Նորընտիր սակրեբուլոյի առաջին նիստի ժամանակ՝ հոկտեմբերի 30-ին, Ռուբեն Պալյանն ընտրվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ։ Jnews-ը նրա հետ զրուցել է առաջիկա աշխատանքի և նոր պաշտոնում կատարելիք ծրագրերի մասին։
2007-2012 թվականներին Ռուբեն Պալյանը զբաղեցրել է Վրաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական ռեգիստրի գործակալության Ախալքալաքի ծառայության ղեկավարի պաշտոնը։
2012-2020 թվականներին նա եղել է Հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի քաղաքացիական ռեգիստրի ծառայության ղեկավարը։
2020-2025 թվականներին Հանրային ծառայությունների զարգացման գործակալության Սամցխե-Ջավախեթիի քաղաքացիական ռեգիստրի ծառայությունում աշխատել է որպես գլխավոր մասնագետ։
2020-2024 թվականներին եղել է Ախալքալաքի Սակրեբուլոյի և իրավաբանական հանձնաժողովի անդամ։ Կրթությամբ իրավաբան է։
— Դուք չորս տարի Սակրեբուլոյի պատգամավոր եք եղել, ուստի ներսից գիտեք խնդիրները։ Ինչ կցանկանայիք փոխել։
— Ես նոր մարդ չեմ Սակրեբուլոյում, ունեմ չորս տարվա աշխատանքային փորձ, գումարած աշխատանքային փորձս պետական մարմիններում։ 2020 թվականից աշխատել եմ ներքին գործերի համակարգում, փաստաբանական ընկերություններում և Քաղաքացիական ռեգիստրում։ Մշտապես գործ եմ ունեցել փաստաթղթերի հետ։ Սակրեբուլոյում աշխատելը հետաքրքիր էր. ես իմ հիմնական աշխատանքը համատեղել եմ խորհրդարանական պարտականությունների հետ, եղել եմ իրավաբանական հանձնաժողովի անդամ, մասնակցել եմ շրջանի բյուջեի ձևավորմանը և զբաղվել եմ իրավական հարցերով։
Սակայն, այսօր այլ պատասխանատվություն է։ Սակրեբուլոյի աշխատանքի ղեկավարումն ինձ համար նորություն է։ Իմ նպատակն է չորս տարվա ընթացքում ապացուցել մեր ընտրողներին, որ նրանք ճիշտ ընտրություն են կատարել։ Մենք պետք է ժողովրդի կողքին լինենք, ոչ որպես ղեկավար, այլ պիտի իրենց ծառայենք, զբաղվենք նրանց հոգսերով։ Քաղաքական իմաստով մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ ընտրություններին։
Ավելին, ուզում եմ ընդգծել, որ ես մտադիր եմ զարգացնել և շատացնել արդեն իսկ գոյություն ունեցող դրականը։ Ես եկել եմ ոչ թե փոխելու, այլ արդեն իսկ առկա դրականը լրացնելու համար։ Ես ավելի շատ կհանդիպեմ ժաղավրդի հետ, որպեսզի նրանք տեղյակ լինեն Սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատանքի, ծրագրերի մասին և որպեսզի իրենք էլ մասնակից լինեն պլանավորմանը։
— Որն եք համարում մունիցիպալիտետի ամենահրատապ խնդիրը։
— Մունիցիպալիտետն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, գյուղերում խոշոր ենթակառուցվածքային նախագծերն ավարտված են կամ ընթացքի մեջ են։ Մենք կաջակցենք նոր ծրագրերի զարգացմանը, մասնավորապես՝ գազիֆիկացմանը, և կօգնենք կազմակերպություններին, որոնք զբաղվում են դրանով։
Ավարտին է մոտենում գյուղեր տանող ճանապարհների ասֆալտապատումը, որից հետո կանցնենք միջգյուղյան ճանապարհներին։ Հաջորդը մշակութային կենտրոնների և մշակույթի տների վերականգնումն է, որոշ գյուղերում դրանց վիճակը անբավարար է։
Մենք պետք է ուշադրություն դարձնենք ոռոգման համակարգին, որպեսզի գյուղացիների գյուղատնտեսական արտադրանքը ցածր ինքնարժեք ունենա, մեր արտադրանքը մրցունակ լինի շուկայում։
— Ինչպես եք գնահատում Վրաստանում ապակենտրոնացման մակարդակը։
— Վրաստանում ստեղծված են տեղական ինքնակառավարման մարմինների անկախ աշխատանքի բոլոր պայմանները։ Մունիցիպալիտետների գործառույթները հստակ սահմանված են օրենքով։ Մենք սահմանափակված չենք տեղական հարցերը լուծելու հարցում և գործում ենք մեր իրավունքների սահմաններում։ Այս շրջանակներում մենք բացարձակապես ազատ ենք։
— Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի այս գումարման մեջ ընդդիմադիր պատգամավորներ չկան։ Որքանով արդյունավետ կլինի աշխատանքն առանց նրանց։
— Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր որոշում մանրակրկիտ ուսումնասիրվի և հիմնավորվի։ Ես չեմ կարծում, որ ընդդիմության բացակայությունը բացասաբար կանդրադառնա սակրեբուլոյի աշխատանքի վրա։
Այն, որ մենք բոլորս նույն թիմից ենք, չի նշանակում, որ չպետք է նկատենք և չուղղենք միմյանց սխալները։
Հարցազրույցի ավարտին Ռուբեն Պալյանը նշեց, որ իրենք շարունակելու են համագործակցությունը տեղական ԶԼՄ-ների հետ, հետաքրքրված են նրա զարգացմամբ և ձգտելու են այն ավելի արդյունավետ դարձնել: Նա ընդգծեց, որ Սակրեբուլոն բաց է հանրության համար, բնակիչները ամեն ինչի մասին կտեղեկացվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պաշտոնական կայքի և Facebook էջի միջոցով:



