Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությամբ՝ 2026 թվականի մարտի 2-ից Հակակոռուպցիոն բյուրոն կլուծարվի։
Ինչպես Պապուաշվիլին է նշել խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում, հակակոռուպցիոն բյուրոյի լիազորություններն ամբողջությամբ կփոխանցվեն պետական աուդիտի ծառայությանը։
«Երկրորդ բլոկը վերաբերում է այն ինստիտուցիոնալ մոդելների վերանայմանն ու համախմբմանը, որոնք տարիների ընթացքում գոյություն ունեին հատվածական կամ դրսից պարտադրված մոդելների ձևով։ Մեր նպատակն է կառավարման համակարգի սահմանադրական շրջանակի ամրապնդումն ու պետական ռեսուրսների օպտիմալացումը։
Կոռուպցիայի դեմ պայքարը իշխանության ամենակարևոր առաջնահերթություններից է։ Վերջին շրջանում այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Գործընթացին մասնակցում են կառավարության վարչական արդյունավետության դեպարտամենտը, պետական աուդիտի ծառայությունը, պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը և դատախազությունը։
Այս առումով հակակոռուպցիոն բյուրոն ներկայումս հիմնականում պատասխանատու է պաշտոնատար անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հայտարարագրերի հավաքագրման ու մոնիթորինգի համար։ Կառավարության հետ խորհրդակցությունների արդյունքում ձևավորվել է ընդհանուր տեսլական, որ այս գործառույթը պետական կառավարման սահմանադրական շրջանակում ավելի համարժեք է պետական աուդիտի ծառայությանը՝ որպես ավելի բարձր և անկախ սահմանադրական մարմնի։ Այս նախաձեռնության համաձայն՝ 2026 թվականի մարտի 2-ից հակակոռուպցիոն բյուրոն կլուծարվի, իսկ նրա լիազորություններն ամբողջությամբ կփոխանցվեն պետական աուդիտի ծառայությանը», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։



