Ախալքալաքում բացակայում է մասնագիտացված հոգեբանական կենտրոնը, ինչը զգալի ազդեցություն է թողնում երիտասարդների, ընտանիքների և սոցիալական խոցելի խմբերի վրա։ Չնայած նրան, ամբողջ աշխարհում հոգեկան առողջության թեման ուշադրության կենտրոնում է, բայց մեր տարածաշրջանում բնակչության համար բավարար և մատչելի աջակցություն ապահովող համապատասխան ծառայություններ չկան։
Jnews-ը զրուցել է Ախալքալաքի երիտասարդների եւ հոգեբանի հետ, հասկանալու համար արդյոք կա՞ հոգեբանական կենտրոնի անհրաժեշտություն եւ ի՞նչ այլնտրանքների են դիմում դրա բացակայության պայմաններում։
Հոգեբանական ծառայության բացակայությունը հատկապես նկատելի է երիտասարդների շրջանում․ նրանք կանգնում են բազմաթիվ խնդիրների առաջ՝ ինքնություն, հարաբերություններ, կրթական և աշխատանքային ճնշումներ, հավասարակշռության պահպանում եւ այսպես շարունակ։ Մասնագիտական աջակցություն չլինելու դեպքում շատերը դիմում են ոչ պաշտոնական աղբյուրների՝ ընկերների, ինտերնետի կամ ինքնուրույն մեթոդների օգնությանը, որոնք միշտ չէ, որ արդյունավետ են կամ անվտանգ։
Մեր առաջին զրույցը անչափահասի հետ է, ով երկար ժամանակ ունեցել է հոգեբանական ծանր շրջան եւ իրականությունից փախչելու համար գուշակությունների է դիմել՝ հավատալով դրանց։
«Ծնողներիս հետ միշտ վիճում էի, իրար չէինք հասկանում։ Ես հիմնականում սենյակում էի փակվում և հեռախոսի մեջ էի անցկացնում օրվա մեծ մասը։
Չէի հասկանում, որ հոգեբանի կարիք ունեմ։ Հիմնականում դիտում էի այնպիսի նյութեր, որոնց կարիքը զգում էի։ Ինստագրամի րիլերը միշտ այնպիսի բաներ էին ցույց տալիս, կարծես հասկանում էին ինձ։ Ես բոլորը նայում էի, հետո հասկացա, որ այդպես իմ վիճակը միայն ավելի է բարդանում։ Իմ անցյալից կամ սեփական սխալներից էի կառչում, և րիլեր նայելով՝ մշտապես ցավ էի ապրում։
Հորոսկոպներ էի միշտ կարդում ու հավատում։ Հանդիպում էի գուշակների, որոնք գումարի դիմաց տարբեր նյութեր էին առաջարկում՝ ասելով, թե իմ ապագան լավ է լինելու, ամեն ինչ կփոխվի։ Ես հավատում էի և մի քանի անգամ թաքուն գնել էի նման վիդեոմասալաներ։
Մի անգամ օնլայն փոքր գրքույկ էի գնել․ այնտեղ առաջադրանքներ էին գրված՝ նկարներով բացատրված, եւ եթե մի քանի անգամ կատարեմ այդ վարժությունները, ամեն ինչ կփոխվի։ Բայց դա գուշակների ձեռքի գործն էր։ Սկզբում ոգևորվում էի և այդ ոգևորվածությունից ինձ լավ էի զգում, բայց հենց ազդեցությունն անցնում էր՝ ավելի էի ընկճվում։
Հիմա տեսնում եմ, որ դասընկերներս նույնպես ունեն հոգեբանի կարիք։ Տեսնում եմ, որ նրանք էլ են կառչում հեռախոսներից, ինչը վնասում է իրենց։ Կուզենայի, որ մեր դասարանում աղջիկների համար պարբերաբար հոգեբանական սեանսներ կազմակերպվեն»։
Հաջորդ զրուցակիցը բռնության զոհ է եղել և երկար ժամանակ փորձել է ինքնուրույն հասկանալ ու հաղթահարել իր ապրումները։
«Ես ենթարկվել եմ բռնության և չեմ կարողացել գնահատել՝ արդյոք դա իմ մեղքն էր, թե՞ նրանը։ Այդ շրջանում ինձ անհրաժեշտ էր հոգեբանական օգնություն։
Հոգեբանական տարբեր սեանսներ ինքս էի փնտրում իմ հնարավոր միջոցներով։ Առաջին դեպքը Սալթանատի դեպքն էր (դաժան սպանությունը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 9-ին. նրան սպանել էր նախկին նախարարը՝ բազմակի ծեծի և կտտանքների արդյունքում)։ Ես այդ պատմության մեջ իմ անձնական պատմությանը նմանեցնող դրվագներ էի գտնում և դատական ընթացքին էի հետեւում։ Երբ ներկայացվում էր հոգեբանական վիճակը, ես շատ նմանություններ էի գտնում այն մարդու վարքագծի հետ, ով ինձ բռնության էր ենթարկել։
Միակ բանը, որ կարող էի անել, հոգեբանական թերապիաներ դիտելն էր՝ նայել նրանց վերլուծությունները, հասկանալ մարդկանց վարքագիծը։
Տարօրինակ կթվա, բայց դիտում էի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը։ Կողքից կարելի է ծիծաղել, որ անմակարդակ հաղորդում է, բայց այնտեղ հոգեբաններ կային, ովքեր վերլուծություններ էին անում, և ես դրանց կարիքն ունեի։ Համոզված եմ՝ մարդիկ ինչի կարիք են ունեցել, դա էլ վերցրել են այնտեղից։ Ասենք՝ ով ագրեսիա էր փնտրում՝ վերցրել է, բայց ես հոգեբանի կարիք եմ ունեցել և վերցրել եմ հենց դա։
Այստեղ շատ կարևոր է հուզականության հետևից շատ չգնալը, որովհետև դա եւս կարող է վնասել։
Ես շատ թերապիաներ էի դիտում և սովորեցի անգամ մարդու մարմնի լեզուն։ Օրինակ՝ որ մարդ ուժեղ սթրեսից քարանում է, և չի շարժվում։ Նման դեպք իմ հետ էլ է պատահել. դա ուղեղի գործառույթ է, որն անջատում է զգայարանները՝ մարմինը պաշտպանելու համար։
Ինքնակրթության միջոցով հաղթահարել եմ շատ բաներ՝ հասկացել եմ հոգեբանական գործոնները և դադարել վախենալուց։ Հոգեբաններն իրենք էլ ունեն հոգեբանի կարիք, և ցանկացած ժամանակ նրանց դիմելը շատ ճիշտ որոշում է։
Երբ սկսեցի ճանաչել իմ սեփական կարիքները, դադարեցի մեղադրել ինձ։ Ճիշտ ժամանակին հոգեբանին դիմելը կարող է օգնել բացահայտել կարիքներդ, և շատ ժամանակ չի պահանջվի ինքնուրույն հասկանալու համար, ինչը մեղմացնում է իրավիճակը։ Բացի այդ կա երկրորդ կողմը. հոգեբանի միջոցով կարող ես հասկանալ բռնության ենթարկողի հնարավոր կարիքները, որոնք հաճախ հոգեբանական շեղվածություններից են առաջանում, և այդ դեպքում ավելի սթափ ես դիտում իրավիճակը։
Մեր տարածաշրջանում և մեր հասարակությունում շատ դժվար է ապրել առանց հոգեբանական ճանաչողության։ Ամեն մի կառույցում ես տեսնում եմ հոգեբանի կարիք։ Մեզ մոտ սխալ է ծնողավարությունը, և դպրոցում ցանկացած երեխա վստահ եմ՝ ունի հոգեբանի աջակցության կարիք։
Հոգեբանական կենտրոնի առկայությունը շատ կարևոր է, բայց այստեղ կա մեծ ռիսկ. եթե այն գործի, ես չեմ վստահի իմ գաղտնիքը, քանի որ մեր հասարակության ամենամեծ հետաքրքրությունն ուրիշի գաղտնիքներն են։ Գաղտնապահության տեսանկյունից ես չեմ վստահի։ Մեր հասարակության պայմաններից ելնելով՝ երբեք չեմ դիմի։ Բայց հնարավոր է պարբերաբար գրանցել և հրավիրել լավ մասնագետների մեծ քաղաքներից։ Կամ ավելի թեթև թերապիաներ կամ տեղեկատվական հանդիպումներ կազմակերպել տարբեր խմբերի համար. օրինակ՝ երիտասարդների, կանանց, հարազատ կորցրած մարդկանց համար։ Այս կերպ ավելի արդյունավետ կլինի։ Բայց քանի դեռ մեր շրջանը փոքր է, եւ բոլորն իրար ճանաչում են, անվտանգության հարցը մնում է օդում կախված։ Ես իմ անձնական կարծիքն եմ ասում․ չգիտեմ՝ ով է մեզ մոտ հոգեբան, բայց ես չեմ վստահում և երբեք չեմ դիմի։
Հիմա էլ զգում եմ, որ ունեմ հոգեբանի կարիք։ Շատ հարցեր ինքնուրույն կարող եմ լուծել, բայց կան բաներ, որոնցում դժվարանում եմ։ Դրանցից մեկն անցյալը բաց թողնելն է, որը միշտ ցավ է պատճառում։ Վստահ եմ՝ հոգեբանը կարող է օգնել այս հարցում։
Երբեմն մոտս սկսվում է սննդային վարքի խանգարում. պետք է վերահսկողության տակ վերցնել, իսկ դրա համար գիտակցում է պետք։ Եթե ինքնուրույն չենք կարող, կօգնի մասնագետը»։
Մեր մյուս զրուցակիցը երիտասարդ մայր է, ով հետծննդաբերական շրջանում ունեցել է հոգեբանական օգնության անհրաժեշտություն։
«Հոգեբանի դիմելու կարիքը զգացել եմ այն ժամանակ, երբ հիվանդանոցից տուն եկա։ Նոր կյանքի փուլ էի մտել. վախեր ունեի՝ արդյոք ճիշտ կխնամեմ երեխային, ինչու է լալիս, ինչն է նրան ցավում։ Ֆիզիկական վիճակս ծանր էր, և ժողովուրդը մի կողմից հարցաքննում էր, կարծիքներ էր ասում, ինչը շատ ծանր էի տանում հոգեպես։ Երեխաս վաղաժամ էր ծնվել, քիչ քաշով, ու ժողովրդի խոսքերն էին՝ «սա ինչ երեխա է լինելու, քաշը շատ քիչ է»։ Սրանից բացի, երբ երեխան լալիս էր, բոլորը սկսում էին ժողովրդական մեթոդներ առաջարկել՝ ասելով, թե բժիշկներին լսել պետք չէ։
Հոգեբանական կենտրոնի առկայության դեպքում կարծում եմ՝ կդիմեի։ Օնլայնին չեմ վստահում. եթե նույնիսկ լավ մասնագետ գտնեմ, կարող է մի պահ կտրվեմ իրականությունից։ Ընդհանրապես, եթե առողջ մարդիկ էլ ապրեն միայն օնլայն կյանքով, որոշ ժամանակ անց կունենան հոգեբանի կարիք, որովհետև այնտեղ բոլորը միայն իրենց լավ կյանքն են ցույց տալիս, և մենք սկսում ենք համեմատել մեր կյանքն ուրիշների հետ՝ տեսնելով, թե ինչքան խնդիր ունենք և ինչ սխալ կյանքով ենք ապրում։ Այսպես բոլորս շատ հեշտ կարող ենք ընկնել ընկճվածության մեջ։
Հոգեբանական կենտրոնի առկայությունը լավ է հատկապես այն մարդկանց համար, ովքեր վեճեր կամ դժվարություններ ունեն սեփական կյանքում և դա արտացոլում են ուրիշների վրա։ Կարծրատիպերով ապրող ցանկացած մարդ ունի հոգեբանի կարիք։ Ես հիմա էլ համոզված եմ, որ եթե մարդիկ մեծ տարիքում դիմեն հոգեբանի, իրենց մոտ շատ բան կփոխվի դեպի լավը»։
Հոգեբանը, ով աշխատել է երեխաների հետ, նշում է, որ Ախալքալաքում երեխաներն ու դեռահասներն ունեն լուրջ բարդույթներ և խնդիրներ։
«Ախալքալաքում կա հոգեբանական ծառայության անհրաժեշտություն, հատկապես մանկական հոգեբանության ոլորտում։ Իմ փորձով, աշխատելով մանուկների հետ՝ նկատել եմ, որ նրանք բավականին լուրջ բարդույթներ ունեն»,- ասաց նա։
Բացի այդ, համայնքում դեռևս պահպանվում է հոգեբանին դիմելու վերաբերյալ որոշակի կարծրատիպեր, ու դրա ֆոնին մասնագիտական կենտրոնի բացակայությունը առանձնապես ավելի է դժվարացնում հոգեբանի դիմելը։
«Մեր ժողովուրդը չի տարբերում «հոգեբան» և «հոգեբույժ» տերմինները։ Շատերը մտածում են, որ հոգեբանի դիմում են միայն այն դեպքում, երբ «հոգեկան խնդիր» ունեն, բայց իրականում հոգեբանի դիմում են ավելի առողջ մարդիկ՝ անձնական աճի, ինքնավստահության բարձրացման և հուզական կայունության ձեռքբերման համար»,- ասաց նա։
Այն մտավախությունը, որ փոքր համայնքնեում բոլորը ճանաչում են իրար եւ գաղտնիք չի պահվի, հոգեբանը բացառում է մեկնաբանելով․
«Անվտանգության տեսանկյունից, եթե պահպանվեն հոգեբանական էթիկայի կանոնները, մեր տարածաշրջանում ոչ մի խնդիր չի լինի։ Հոգեբանը իրավունք չունի ընդունել իրեն ծանոթ մարդուն և չի կարող հետաքրքրվել այն ամենով, ինչ իրեն չի ներկայացվում։ Ամեն ինչ գաղտնի է պահվում։ Սուպերվիզորի դեպքում՝ երբ հոգեբանը բախվում է հարցի, որը չի կարող լուծել, նա կարող է դիմել սուպերվիզորին, բայց գաղտնիությունը նույնպես պահպանվում է․ այցելուի անուն-ազգանունը չի ներկայացվում»։
Լավ մասնագետ գտնելը ոչ բոլորին է հաջողվում, սխալ աշխատանքի դեպքում այցելուին վնասելը անխուսափելի է։ Հոգեբանը ներկայացնում է ճիշտ մասնագետի չափորոշիչները․
«Հոգեբանը խորհուրդներ չի տալիս, այլ օգնում է կառավարել հույզերը։ Քանի որ մեր երկրում վերահսկողություն չկա որակավորված հոգեբանների վրա, այսօր ամեն երկրորդ մարդ իրեն հոգեբան է ներկայացնում։ Ինչպես առաջին օգնություն կա, նույն ձևով գոյություն ունի նաև հոգեբանական առաջին օգնություն։ Հիմնարար գիտելիքներ ունենալու դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է աջակցել նման իրավիճակներում։
Հոգեբանները դեղ նշանակելու իրավունք չունեն։ Լսել եմ նման դեպքերի մասին, բայց պետք է զգուշանալ․ ով դեղ է նշանակում, նա հոգեբան չէ»։
Պետական հատուկ անվճար ծրագրեր կան, որոնց միջոցով հոգեբանական բարդ իրավիճակով երեխաներ բուժվում են։
«Ֆինանսական առումով մեր ժողովուրդը դժվարանում է դիմել հոգեբանական ծառայությունների՝ մեծ քաղաքներում։ Մեկ թերապիայի արժեքը բավականին բարձր է։
Քաղաքապետարանը օրինակ ֆինանսավորում է Նաբիջեբի կենտրոնը հատուկ կարիք ունեցող երեխանորի համար։ Ինչպես տարբեր հիվանդությունների դեպքում է աջակցություն տրամադրվում, նույն կերպ հատուկ կարգավիճակ ունեցող մարդկանց համար հնարավոր է հոգեբանական ծառայությունների աջակցություն իրականացնի»։
Ախալքալաքում ինչպես նշում է հոգեբանը՝ ռեսուրսներ գտնելը դժվար չէ․ անհրաժեշտ են ընդամենը տարածք և լավ մասնագետներ, որպեսզի ստեղծվի մի վայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է անվտանգ, վստահելի և պրոֆեսիոնալ աջակցություն ստանալ։



