Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ախալքալաքում տեղի է ունեցել Ջավախքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը՝ Վրաստանում և Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդի և Վրաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Ուեբբի հետ։
Հանդիպմանը ներկա էին Նինոծմինդայի և Ախալքալաքի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, բլոգերներ և իրավաբաններ: Հանդիպումը տեղի ունեցավ Վրաստանի ՄԻՊ Ախալքալաքի գրասենյակում։
Քննարկումները կենտրոնացած էին քաղաքացիական ինտեգրման, երիտասարդության հասարակական կյանքին մասնակցության, ինչպես նաև տարածաշրջանի տեղական համայնքների համար առկա մարտահրավերների և հնարավորությունների վրա: Դեսպան Հովլանդը նշեց, որ սա իր առաջին այցն է Ախալքալաք՝ Նորվեգիայի դեսպանի պաշտոնում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրին վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց առջև ծառացած մարտահրավերները, կիսվեցին իրենց աշխատանքի արդյունքներով և քննարկեցին բազմաթիվ այլ թեմաներ:



