած՝ արևմտյան Վրաստանի մեծ մասում և արևելյան Վրաստանի որոշ շրջաններում տեղումներ են արձանագրվել՝ անձրևի տեսքով։ Անձրևի հետ մեկտեղ Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում, գրանցվել է արևմտյան ուղղության չափավոր քամի։
Նշենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Վրաստանի որոշ շրջաններում հարավից և հարավարևելքից տարածվող անապատային փոշու զանգվածները հանգեցրել էին մթնոլորտային օդում փոշու պինդ մասնիկների կենտրոնացման աճին։
Տարվա ընթացքում անապատային փոշու զանգվածների տարածումը Վրաստանի տարածքում պարբերաբար է տեղի ունենում։ Իրավիճակի բարելավումը կախված է համապատասխան մետեորոլոգիական գործընթացների՝ անձրևի, ձյան, քամու զարգացումից։
Վրաստանի տարածքում մթնոլորտային օդում անապատային փոշու զանգվածների տարածման վերաբերյալ տեղեկատվությունը Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տրամադրում է՝ հիմնվելով Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության, փոշու կանխատեսման կենտրոնների և ազգային հիդրոմետեորոլոգիական վարչության տվյալների վրա։
Մթնոլորտային օդի որակի մշտական մոնիտորինգը Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը իրականացնում է ավտոմատ կայանների միջոցով», – նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։



