Մունիցիպալ կազմակերպությունները ֆինանսավորվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից։ Մունիցիպալ կազմակերպությունների ընդհանուր ֆինանսավորումը 2026 թվականին կկազմի 8 147 000 լարի։ Չնայած այս հաստատությունների չափազանց ցածր շահութաբերությանը՝ դիտարկվում է դրանց ֆինանսավորման աճ։
2025 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից 13 մունիցիպալ հաստատության պահպանման համար ծախսվել է 6 605 984 լարի, իսկ 2026 թվականին այդ գումարը կաճի մինչև 8 147 000 լարի։ Մինչդեռ, այս հաստատություններից ստացված եկամուտը 2024 թվականին կազմել է ընդամենը 63 870 լարի։ Նշենք, որ մունիցիպալիտետը եկամուտ է ստանում 13 հաստատություններից միայն 6-ից։ Ներկայումս հայտնի չէ, թե որքան եկամուտ կստանան այս հաստատությունները 2025 թվականին։ Սակայն, նախորդ տարիների եկամուտների վերանայման հիման վրա կարելի է ենթադրել, որ եկամուտներն այս տարի չեն գերազանցի ծախսերը։ Մեկ այլ հաստատություն՝ Ախալքալաքի ՀԱԿ-ը, ֆինանսավորում է ստանում կենտրոնական բյուջեից։ 2025 թվականին Ախալքալաքի հանրային առողջապահական կենտրոնի պահպանման համար սուբսիդիան կազմել է 377 700 լարի, իսկ հաջորդ տարի կլինի 410 500 լարի։
Ինչպես պարզաբանեցին Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայությունից, մունիցիպալիտետը յուրաքանչյուր հաստատությանը բյուջե է հատկացնում հաստատության հայտի հիման վրա, ինչպես նաև այն դեպքում, եթե պահանջվող գումարը հիմնավորված է և անհրաժեշտ։ Դրա հիման վրա գումարը կարող է փոխվել ամեն տարի կամ մնալ նույնը։
Հետևաբար, 2026 թվականին հետևյալ մունիցիպալ հաստատություններին հատկացված գումարներն աճել են.
1. Մանկապարտեզների միավորում։ Մանկապարտեզների պահպանման համար 2025 թվականին հատկացվել է 4 131 022 լարի, իսկ 2026 թվականին՝ 5 500 000 լարի։ Այս աճը հիմնականում պայմանավորված է մանկապարտեզի սննդի եվրոպական չափանիշներին համապատասխանեցման փոփոխություններով, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերի 10% բարձրացմամբ։ Հարկ է նաև նշել, որ Ախալքալաքի բոլոր երեք մանկապարտեզներն էլ շատ ամիսներ՝ փակ են վերանորոգման պատճառով, և մունիցիպալիտետի բոլոր երեխաները չեն կարողանում հաճախել մանկապարտեզ։
2. Ախալքալաքի մարզադպրոց։ Ախալքալաքի մարզադպրոցի բյուջեն նույնպես հաջորդ տարի կաճի՝ 396 000 լարիից մինչև 484 000 լարի։ Այս հաստատությունը մունիցիպալիտետի համար որևէ եկամուտ չի ստեղծում, սակայն հարկ է նշել, որ երեխաների համար դասընթացներն անվճար են։
3. Ախալքալաքի շախմատի դպրոց։ Վերջին երեք տարիների ընթացքում շախմատի դպրոցին հատկացված գումարը մնացել է անփոփոխ՝ 75 000 լարի։ Այս կազմակերպությունը նույնպես եկամուտ չի ստեղծում մունիցիպալիտետի համար, սակայն երեխաների համար դասընթացներն անվճար են։
4. Ախալքալաքի մարզական համալիր։ Մարզական համալիրի բյուջեն ավելացել է 9000 լարիով և այժմ կկազմի 399 000 լարի։ Այս հաստատությունը նույնպես եկամուտ չունի, չնայած այն հանգամանքին, որ հաստատության մարզիկները բազմաթիվ հաղթանակներ են բերում։
5. Ախալքալաքի փակ լողավազան։ Ախալքալաքի փակ լողավազանի բյուջեն 2025 թվականին կազմել է 233 000 լարի, իսկ 2026 թվականին կկազմի 241 000 լարի։ Անցյալ տարի այս հաստատության վաստակած եկամուտը դեռևս անհայտ է։
6. Ախալքալաքի գրադարանային միավորում։ Գրադարանային միավորման բյուջեն նույնպես ավելացել է՝ 151 700-ից հասնելով 163 000 լարիի։ Գրադարանային միավորումը սեփական եկամուտ չունի։
7. Աշուղական դպրոց։ Աշուղական դպրոցի բյուջեն 2025 թվականին կազմել է 41 500 լարի, իսկ 2026 թվականին այն կաճի մինչև 46 000 լարի։
8. Ախալքալաքի գեղարվեստի դպրոց։ Անցյալ տարվա բյուջեն կազմել է 112 002 լարի, իսկ 2026 թվականին այն կհասնի մինչև 105 000 լարի։
2026 թվականին հետևյալ մունիցիպալ հաստատություններին հատկացված գումարները մնացել են անփոփոխ կամ կրճատվել են.
1. Ախալքալաքի ակումբային միավորում։ Հաստատությունը 2025 թվականին տեղական բյուջեից ստացել է 290 684 լարի, իսկ 2026 թվականին՝ 281 400 լարի։
2. Ախալքալաքի երաժշտական դպրոց։ Ախալքալաքի երաժշտական դպրոցի ծախսերը 2025 թվականին կազմել են 112,002 լարի, իսկ 2026 թվականին դպրոցը կստանա 105,000 լարի։
3. Ախալքալաքի ազգագրական թանգարան։ Հաստատության 2025 թվականի բյուջեն կազմել է 71 200 լարի, և նույնքան գումար է հաշվարկված նաև այս տարվա համար։
4. Ախալքալաքի «Ապագայի տուն»։ «Ապագայի տան» բյուջեն 2025 թվականի համեմատ նվազել է՝ 101 376 լարիից հասնելով 99 500 լարիի։
Նշենք, որ հաջորդ տարվա բյուջեներում ներառված է նաև այս հաստատությունների աշխատակիցների աշխատավարձի 10% բարձրացումը: 2026 թվականի բյուջեն դեռևս չի հաստատվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի կողմից:



