Ներքին մունիցիպալ տրանսպորտի գծերի փորձնական շահագործման համար գնված ավտոբուսներն այսօր՝ նոյեմբերի 19-ին, մոտավորապես ժամը 14:30-ին ժամանել են Ախալքալաք և այժմ կայանված են քաղաքի կենտրոնում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման և գույքի կառավարման վարչության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով՝ քաղաքապետարանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի հետ համատեղ, կորոշի, թե ո՞ր ուղղությամբ պետք է երթևեկեն երկու ավտոբուսները։ Կորոշվեն նաև սպասարկման, կայանատեղիի, գների և այլ արդիական հարցեր։
Հիշեցնենք, որ ավտոբուսների գնումն իրականացվել է մրցույթի պայմաններին համապատասխան։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը երկու ուղևորատար ավտոբուսների ձեռքբերման մրցույթը հայտարարել էր ապրիլի 17-ին։ Գնման բյուջեն կազմում էր 424 178 լարի։ Նոր ավտոբուսները կօգտագործվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում ուղևորների տեղափոխման համար։
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվել են ապրիլի 28-ին։ Մրցույթը հաղթել է Թբիլիսիի «Սենա Ավտո» ՍՊԸ-ն՝ 398 000 լարիի չափով։ Ընկերությունը նաև մասնակցել է այլ պետական մրցույթների հետևյալ ոլորտներում՝ նավթ, ածուխ և նավթամթերք, տրանսպորտային միջոցներ, տրանսպորտային միջոցների և դրանց շարժիչների պահեստամասեր և պարագաներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ և մոտոսայլակներ, բեռնամբարձման և բեռնաթափման սարքավորումներ և դրանց պահեստամասեր, ինչպես նաև տրանսպորտային միջոցների և դրանց հետ կապված սարքավորումների նորոգում, սպասարկում և դրանց հետ կապված ծառայություններ։
Ըստ մրցութային փաստաթղթերի, ավտոբուսները պետք է լինեն նոր, ավտոմատ դռներով, 33 ուղևորի նստատեղով, մոնիտորով, օդորակիչով, հրդեհամարման համակարգով և այլ անհրաժեշտ բնութագրերով, ուղևորափոխադրման միջազգային չափանիշներին համապատասխան։ Ավտոբուսները պետք է մատակարարվեն պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան 180 օրացուցային օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 17-ին «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի կողմից Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո էր ներկայացվել խնդրագիր։ Նրանում խոսվում էր մունիցիպալիտետի քաղաքներում և գյուղերում, օրինակ՝ Ախալցիխեում մունիցիպալ տրանսպորտային ցանց ստեղծելու անհրաժեշտության մասին։
Տեղական իշխանությունները խոստացել էին 2024 թվականի բյուջեում հասարակական տրանսպորտի գնման համար միջոցներ ներառել, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով գնումը ստիպված էին եղել հետաձգել։ Այս տարի մունիցիպալիտետը գտել է միջոցներ, ու ավտոբուսների գնման մրցույթն արդեն հայտարարված է։ Խնդրագրի շուրջ տեղի ունեցած քննարկումների համաձայն, տեղական իշխանությունները մտադիր են մունիցիպալիտետում գործարկել հասարակական տրանսպորտի փորձնական գիծ, ու եթե այն իրեն արդարացնի, ապա մունիցիպալիտետը հետագայում կընդլայնի հասարակական տրանսպորտի ցանցը, իսկ եթե չարդարացնի, ավտոբուսները կօգտագործվեն մունիցիպալիտետի այլ կարիքների համար։






