նորություններ 20 Նոյեմբերի, 2025 • Քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը. Ախալքալաքի բյուջեն  4 միլիոն լարիով աճել է

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն սկսեց 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեն ավելացել է 4 միլիոն լարիով՝ հասնելով 33 332 500 լարիի։

Պրոֆիլային հանձնաժողովները սկսել են քննարկել իրենց համապատասխան ոլորտների եկամուտներն ու ծախսերը։ Նոյեմբերի 19-ին բյուջեի նախագիծը քննարկեց ֆինանսների և բյուջեի հանձնաժողովը, Մանդատի, ընթացակարգերի, իրավական հարցերի և էթիկայի հանձնաժողովը, ինչպես նաև Սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը։

Բյուջեի նախագիծը ներկայացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Կարեն Մերգելյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեն ավելացել է 4 միլիոն լարիով՝ հասնելով 33,332,500 լարիի։ Մերգելյանը պատգամավորներին ներկայացրեց եկամուտների կառուցվածքը և բացատրեց բյուջեի աղբյուրները։ Բյուջեի նախագծի գումարը չի ներառում Տարածաշրջանային հիմնադրամից և «Օգնություն գյուղին» ծրագրից ստացված գումարները։

Մերգելյանի ներկայացրած տվյալների համաձայն, աճել են խաղատներից և ԱԱՀ-ից ստացված եկամուտները, ինչը նպաստել է բյուջեի աճին։ Պատգամավորները մանրամասն քննարկեցին Սպասարկման կենտրոնի աղբահանությունից ստացված եկամուտները և տեսուչներին հաստիքում պահելու նպատակահարմարությունը։

Քննարկվեցին նաև մի քանի ոլորտներում կատարված ծախսերը, այդ թվում՝

  • «Տաո» ակումբին 70 000 լարիի հատկացումը,
  • Տարբեր լրատվամիջոցների  65 900 լարի ֆինանսավորումը։

Պատգամավորները հետաքրքրվեցին տուգանքների բաշխմամբ և տեղական բյուջեին տրվող մասնաբաժնով, ԱԱՀ-ի հաշվարկման եղանակով, պահուստային ֆոնդի չափերով և դպրոցականների տրանսպորտավորման ծախսերով։

Մանդատի և Սոցիալական հարցերի հանձնաժողովները քննարկեց իրենց համապատասխան ոլորտներում կատարված ծախսերը։ Պատգամավորները նշեցին, որ 2026 թվականի բյուջեի նախագծում զբոսաշրջության զարգացման համար միջոցներ չեն հատկացված և դժգոհություն հայտնեցին քաղաքապետարանի համապատասխան ծառայությանը իրենց թերի կատարած աշխատանքի համար։

Պատգամավորները նաև նշեցին գյուղերում և քաղաքում մունիցիպալ սեփականության, այդ թվում՝ խաղահրապարակների, մարզադաշտերի, մարզասարքերի, պուրակների և այլ կառույցների վերահսկման համար նոր հաստիքներ բացելու անհրաժեշտությունը։

Քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական օգնության բաժնի ղեկավար Անահիտ Յորդանյանը ներկայացրեց սոցիալական աջակցության բաժնում կատարված փոփոխությունները։ Նա ասաց, որ քաղաքապետարանի սոցիալական փաթեթի շրջանակներում նորածինների համար նախատեսված միանվագ վճարը հաջորդ տարի կբարձրանա։

Բացի այդ, նշվեց, որ այս տարի ամբողջ Վրաստանում մեկնարկած «Անձնական օգնականի ծառայություն» պետական ​​նոր ծրագիրը Ախալքալաքի մունիցիպալիտետում դեռևս չի գործում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝