նորություններ 2 Դեկտեմբերի, 2025 • «Վրաստանի Մելիորացիան» նախատեսում է արդիականացնել Ախալքալաքի և Նինոծմինդայի ոռոգման համակարգերը

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, «Վրաստանի Մելիորացիա» ՍՊԸ-ն սկսում է Վրաստանի, այդ թվում՝ Սամցխե-Ջավախեթիի ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման նախագծի նախապատրաստական աշխատանքները։ Ընկերության կայքէջի համաձայն, փորձագետներն արդեն գնահատել են շրջանի չորս մունիցիպալիտետների գործող և շահագործումից հանված համակարգերի վիճակը։

Նախաձեռնությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ և նպատակ ունի բարելավել ջրային ռեսուրսների արդյունավետությունը և զարգացնել գյուղատնտեսությունը շրջանում։

Նոյեմբերի 19-ին «Վրաստանի Մելիորացիա» ընկերության ներկայացուցիչները, ԱԶԲ-ի փորձագետների հետ համատեղ, ստուգեցին Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ախալցիխեի և Ասպինձայի մունիցիպալիտետների ոռոգման համակարգերը: Մասնագետներն ուսումնասիրեցին ինչպես գործող, այնպես էլ շահագործումից հանված հատվածները և գնահատեցին դրանց սպասարկման գոտիները։

«Դաշտերի ուսումնասիրության հիման վրա ԱԶԲ փորձագետները կպատրաստեն նախնական գնահատման փաստաթղթեր: Հաջորդ քայլը կլինի նախագծային ուսումնասիրությունների մշակումը, որոնք կորոշեն ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման օպտիմալ ուղիները», — ասվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ընկերության տվյալներով, ոռոգման համակարգերի արդիականացումը զգալիորեն կբարելավի ֆերմերների ջրային ռեսուրսների հասանելիությունը, կնվազեցնի ջրի կորուստները և կբարձրացնի գյուղատնտեսության դիմադրողականությունը փոփոխվող կլիմայական պայմաններում: Նախագիծը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի պարենային անվտանգության ամրապնդման և ջրի ավելի արդյունավետ օգտագործման ապահովման գործում:

Ախալքալաքում և Նինոծմինդայում իրականացվելիք աշխատանքների ամսաթվերի և մասշտաբների վերաբերյալ մանրամասները ներկայումս հայտնի չեն:

Ախալքալաքի մունիցիպալիտետում ներկայումս գործում է յոթ ոռոգման համակարգ՝

1. Լոմատուրցխի ոռոգման համակարգը (ինքնահոս) սպասարկում է Ալաթուման, Կաջո, Ղադոլար, Լոմատուրցխ, Տուրցխ, Կոթելիա և Խանդո գյուղերը։

2. Կոթելիայի ոռոգման համակարգը (մեխանիկական) սպասարկում է Կոթելիա գյուղը և միանում է Լոմատուրցխի համակարգին։

3. Զակի ոռոգման համակարգը (մեխանիկական) սպասարկում է Զակ, Կոթելիա, Արագվա, Օրջա, Խանդո գյուղերը և միանում է Լոմատուրցխի ոռոգման համակարգին։

4. Ալմալի-Մուրջախեթ ոռոգման համակարգը (մեխանիկական և ինքնահոս) սպասարկում է Խոսպիո, Մուրջախեթ, Վաչիան, Չամդուրա, Կիրովական, Կուլիկամ, Կարտիկամ գյուղերը, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղը։

5. Հոկամի ոռոգման համակարգը (մեխանիկական) սպասարկում է Հոկամ, Քարսեփ, Գոգաշեն և Ափնիա գյուղերը։

6. Դիլիսկա-Պտենա-Չունչխա ոռոգման համակարգը (մեխանիկական) սպասարկում է Դիլիսկա, Պտենա և Չունչխա գյուղերը։

7. Զրեսի ոռոգման համակարգը (մեխանիկական) սպասարկում է Դիլիսկա, Չամդուրա, Կիրովական, Կումուրդո և Վաչիան գյուղերը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝