Սեպտեմբերից սկսած Պետական ռեգիստրը նորից ներգրավվել է մունիցիպալիտետների քաղաքապետարաններին գյուղատնտեսական հողերի անվճար գրանցման գործընթացին: Մասնագետներն, Ախալքալաքի մունիցիպալիտետում, ստուգում են յուրաքանչյուր հողակտորի կարգավիճակը, քանի որ զանգվածային գրանցումը ստեղծել է ինքնազավթման վտանգ և կարող է ապագայում հանգեցնել վեճերի: Երկու ամսվա ընթացքում քաղաքապետարանն արդեն վերանայել է մոտ 300 գործ:
Անվճար գրանցման գործընթացին միանալու արդյունքում, Ախալքալաքի քաղաքապետարանը գրանցվող հողամասերի կարգավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է հավաքում և ներկայացնում է այն Պետական ռեգիստրի հանձնաժողովին, որն էլ ըստ այդմ վերջնական որոշում է կայացնում հողը գրանցելու կամ չգրանցելու վերաբերյալ։
Գրանցողներն Ախալքալաքում երեք տարի (2023-ից մինչև 2025 թվականը) զբաղվել են նախագծերը պատրաստելով։ Զանգվածային գրանցումը սկսվել է այս ամռանը, իսկ սեպտեմբերից մունիցիպալիտետները կրկին ներգրավվել են գործընթացում։
«Մենք տեղեկատվություն ենք հավաքում որպեսզի գրանցման ընթացքում հստակեցնենք, թե, տվյալ հողամասն արոտավայր է, թե ընդահանուր օգտագործման տարածք։ Սա արվում է, որպեսզի գրանցումը չխանգարի մունիցիպալ ապագա պլաններին։ Անվճար գրանցման մասին իմանալուց հետո, բնակչությունը սկսեց զբաղեցնել տարբեր հողամասեր, սակայն դրանցից որոշները կարող են կարևոր լինել մունիցիպալիտետի համար՝ այնտեղ կարող է շինարարություն նախատեսվել։ Գրանցողներն ունեն միայն բարեփոխված հողամասերի քարտեզները։ Մեր օգնությամբ նրանք ստուգում են կասկածելի հողամասերը։ Եթե նրանք տեսնում են, որ հողը կարող է բարեփոխված հողամասերից չլինել կամ կասկածում են դրանում, մենք ստուգում ենք, ճշտում և տրամադրում ենք տեղեկատվություն։ Սակայն վերջնական որոշումը՝ գրանցել, թե ոչ, որոշում է հանձնաժողովը», — ասում է քաղաքապետարանի գույքի և նախագծման բաժնի մասնագետ Ավագ Արևյանը։
Նրա խոսքով, կան հողամասեր, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են որոշակի անձանց կողմից և գտնվում են բարեփոխված հողերի կողքերը։ Քաղաքապետարանը տեղեկատվություն է տրամադրում նաև նման դեպքերի վերաբերյալ, չնայած վերջնական որոշումն այստեղ նույնպես հանձնաժողովինն է։
Ավագ Արևյանը նշում է, որ գործընթացին ներգրավելով մունիցիպալիտետներին, Պետական ռեգիստրը գործնականում պատասխանատվության մի մասը տեղափոխել է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։
«Նրանք իրենցից հանում են ռիսկի մի մասը, որպեսզի ապագայում, վեճերի դեպքում պատասխանատվությունը միայն իրենցը չլինի», — հավելում է Արևյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանը, ստուգման համար, դիմումները սկսել է ընդունել սեպտեմբերին: Գյուղի լիազորները նույնպես ներգրավված են տեղեկատվության հավաքագրման գործում, քանի որ, ըստ Արևյանի, ամբողջական տեղեկատվություն բոլոր հողամասերի վերաբերյալ քաղաքապետարանը նույնպես չունի։
«Մենք ամբողջական տեղեկատվություն չունենք կոնկրետ հողամասերի կարգավիճակի վերաբերյալ: Գյուղի լիազորները տվյալներ են ստանում նաև Գույքի գործակալությունից: Որովհետև հողային բարեփոխման ժամանակ որոշ հողամասեր վարձակալության են տրվել, դրանք չբարեփոխված հողեր են, որոնք օգտագործվել են բնակչության կողմից: Մեր տեղեկությունների համաձայն, դրանց համար վարձավճար վճարել են մինչև 2001 թվականը, այն էլ՝ ոչ բոլորը», — ասում է նա:
Յուրաքանչյուր դիմումի ստուգման համար Քաղաքապետարանին տրվում է 15 օրացուցային օր, ինչն, ըստ Ավագ Արևյանի, չափազանց քիչ է։ Մինչ օրս նրանք քննարկել են մոտավորապես 300 գործ. մի մասը ուղարկվել է հանձնաժողով, իսկ մյուսները դեռևս հստակեցման փուլում են։



