Տուրցխ գյուղի երկու ջրամբարի շահագործման իրավունքը տրվում է պետական «Վրաստանի մելիորացիա» ընկերության Սամցխե-Ջավախեթիի շրջանային ծառայությանը։ Ֆորմալ այս ջրամբարները գտնվում են պետության հաշվեկշռի վրա։
Խորհրդային տարիներից Տուրցխ գյուղն ունի երկու ջրամբար, որոնց ջուրը բնակիչներն օգտագործում են գյուղատնտեսական հողերը ոռոգելու համար: Հողը, որի վրա կառուցված են ջրամբարները, գրանցված է որպես պետական սեփականություն, սակայն, ինչպես ասում է Տուրցխի տարածքային շրջանից ընտրված Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Աննա Ղևենյանը, ջրամբարներն, ավելի քան 30 տարի առաջ, իրենց սեփական միջոցներով, կառուցել են գյուղի բնակիչները։
Աննա Ղևենյանը նշում է, որ մինչ օրս փաստացի «Վրաստանի մելիորացիա» ընկերությունն է հետևում, ջրով լցնում այդ ջրամբարները, իսկ դրանց օգտագործման պաշտոնական իրավունքն ընկերությանը հնարավորություն կտա ապահովել որակյալ սպասարկում։
«Վերջին տարիներին ջուրը ջրամբարները լցնում է «Վրաստանի մելիորացիա»-ն։ Սակայն, որպեսզի կազմակերպությունը վերահսկի ջրի օգտագործումը, ապահովի ջրամբարների անվտանգությունն ու նորմալ վիճակը, ինչպես նաև կանխի ջրի արտահոսքը, մենք ցանկանում ենք, որ «Մելիորացիան» ամբողջովին ստանձնի այս ջրամբարների ամբողջական կառավարումը», — պարզաբանեց Աննա Ղևենյանը։
Երկու ջրամբարներից մեկը մեծ է, իսկ մյուսը՝ փոքր, սակայն գտնվում է այնպիսի տեղում, որ առանց դրա մոտ 100 հեկտար գյուղատնտեսական հողատարածք կմնա առանց ոռոգման։
Ջուրը Տուրցխի ջրամբարներ մտնում է մելիորացիայի ջրանցքներով՝ անցնելով Բեժանո, Կաջո, Լոմատուրցխ և Ղադոլար գյուղերով։ Սակայն ոռոգման սեզոնի ընթացքում Տուրցխի ֆերմերները հաճախ բախվում են այն խնդրի հետ, որ ջուրն իրենց չի հասնում. վերին գյուղերը ջրից օգտվում են առանց սահմանափակումների, ինչի հետևանքով ցածրադիր հատվածերը մնում են առանց ջրամատակարարման։
Աննա Ղևենյանի խոսքով, տեղի բնակիչները հույս ունեն, որ ջրամբարները «Վրաստանի մելիորացիա» ընկերությանը փոխանցելը կապահովի ջրի ավելի արդարացի բաշխում և կլուծի Տուրցխի ոռոգման անբավարարության բազմամյա խնդիրը։



