նորություններ 24 Նոյեմբերի, 2025 • Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտը ժամանակավորապես փոխանցվում է MDF-ին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, վերանորոգման նպատակով, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտը ժամանակավորապես փոխանցեց մունիցիպալ զարգացման հիմնադրամին: Սակրեբուլոյի պատգամավորներն այսօր՝ նոյեմբերի 24-ին ընդհանուր նիստի ժամանակ այդ որոշումը հաստատեցին։

Մունիցիպալ զարգացման հիմնադրամը նախատեսում է Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի վերանորոգում: Սակայն, քանի որ օբյեկտը մունիցիպալ սեփականություն է, հիմնադրամն իրավասու չէ այնտեղ շինարարական աշխատանքներ իրականացնել: Հետևաբար, քաղաքապետարանն առաջարկել էր, մեկ տարի ժամկետով, վերանորոգում կատարելու իրավունքով, ժամանակավորապես փոխանցել հիմնադրամին:

«Քանի որ մարզադաշտը մեր սեփականությունն է, նրանք չեն կարող շինարարություն իրականացնել: Մենք համաձայնեցինք, ժամանակավորապես, մեկ տարով, աշխատանքները կատարելու իրավունքը փոխանցել, որպեսզի նրանք կարողանան իրականացնել նախագիծը: Մենք փոխանցում ենք իրավունքը, այլ ոչ թե սեփականությունը», — պատգամավորներին բացատրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման, պլանավորման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը, Տարածական պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի և Մունիցիպալ գույքի, բնական պաշարների և գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում:

Փոխանցման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 26-ն է: Հիմնադրամը նախատեսում է նմանատիպ մարզադաշտ կառուցել երեք մունիցիպալիտետում՝ Ախալքալաքում, Ախալցիխեում և Ադիգենիում:

Նախագիծը դեռևս պատրաստ չէ, ուստի ճշգրիտ գումարը կորոշվի ավելի ուշ: Սակայն, ըստ Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանի, հիմնադրամը նախատեսում է կառուցել մոտ 5 միլիոն լարի արժողությամբ ստանդարտ տիպի մարզադաշտ: Նա հավելեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչներին նախապես ծանոթացրել են նախնական ուրվագծին:

«Նրանք եկան և ուսումնասիրեցին տարածքը։ Մեր հին տրիբունաները կմնան, հանդերձարանի շենքին նույնպես չեն դիպչի։ Մարզադաշտի հետնամասում կկառուցվի նոր շենք՝ հանդերձարաններով, վարչական տարածքներով և բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով», — ասաց Արա Մովսեսյանը։

Միջոցների մեծ մասը կուղղվի ֆուտբոլային դաշտի կառուցմանը։ Հին հողը ամբողջությամբ կհեռացվի, մակերեսը կբետոնապատվի և կծածկվի 55,5 մմ հաստությամբ արհեստական խոտածածկով։ Հին տրիբունան կպահպանվի, դրանց դիմաց նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 300 նստատեղով տրիբունա։ Տրիբունան կլինի ծածկով, նախատեսվում է նաև մարզադաշտի դարպասների վերանորոգում և հարակից ենթակառուցվածքների կառուցում։

Քննարկումների ընթացքում պատգամավորներն առաջարկեցին պայմաններում ներառել հին տրիբունաների վերանորոգման վերաբերյալ կետ՝ դրանք մարզադաշտի նոր տեսքին համապատասխանեցնելու համար։

Բյուրոյի նիստում և հանձնաժողովներում քննարման ժամանակ այս հարցը պատգամավորների կողմից բուռն քննարկման արժանացավ, որի ընթացքում առաջարկ եղավ MDF-ի ներկայացուցիչների հետ կրկին այցելել տեղանք և քննարկել նախագծի մանրամասները։

Այսօր՝ նոյեմբերի 24-ին Սակտեբուլոյի նիստում պատգամավորներն այն ընդունեցին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝