նորություններ 21 Նոյեմբերի, 2025 • Ախալքալաքի  Սակրեբուլոն քննարկեց 2026 թվականի ենթակառուցվածքային նախագծերը և գույքի փոխանցման հարցերը

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Ախալքալաքի Սակրեբուլոն քննարկեց 2026 թվականին կառուցվելիք 35 ենթակառուցվածքային նախագծերի ցանկը, ինչպես նաև մունիցիպալ ունեցվածքի մի քանի օբյեկտների պետությանը փոխանցման հարցը։ Նիստի ընթացքում պատգամավորները անդրադարձան նաև քաղաքապետարանի կողմից ենթակառուցվածքների զարգացման համապարփակ ծրագրի բացակայության հարցին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման, պլանավորման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը և Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանը պատգամավորներին ներկայացրեցին 2026 թվականին նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքները: Ցանկում ներառված էր 35 նախագիծ, դրանցից մի քանիսը սկսվել են 2025 թվականին և կշարունակվեն, մյուսները նախատեսված էին այս տարի, բայց այդպես էլ չեն մեկնարկել, կան նաև նոր նախագծեր:

Ցանկը, մասնավորապես, ներառում է.

• Կիրովական, Տուրցխ, Օլավերդ, Գոման, Բալխո, Բուղաշեն և Բարալեթ գյուղերի ճանապարհների վերանորոգում,

• Դիլիսկա, Թոթխամ և Կորխ գյուղերի ջրատարների և ջրամբարների վերականգնում, ինչպես նաև նախկին թիվ 1 զինվորական ավանի կոյուղու համակարգի վերականգնում,

• Խոսպիո, Արագվա և Կարծախ գյուղերում փողոցային լուսավորության տեղադրում,

• Սիրկվա, Աբուլ, Կարծախ, Լոմատուրցխ, Հոկամ, Քարծեփ և Վարևան գյուղերի ծիսակատարությունների տների վերանորոգում,

• Գեղարվեստի դպրոցի և չորս բազմահարկ բնակելի շենքերի տանիքների վերանորոգում,

• Դարբինյան փողոցի մի հատվածում զբոսայգու կառուցում, Շոթա Ռուսթավելիի պուրակի բարեկարգում, Ախալքալաքի կենտրոնական այգում սրճարան-բարի կառուցում,

• Այլ ենթակառուցվածքային աշխատանքներ:

Մնացական Փամբուխչյանի խոսքով, շուտով կհայտարարվի նոր նախագծերի նախագծային-նախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթ։

Սակայն քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքապետարանը չունի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների զարգացման համապարփակ ծրագիր։ Պատգամավորներն առաջարկեցին կրկին վերադառնալ այս հարցին և մշակել այն։

Քննարկվող թեմաներից մեկը հասարակական տրանսպորտի սպասարկման հարցն էր։

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչու բյուջեի նախագծում միջոցներ չեն հատկացվել ավտոբուսների սպասարկման համար, հաշվի առնելով, որ նախապես հայտնի էր, որ ավտոբուսները շուտով գալու են, որպեսզի հասարակական տրանսպորտն, արդեն հունվարից, կարողանար գործել։

«Մենք դեկտեմբերին կարող ենք լուծել այս հարցը և ներկայացնել պատգամավորների հաստատմանը։ Քանի որ սա բյուջեի վերջնական տարբերակը չէ, նրանում դեռ կկատարվեն փոփոխություններ։ Մենք կարող ենք ներառել այս ծախսերը։ Մենք նախատեսում ենք 17 000 լարի հատկացնել սպասարկման համար», — բացատրեց Մնացական Փամբուխչյանը։

Դիլիսկայից պատգամավոր Գարիկ Գաբրիելյանը հարցրեց Դիլիսկայում լուսավորության տեղադրման մասին։ Նրա խոսքով, աշխատանքները, կարծես, ավարտված են, բայց ցանցին միացված չէ, ու աշխատանքի որակը կասկածներ է առաջացնում։

Արա Մովսեսյանը պատասխանեց, որ հանձնաժողովը դեռ չի ընդունել նախագիծը, և որ ինքը կուսումնասիրի այս հարցը։ Նա նաև խորհուրդ տվեց, որ նման դեպքերում դիմեն քաղաքապետարանի պետական վերահսկողության ծառայություն։

Պատգամավորները քննարկեցին նաև տարբեր ենթակառուցվածքային նախագծեր և գյուղերի ու քաղաքի խնդիրները։

Տարածա-տերիտորիալ պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովը (նախագահ՝ Գենադի Էլիզբարյան) և Մունիցիպալ գույքի, բնական պաշարների և գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը (նախագահ՝ Գրիգոր Կարագեբակյան) քննարկեցին Օրջա և Արագվա գյուղերի պոմպակայանները պետությանը փոխանցելու հարցը՝ Միավորված մելիորացիայի Սամցխե-Ջավախեթիի սպասարկման կենտրոնի կողմից հետագա սպասարկման համար, քանի որ դրանց սպասրկումը տեղական բյուջեի հաշվին չափազանց թանկ է կնստի, համեմատած Միավորմած մելիորացիայի հնարավորությունների հետ։

Քննարկվեց նաև Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտը մեկ տարի ժամկետով, վերականգնման նպատակով, ժամանակավոր օգտագործման համար, Մունիցիպալ զարգացման հիմնադրամին փոխանցելու հարցը՝ որպեսզի իրավունք ունենան այնտեղ շինարարական աշխատանքներ իրականացնել։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստը, որի ընթացքում քննարկվեցին այս և այլ հարցեր։ Բոլոր հարցերը բյուրոն ընդունեց և ուղարկեց ընդհանուր Ժողովի նիստ, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝