Չնայած, նրան որ, Ախալքալաքի թիվ 5 դպրոցի տարածքում կառուցված նոր մանկապարտեզի շենքը շահագործման է հանձնվել սեպտեմբերի 12-ին, նրա դռները դեռևս փակ են։ Պատճառը կահույքի առաքման ուշացումն է, որը պետք է տրամադրվի Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։ Մինչ հաստատությունը սպասում է խոստացված կահույքին, տասնյակ ծնողներ Ախալքալաքում շարունակում են բախվել մանկապարտեզների բացակայության խնդրին, քանի որ քաղաքի երեք մանկապարտեզներն անցյալ տարի փակվել են վերանորոգման/շինարարության պատճառով։
Թիվ 5 (նախկինում՝ գիշերօթիկ դպրոց) դպրոցի տարածքում նոր մանկապարտեզը շահագործման է հանձնվել սեպտեմբերի 12-ին և այժմ անհամբեր սպասում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) կողմից խոստացված կահույքին, որպեսզի բացվի: Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումը ՄԶՀ-ի հետ ուղիղ կապ չունի, նրանք կապը պահպանում են Սամցխե-Ջավախեթիի նահանգապետարանի միջոցով։
Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից այս տարվա սեպտեմբերի 12-ին նոր մանկապարտեզի շենքի պաշտոնապես ընդունումից հետո, Ախալքալաքի մայրերը հույս ունեին, որ քաղաքում մանկապարտեզների բացակայության հետ կապված լարված իրավիճակը կմեղմանա, և նախադպրոցական կրթությունից զրկված տասնյակ երեխաներ կկարողանան հաճախել մանկապարտեզ: Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը հայտարարել էր, որ կբացվի, հենց որ ՄԶՀ-ն տրամադրի խոստացված կահույքը: Բոլորը մտածում էին, որ դա կտևի մեկ կամ երկու շաբաթ, սակայն կահույքը դեռևս չի ստացվել, և մանկապարտեզը չի բացվել:
Ախալքալաքի մանկապարտեզների միավորումից Jnews-ին ասացին, որ իրենք անմիջական կապ չունեն MDF-ի հետ և որ կապը պահպանում են Սամցխե-Ջավախեթիի նահանգապետարանի միջոցով։
«Մենք երկու-երեք օր առաջ ստացանք ևս մեկ հանձնարարական՝ մանկապարտեզի համար անհրաժեշտ կահույքը ավելացնելու համար։ Մենք նույնպես սպասում ենք, ես չգիտեմ՝ ինչ ասեմ, նրանք անընդհատ մեզ ասում են. «լրացրեք, որ ուղարկենք»։ Նրանք մեզ հետ անմիջապես կապ չեն հաստատում, այլ նահանգապետարանի միջոցով։ MDF-ը չի հրաժարվում, եթե մերժեր ինքներս հնարավորինս կլուծեինք հարցը, գնման մրցույթ կհայտարարեինք։ Հին կահույքը տվել ենք գյուղական մանկապարտեզներին», — բացատրում է Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։
Միավորման տնօրենը հավելում է, որ ինքը կնդառաջի կարիքավոր մայրերին՝ կնդունի նրանց երեխաներին և կուղարկի գյուղական մանկապարտեզներ։
Պարզաբանումներ ստանալու համար Jnews-ը համար կապ հաստատեց Սամցխե-Ջավախեթիի նահանգապետարանի հետ։
Տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության պետ Մարինա Գաչեչիլաձեն ասաց, որ նրանք տեղյակ են Ախալքալաքի մանկապարտեզների ծանր իրավիճակի մասին, մտահոգված են, չէին սպասում նման ընթացքի և ներողություն են հայցում։
«Մենք արդեն պահանջով գրություն ենք ուղարկել նախարարություն ու ուղարկել ենք մեզ անհրաժեշտ գույքը։ Հենց որ գույքն ունենանք, անմիջապես կբացենք։ Ակնկալում ենք բացել մինչև Նոր տարի։ Միջոցներ կան, նախարարության պատրաստակամությունը ևս կա։ Երեկ մենք նորից ուղարկեցինք գույքի ցուցակը։ Գիտենք, որ ձեր մոտ խնդիրը լուրջ է։ Իմ անձնական ներողությունը Նահանգապետարանից, քաղաքապետարանից, քանի որ դա մեր մեղքը չէր, կառուցում է MDF-ը, և մենք նրանց վերահսկելու ուղիղ պատասխանատվություն չունենք », — բացատրում է Մարինա Գաչեչիլաձեն։
Նրա խոսքով, նա ցանկացել է, որ Ախալքալաքում լինեն չափանիշներին համապատասխանող մանկապարտեզներ։
«Մենք գիտենք, որ երեք մանկապարտեզն էլ փոքրիշատե մոտավորապես նորմալ էին, բայց ուզում էինք, որ դրանք համապատասխանեն չափանիշներին։ Ես հազիվ կարողացա մանկապարտեզների վերանորոգումը ներառել ծրագրում, բայց, ցավոք, խնդիր առաջացավ։ Դուք շատ երեխաներ ունեք, և ես ուզում էի, որ Ախալքալաքում վերանորոգումներ կատարվեն։ Ոչ մի այլ տեղ վերանորոգումը մեկ տարուց ավելի չի տևել, բայց մեզ մոտ այսպիսի իրավիճակ ստեղծվեց, որը մեզնից կախված չէր։ Ես շատ անհանգստացած եմ, բայց կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի», — ավելացնում է Տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության պետ Մարինա Գաչեչիլաձեն։
Ախալքալաքի մանկապարտեզներն արդեն երկու տարի է փակ են, ինչի պատճառով երեխաները մնում են առանց նախադպրոցական կրթության: Ծնողները դեռ հույս ունեն, որ խոստումները կկատարվեն, և իրենց երեխաները վերջապես կկարողանան հաճախել ժամանակակից և հարմարավետ նախադպրոցական հաստատություն:
Մանկապարտեզի նոր շենքը շահագործման է հանձնվել, սակայն հայտնի չէ, թե երբ կսկսի այն գործել



