Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն սկսել է քննարկել 2026 թվականի բյուջեն։ Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայությունը նոր գումարման պատգամավորներին ներկայացրել է տեղեկատվություն, թե որտեղի՞ց և ի՞նչ եկամուտներ է ստանում մունիցիպալիտետը։
Մունիցիպալիտետների բյուջեները հիմնականում կազմված են սեփական եկամուտներից և դրամաշնորհների տեսքով մուտքերից, պետական միջոցներից ստացված ֆինանսավորումից և այլ աղբյուրներից: Այս եկամուտները հիմնականում ներառում են հարկեր, դրամաշնորհներ և այլ եկամուտներ: Եթե անցյալ տարվա Ախալքալաքի բյուջեն քննարկման պահին 11 միլիոն լարիով ավելի էր, քան նախորդ տարվա մունիցիպալ բյուջեն, ապա այս տարվա բյուջեի աճը կազմել է 4 միլիոն լարի: Սա նշանակում է, որ աճի տեմպը դանդաղում է, չնայած ընդհանուր բյուջեն շարունակում է աճել:
«Անցյալ տարի, տարեսկզբին, մենք հաստատեցինք 29 386 200 լարիի բյուջե։ Այս տարի, նախնական նախագծի համաձայն՝ այն կազմում է 33 332 500 լարի», — եկամտային մասը ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը։
Բյուջեի եկամուտների «առյուծի բաժինը», ինչպես Կարեն Մերգելյանն ասաց, ավելացված արժեքի հարկն է (ԱԱՀ), որը կազմում է 18,662,000 լարի։ Անցյալ տարի այս հարկը կազմել է 15,000,000 լարի։ Բյուջեի հիմնական աճը պայմանավորված է այս հարկի աճով, որը պետությունը փոխանցում է տեղական բյուջե։
Երկրորդ խոշորագույն կետը գույքահարկն է՝ 11 000 000 լարի։ Այս գումարը նույնն է, ինչ նախորդ տարի։
Դրամաշնորհներ՝ այս կետը հիմնականում ներառում է Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի համար հատուկ կատարված նպատակային փոխանցումները՝ 315,500 լարի։ Անցյալ տարի այս թիվը կազմել է 298,200 լարի։
Հաջորդ կետը, ըստ քաղաքապետարանի ֆինանսական վարչության, սեփականությունից ստացված եկամուտն է՝ 1,450,000 լարի։ Անցյալ տարի այս գումարը 30,000 լարիով պակաս էր՝ կազմելով 1,420,000 լարի։ Տոկոսները կազմում են 1,100,000 լարի (անցյալ տարի՝ 1,070,000 լարի), իսկ վարձակալությունից ստացված եկամուտը, ինչպես նախորդ տարի, կազմում է 350,000 լարի, այդ թվում՝ բնական պաշարների օգտագործումից ստացված եկամուտը՝ 170,000 լարի, ինչպես նաև վարձակալությունից և հողերի տնօրինումից ստացված եկամուտը՝ 180,000 լարի։
Վարչական դրամահավաքներից և վճարումներից ստացված եկամուտները կազմել են 1 155 000 լարի, մինչդեռ անցյալ տարի այն կազմել է 968 000 լարի։ Այս կետը ներառում է. ազգային լիցենզիաներից ստացված վճարները՝ 1,120,000 լարի (944,000 լարի 2025 թվականին), թույլտվությունների վճարները՝ 50,000 լարի (40,000 լարի 2025 թվականին), խաղային բիզնեսի հարկից ստացված վճարները՝ 1,000,000 լարի (850,000 լարի 2025 թվականին), տարածքների մաքրումից ստացված եկամուտները՝ 70,000 լարի (54,000 լարի 2025 թվականին), ծառայություններից ստացված եկամուտները՝ 35,000 լարի (24,000 լարի 2025 թվականին), պատժամիջոցներից/տույժերից/տուգանքներից ստացված եկամուտները՝ 600,000 լարի (550,000 լարի 2025 թվականին)։
Ոչ ֆինանսական ակտիվների կրճատումից ստացված եկամուտը կազմում է 150,000 լարի, նույնքան, որքան նախորդ տարի. շինարարություն՝ 70,000 լարի, ոչ արտադրված ակտիվներ՝ 80,000 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն չի ներառում բարձրալեռ շրջաններում ծրագրերի համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից հատկացված միջոցները: Պետք է նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն համարվում է դեֆիցիտային: Դեֆիցիտային բյուջեն դա այնպիսի իրավիճակ է, երբ մունիցիպալիտետի ծախսերը գերազանցում են նրա եկամուտները։



