նորություններ 18 Նոյեմբերի, 2025 • Թբիլիսիում քանդակագործ Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակ է բացվել

Նոյեմբերի 18-ին, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի Քաղաքային խորհրդի և քաղաքապետարանի թույլտվությամբ, Թբիլիսիի Պուշկինի 13 հասցեում կայացավ հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Թբիլիսիում՝ 1899թ․ ծնված անվանի արվեստագետն այս տանն ապրել է մինչև 1922 թվականը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Երվանդ Քոչարը, Վրաստանում ծնունդ առած մյուս մեծանունների նման երկու՝ հայ ու վրաց ժողովուրդների հարուստ մշակույթների կրող է և հուշատախտակի տեղադրումը ոչ միայն հարգանքի արտահայտություն է, այլև հայ-վրացական դարերով փաստված բարեկամության, պատմական խորը կապերի ևս մեկ խոսուն վկայություն։

Աշոտ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյին և քաղաքապետարանին՝ Երևանի Երվանդ Քոչարի թանգարանի և Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությանը մեծապես աջակցելու համար։ Փոխնախարար Ա․ Քոչարյանը շնորհավորելով ներկաներին կարևորել է երկու պետությունների միջև միջմշակութային կապերի զարգացումն ու խորացումը։

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Երևանի Երվանդ Քոչարի ժառանգները և թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Թբիլիսիի սակրեբուլոյի ներկայացուցիչներ, հայ ու վրացի մտավորականներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝