Հասարակական անվտանգության և իրավակարգի ավելի արդյունավետ պահպանման ու հանցագործության կանխարգելման նպատակով, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխություններ՝ ձայնային (ակուստիկ) զենքերի, էլեկտրաշոկային և գազային աերոզոլային սարքերի շրջանառության կարգավորման վերաբերյալ։
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ, փաստաթուղթն արդեն ներկայացվել է օրենսդիր մարմնին։
Մշակված փոփոխությունների համաձայն՝ ձայնային (ակուստիկ) զենքը, որը կառուցվածքային առումով նախատեսված է բացառապես ձայնային (սուտ) փամփուշտների համար և օգտագործվում է թատերական ներկայացումներում, կինոցուցադրություններում, հեռուստահաղորդումներում, պատմական վերականգնումներում, շքերթներում ու մարզական միջոցառումներում, Վրաստան ներկրելը կպահանջի համապատասխան թույլտվություն։
«Քաղաքացին ձայնային (ակուստիկ) զենք կարող է ձեռք բերել միայն ՆԳՆ տարածքային մարմնի նախնական գրավոր համաձայնության (տեղեկանքի) հիման վրա։ Միևնույն ժամանակ, ուժի մեջ են մնում գործող նորմերը, ըստ որոնց՝ ձայնային (ակուստիկ) զենքի տեղափոխումը կամ առաքումը թույլատրվում է միայն ոստիկանության կողմից տրված համաձայնությամբ։ Բացի այդ, ոստիկանությանը վերապահվում է իրավասություն սահմանել ձայնային զենքի ձեռքբերման սահմանափակումներ՝ ինչպես քանակի, այնպես էլ ձեռքբերման պարբերականության տեսանկյունից։ Գազային աերոզոլային սարքի (պղպեղային սփրեյ) ներկրումը ևս կպահանջի թույլտվություն։ Դրա ձեռքբերումը հնարավոր կլինի միայն 18 տարեկանից բարձր անձանց համար՝ ՆԳՆ տարածքային մարմնի գրավոր համաձայնությամբ։ Բացի դրանից՝ էլեկտրաշոկային սարքի շրջանառությունը կարգելվի։ Այն միայն վարչական մարմիններն ու մասնավոր պահպանության կազմակերպությունները կկարողանան ներկրել և օգտագործել՝ իրենց լիազորությունները կատարելու նպատակով», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։



