նորություններ 28 Նոյեմբերի, 2025 • Ծեծկռտուք Բեժանո գյուղում, գործում հիշատակվում է քաղաքապետի ներկայացուցչի անունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում, երկու երիտասարդների միջև, տեղի ունեցած բախումը վերածվել է զանգվածային կռվի, որում հայտնվել է նաև 15-ամյա անչափահաս։ Jnews-ը կապ հաստատեց դեռահասի հոր հետ, իսկ քաղաքապետի ներկայացուցիչը, որին անչափահասի հայրը մեղադրում է որդուն ծեծելու մեջ, մեր ներկայանալուց հետո անջատեց հեռախոսը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին։ Բեժանոյում տեղի ունեցած կռվի մասին հրապարակվել է երեկ՝ նոյեմբերի 27-ին, TV Pirveli-ի ռեպորտաժից հետո, որից հետո վերտպվել է այլ լրատվամիջոցներում։ Սակայն լրատվամիջոցները սխալ են ներկայացրել քաղաքապետի ներկայացուցչի անունը։

Մեր տեղեկություններով, գյուղում, երկու երիտասարդների միջև կռիվ է սկսվել, որոնց մի քանի երիտասարդ գյուղացիներ փորձել են հաշտեցնել։ Սակայն, նրանց հաշտվելուց հետո միջամտել են մեծահասակները, և կռիվը վերսկսվել է։

Կռվի մեջ հայտնված դեռահասի հայրը՝ Արմեն Ունանյանը, պնդում է, որ գյուղի լիազոր Մարտիրոս Մարտիրոսյանն անպարկեշտ բառերով վիրավորել է որդուն և ծեծի ենթարկել վերջինիս։

«Որդիս չի կռվել, նա կռվից հեռու է կանգնած է եղել։ Մարտիրոսը ծեծել է իմ 15-ամյա որդուն։ Որդիս ճանաչում է Մարտիրոսին, նա չէր կարող սխալվել։ Բացի այդ, այնտեղ մարդիկ են եղել, և նրանք տեսել են։ Մեկ տղա կռվի ժամանակ գիտակցությունը կորցրեց։ Ես զանգահարեցի 112, այնտեղից հարցրին, թե ինչ է պատահել, ես ամեն ինչ բացատրեցի, և նրանք տեղեկությունը փոխանցեցին ոստիկանությանը», — ասում է Արմեն Ունանյանը։

Ունանյանը պնդում է, որ իր ընտանիքի և լիազորի միջև նախկինում որևէ կոնֆլիկտ չի եղել, իսկ իր որդին որևէ կապ չի ունեցել կռվի հետ։

«Մենք գյուղում միմյանց ողջունում էինք հանդիպելիս։ Կարծում եմ՝ պատճառն այլ է. ուղղակի ես ընդդիմությունում եմ, իսկ նա՝ իշխանությունում», — կարծում է նա։

Երկու օր առաջ Ունանյանը բացատրություն է տվել դատախազությանը այս գործի առթիվ։ Նա ասում է, որ դատախազությունում իրեն խորհուրդ են տվել գնալ հաշտության և հետ վերցնել բողոքը, քանի որ որդուն կարող է դատվածություն սպառնալ։

«Ես հետ չեմ վերցնի իմ բողոքը, արդեն փաստաբան եմ վարձել։ Դատախազությունը գործը կուղարկի դատարան, իսկ հետո կտեսնենք, թե երբ տեղի կունենա դատավարությունը։ Կարծում եմ գործը կարող է ձգձգվել, բայց ես միևնույն է, մինչև վերջ կգնամ», — ասում է Արմեն Ունանյանը։

ՆԳՆ-ից Jnews-ին հայտնեցին, որ վերոնշյալ միջադեպի վերաբերյալ Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի համաձայն սկսվել է հետաքննություն, որը ենթադրում է «խմբային բռնություն»։ Այս պահի դրությամբ քննչական գործողությունները շարունակվում են։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝