նորություններ 27 Նոյեմբերի, 2025 • Ինչու են տեղական ընկերությունները հրաժարվում մասնակցել մունիցիպալիտետի մրցույթներին

Ախալքալաքի մունիցիպալիտետն էլ ավելի հաճախ է ստիպված լինում, մասնակիցների բացակայության պատճառով, նույն մրցույթը մի քանի անգամ հայտարարել: Jnews-ը պարզեց, թե ինչու տեղական ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը չեն շտապում հայտադիմում ներկայացնել մունիցիպալ մրցույթներին:

Այդպիսի օրինակներից մեկն էլ Խանդո գյուղում մարզադահլիճի կառուցման մրցույթն է։ Սա չորրորդ անգամն է, որ այն հայտարարվում է։ Վերջին հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 21-ին, իսկ առաջարկների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ն է։ Մրցույթի գումարը կազմում է 271 598 լարի։

Նման դեպքերը հազվադեպ չեն։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատային մասի վերակառուցման և բարեկարգման մրցույթի հետ։ Մրցույթը հայտարարվել է վեց անգամ և ամեն անգամ դադարեցվել է մասնակիցների բացակայության պատճառով։ Անցյալ տարի տեղադրվել է չորս հայտարարություն, իսկ այս տարի՝ երկու։ Վերջնական հաշվով, մրցույթն, այնուամենայնիվ, կայացել է. 2025 թվականի ապրիլի 4-ին ու այն շահել է «Gold-777» ընկերությունը՝ առաջարկելով 254 000 լարի։

Jnews-ը կապ հաստատեց ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի հետ՝ հարցով, թե ինչու նրանք չեն ցանկանում մասնակցել մրցույթին։

«Անհատ ձեռնարկատեր Զոյա Համազարյան» ի ներկայացուցիչը Jnews-ին հեռախոսով ասաց, որ իրենց աշխատանքային փորձը թույլ չի տալիս մասնակցել նման նախագծերի։

«Մեր ընկերությունը 1 միլիոն լարի կամ ավելի արժողությամբ նախագծերի հետ աշխատելու փորձ չունի, ուստի մենք չենք կարող մասնակցել։ Հակառակ դեպքում, մեծ հաճույքով կդիմեինք։ Նախագիծը լավն է, չգիտեմ, թե ինչու մյուսները չեն մասնակցում», — ասացին ընկերությունից։

Նրա խոսքով, նրանք աշխատում են ոչ միայն Ախալքալաքի, այլև Նինոծմինդայի, Ասպինձայի, Խաշուրիի և Ախալցիխեի մունիցիպալիտետներում։

Ձեռնարկատեր Արթուր Պետրոսյանը նույնպես նշեց, որ իր փորձը չի համապատասխանում մրցույթի պահանջներին։

«Իմ փորձը և աշխատանքային գործունեությունը թույլ չեն տալիս ինձ մասնակցել։ Սա միակ պատճառն է», — ասաց նա։

«Անհատ ձեռնարկատեր Կարախանյան» -ի ներկայացուցիչը պատասխանեց, որ իրեն չի հետաքրքրել Խանդոյի մրցույթը։

«Մասնակցելուց առաջ մենք ուսումնասիրում ենք բոլոր պայմանները։ Օրենքը պահանջում է որոշակի փորձ։ 50 000 լարիից բարձր մրցույթներին մասնակցելու համար պետք է հաստատեք մեր աշխատանքային փորձը, և ես կարծում եմ, որ դա ճիշտ է», — նշեց նա։

«Gold-777»-ի ներկայացուցիչ Մոսոյանն ասաց, որ չի տեսել Խանդո գյուղում մարզասրահի կառուցման մրցույթը։

«Այս մրցույթով ես չեմ հետաքրքրվել և չեմ նայել, ուստի չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Հիմա մոտենում է ձմեռը, մենք ձմռանը չենք աշխատում։ Իսկ ես ամռանն այս մրցույթը չէի տեսել, այն պարզապես աչքիս չէր ընկել», — հայտարարեց Մոսոյանը։

Մոսոյանի խոսքով, նրանք նաև չեն տեսել Թավիսուփլեբա (Ազատություն) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատային մասի վերակառուցման և բարեկարգման մրցույթը, որը հայտարարվել էր վեց անգամ։ Սակայն հետագայում իրենց ընկերությունը հաղթել է մրցույթը։ Նախորդ հայտարարությունների համեմատ հատկացված գումարը ավելացվել է և դառել է 259 578 լարի՝ 248 897 լարիի փոխարեն։

Ախալքալաքի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայության պետ Ռոզա Յորդանյանը բացատրեց.

«Վիճակագրորեն, մեր մատակարարները բավարարում են պահանջները. նրանք պարզապես գերծանրաբեռնված են աշխատանքով և ժամանակի սղություն ունեն։ Այս տարվա բյուջեն շատ մեծ էր. մենք միջոցներ ենք ավելացրել ՕԳԾ-ի շրջանակներում, ինչը մեծացրել է աշխատանքի ծավալը։ Յուրաքանչյուր գյուղում ՕԳԾ-ն գերազանցում է 40 000-ը։ Խանդոյում աշխատանքի արժեքը բավականին մատչելի է մեր ընկերությունների համար։ Բայց նախագիծը ներառում է ջրամատակարարում, էլեկտրաէներգիա և այլ աշխատանքներ, դրանք շատ են։ Կարծում եմ, մեր մատակարարները պարզապես ժամանակ չունեն։ Իսկ դրսի ընկերություններն հավանաբար, նախագիծը շահութաբեր չեն համարում։ Մենք այս թեմայով որևէ հետազոտություն չունենք։ 50 000 լարիից բարձր բոլոր աշխատանքների համար գործում է միասնական շինարարական բանաձև, և այն միանման կիրառվում է բոլոր մունիցիպալիտետներում», — ասաց Յորդանյանը։

Խանդոյի մարզասրահի կառուցումը հինգ տարի է ընթացքի մեջ է

Բազմահարկ շենքի ճակատային մասն ու ավտոկայանատեղին վերջիվերջո կվերանորոգվի

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝