Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը, այդ թվում՝ Ախալքալաքի մասնաճյուղը, նոյեմբերի 1-ից ժամանակավորապես դադարեցրել է վրաց լեզվի դասընթացները։ Փակման պատճառը նոր օրենքն է, որը սահմանափակում է պետական ծառայողներին զբաղեցնել մեկից ավելի վճարովի պաշտոն։ Որոշ դասընթացներ արդեն վերսկսվել են, իսկ մյուսները նախատեսվում է վերսկսել այս շաբաթ։
2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի փոփոխություններն արգելում են պետական ծառայողներին զբաղեցնել մեկից ավելի վճարովի պաշտոն (որոշակի բացառություններով): Որոշակի ոլորտների, այդ թվում մանկավարժական ոլորտի աշխատակիցները կարող են կատարել այլ վճարովի աշխատանք, զբաղեցնել գիտական պաշտոններ կամ ստանալ լրացուցիչ արտոնություններ միայն իրենց ղեկավարի կամ լիազոր ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
Ժվանիայի անվան դպրոցի Ախալքալաքի մասնաճյուղում աշխատում է 16 ուսուցիչ, որոնց մեծ մասը նաև աշխատում է հանրակրթական դպրոցներում, իսկ մի քանիսը դպրոցների տնօրեններ են։ Այժմ նրանք պարտավոր են ներկայացնել հանրային դպրոցի ղեկավարության թույլտվությունը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև Ժվանիայի անվան դպրոցի ղեկավարության համաձայնությունը՝ պայմանով, որ նրանց աշխատանքային գրաֆիկները չհամընկնեն։
Ուսուցիչները համաձայնությունը պետք է ստանան դպրոցի տնօրենից, իսկ տնօրենները՝ Կրթության նախարարությունից։ Ուսուցիչների տան աշխատակից հանդիսացող խորհրդատու-ուսուցիչները նույնպես համաձայնությունը ստանալու են նախարարությունից։
Մեր տեղեկություններով, որոշ ուսուցիչներ արդեն ներկայացրել են անհրաժեշտ փաստաթուղթը և վերսկսել աշխատանքը։ Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն ստուգում է ներկայացված փաստաթղթերը, և միայն դրանից հետո ուսուցիչները կարող են սկսել դասավանդումը։
Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի ծրագրերի ղեկավար Մակա Օմիաձեն Jnews-ին ասաց է, որ լեզվի դասընթացները ժամանակավորապես դադարեցվել են տեխնիկական պատճառներով.
«Մենք չենք փակվել, պարզապես ժամանակավորապես գործունեությունը դադարեցրել ենք։ Ուսուցիչներն աստիճանաբար տրամադրում են անհրաժեշտ համաձայնության փաստաթղթերը։ Սա զուտ տեխնիկական հարց է։ Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն ստուգում է բոլոր նյութերը։ Մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ գործունեությունը լիովին կվերսկսվի», — ասաց նա։
Պետական լեզվի ուսուցման դպրոցի Ախալքալաքի մասնաճյուղում սովորում է ավելի քան 20 խումբ՝ 16 և ավելի տարիքի։
Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը գործում է 2014 թվականից և ստեղծվել է Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պետական լեզուն սովորեցնելու նպատակով։ Ծրագիրն իրականացվում է Լեզվական իմացության ընդհանուր եվրոպական ստանդարտներին համաձայն և ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։


