Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի փոքրիկ գյուղերից մեկում` Տրկնա գյուղում խաչի օրհնության կարգ կատարվեց, որը կանգնեցվել է գյուղի բնակիչների և սփյուռքի համատեղ ջանքերով։
Հսկայական խաչը բլուրից նայում է մոտ 20 ընտանիք ունեցող Տրկնա փոքրիկ գյուղին։ Խաչի շրջակայքը կարգի է բերվել. բնակիչները տեղադրել են աղբաման:
Տոնական տրամադրության համար գյուղացիները հրավիրել էին երաժիշտների։ Խաչի օրհնության կարգը կատարել է ՀԱԵ հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը։ Տրկնայի բնակիչների խոսքով՝ գյուղի մոտ խաչի տեղադրումը մեծ ուրախություն է փոքր բնակավայրի համար, որտեղ ուրախության քիչ պատճառներ կան և շատ խնդիրներ։
Հարկ է նշել, որ վերջերս Ախալքալաքի մունիցիպալիտետի բազմաթիվ գյուղերում խաչեր են տեղադրվում։
Միջոցառմանը ներկա էին Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անդամներ։ Խաչի օրհնությանը ներկա էին նաև արտերկրում բնակվող տրկնեցիները։
«Ամբողջ գյուղով և սփյուռքի հետ միասին գումար հավաքեցին խաչը տեղադրելու համար, որպեսզի մենք ունենանք հիշարժան և հետաքրքիր վայր։ Սա մեզ համար մեծ իրադարձություն է», — ասաց Տրկնայի բնակչուհիներից մեկը։
Խաչի օրհնության կարգից հետո բնակիչներն աղոթեցին Ջավախքում, Հայաստանում և Վրաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում խաղաղության համար: Գյուղացիների և Տրկնայի հյուրերի համար պատրաստվել էր ավանդական ուտեստներով և մատաղով ճաշկերույթ: Միջոցառումն ավարտվեց Ջավախքին նվիրված հայկական երաժշտության ու պարերով:









