Այսօր թե՛ աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր տարածաշրջանում նկատվում է ինչպես ամուսնալուծությունների, այնպես էլ ավելի ուշ ամուսնանալու միտում։ Չնայած այս երևույթներն ունեն բազմաշերտ սոցիալական ու տնտեսական պատճառներ, սակայն այս նյութում մենք հարցը դիտարկում ենք բացառապես քրիստոնեական ընկալումների շրջանակներում։
Պաշտոնական վիճակագրությունը ևս ցույց է տալիս ամուսնությունների նվազումը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանում գրանցվել է 21 653 ամուսնություն, ինչը 2.8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար կազմում է 29.9 տարեկանը, իսկ տղամարդկանց համար՝ 32.2 տարեկանը։ Սաքստատի տեղեկացմամբ՝ 2024 թվականին գրանցված ամուսնալուծությունների քանակը կազմել է 13 520, ինչը 1.1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։
Jnews-ը զրուցել է Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ։ Նա ներկայացնում է եկեղեցու դիտարկումները՝ սիրո, պատասխանատվության և ամուր ընտանիքի հիմնելու մասին։
«Հիմա հաշվենկատությունը շատ է, մարդիկ հաշվարկ են անում։ Ցավոք սրտի, մեր կյանք մտել է հարաբերությունը առևտրականի հոգեբանությամբ։ Այսօր հատկապես աղջիկները մտածում են ավարտած, շատ փող ունեցող տղայի հետ կառուցեն ընտանիք, որպեսզի ամբողջ կյանքում ապահովված լինեն։ Ընտանիք կազմվում է, երբ զույգը սիրում է, դժվարություններից չի վախենում։ Իսկ հիմա ուզում են առանց դժվարության ամեն ինչ ունենան՝ դա է հաշվենկատությունը։ Ընտանիքի հիմքը փոխվել է․ մարդիկ այսօր փնտրում են շահ ու օգուտ առևտրականի հոգեբանությամբ, և այդ փնտրտուքը երկար է տևում», — ասում է Տեր Արմաշ քահանա Պողոսյանը։
Քահանայի դիտարկմամբ՝ երբ ընտանիք կազմելու շարժառիթը սերն ու պատասխանատվությունը չէ, ապա ընտանիքի հիմքը թույլ է։ Այդպիսի հարաբերությունները չեն դիմանում առաջին իսկ դժվարություններին՝ բացակայում է համբերությունը, խնամքը, փոխադարձ զիջումները և այսպես շարունակ։
«Այսօր բաժանումները շատ են, որովհետև հիմքն ամուր չէ, իրենց տունը ավազի վրա են կառուցում, ոչ թե՝ ժայռի։ Զույգը միասին դժվարություն անցնելուց հետո է ամուր ընտանիք դառնում», — նշում է հոգևորականը։
Նրա խոսքով՝ ուշ ամուսնանալու գլխավոր պատճառներից մեկը հենց պատասխանատվությունից խուսափելն է։
«Ուշ են ամուսնանում, որովհետև խուսափում են պատասխանատվությունից, ուզում են հեշտ ապրել։ Երիտասարդները չպետք է վախենան պատասխանատվությունից։ Ընտանիքը ինքը պատասխանատվություն է։ Տղան դուրս է գալիս իր տղայական վիճակից և կանգնում է ընտանիքի գլուխ, աղջիկն էլ իր երեխայական վիճակից դուրս է գալիս կանգնում է տղամարդու կողքին՝ իրենց ընտանիքի գլուխը։ Եվ իրենք միասին են պատասխանատվություն կրում», — ասում է Տեր Արմաշ քահանան։
Վերջինս անդրադառնում է նաև արժեքների փոփոխությանը։
«Այն ժամանակ կնոջ մոտենալու ամենամոտ միջոցն ամուսնանալն էր, իսկ հիմա այդ հարցը, ցավոք, շատ հեշտ է լուծվում։ Մարդը դարձել է էգոիստ՝ ես ինձ համար: Մարդն ինքն իրեն է սիրում։ Սիրող մարդը, եթե հավատք ունի, կփորձի ապրել այնպես, որ Աստծուն հաճելի լինի, շնորհին արժանանա։ Իսկ հիմա մարդիկ անում են միայն այն, ինչ հաճելի է, ինչ շոշափելի է։ Մարդն իր ապրելակերպով ինքն իրեն հեռացնում է Աստծուց։ Մարդու սերը՝ ես ուզում եմ, իսկ Աստվածային սերը բխում է՝ տալիս է։ Մեր աղոթքներն էլ հաճախ միայն խնդրանք են՝ «տուր երջանկություն, տուր հաջողություն», բայց աղոթքը պետք է մոտեցնի Աստծուն։ Հաշտության ճանապարհն աղոթքն է», — ասում է Տեր հայրը։
Զարգացած երկրներում ուշ ամուսնանալու միտումը հաճախ ներկայացվում է դրական կողմերով՝ ավելի լավ կրթություն, կայուն աշխատանք, կարիերա և ավելի հասուն մոտեցում ընտանեկան կյանքին, ինչը որոշ ուսումնասիրություններով կարող է նվազեցնել ամուսնալուծության ռիսկը։
Սակայն դրան զուգահեռ կան նաև բացասական հետևանքներ․
«Մեծ տարիքում ամուսնանալու հետևանքը քիչ երեխա ունենալն է, ինչը նաև ազգին եւ պետությանն է վնաս։ Մոդայիկ դարձել է՝ մի կյանք ենք ապրում, լավ ապրենք։ Տարբերություն կա ազատության և լպիրշության միջև։ Եթե չեն ուզում իրենց նեղություն տան, սպասում են, որ հարմար, հեշտ ու հաճելի լինի։ Սա վնաս չէ, բայց վնասն այն է, երբ մտածում են՝ շահույթս որն է», — ասում է Տեր-Արմաշ քահանան։
Նա հավելում է, որ ընտանիքի մոդելն այսօրվա հենց հիմքը սխալ է կառուցված։ Հաշվարկ է ամուսնանում են չի արդարացնում վերջ բաժանվում են։
«Ամեն ինչ խնամք է ուզում՝ ընտանիքը, ընկերությունը, աշխատանքը։ Եթե խնամք չտանես կլինի բաժանումները։ Պետք է խոսեն իրար հետ։ Իմանան միմյանց կարիքները, նա ուշադրություն է ուզում, նա էլ է ուշադրություն ուզում։ Ուշադրությունը փոխադարձ պիտի տրվի»։
Վերջում Տեր- Արմաշը հիշեցնում է քրիստոնեական ամուսնության պատվիրանները․
«Կինը պետք է հնազանդվի ամուսնուն։ Տղամարդը՝ սիրի իր կնոջը իր անձի պես և երկուսը մեկ մարմին են։ Կնոջն ասում է` խոնհար եղիր, բայց տղամարդուն էլ ասում է` նրան սիրիր քո անձի պես, նրան մի ստորացրու։ Դու քեզ չես կարող ստորացնել, եթե ստորացնում ես, ուրեմն Աստծո պատվիրաններից հեռու ես։ Հավատք ունեմ ասելը քիչ է, պետք է ապրել դրանով։ Մարդուն պետք է քաջություն որոշում կայացնելու և պատասխանատվություն իր որոշման համար»։
Շատ երկրներում ուշ ամուսնանալը և ծնելիության ցածր ցուցանիշը մեծ մտահոգություն են հարուցում, որոշ երկրներում դրանից խուսափելու համար սահմանվում են հարկեր եւ պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում բազմազավակ ընտանիքներին, այնուամենայնիվ, այս միջոցները հոգեւորականների խոսքով, խնդրի լուծում չէ, ընտանիքի վերաիմաստավորման գործում մեծ դեր կարող է ունենալ եկեղեցին, քանի որ այսօր մարդը հոգևոր վնասվածքներ ունի։
«Մարդը այսօր հուսահատ է ապագայի նկատմամբ. շատերը չեն տարբերում սիրահարվածությունը և իրական սերը: Իսկ քրիստոնեական իմաստով սերը նշանակում է զոհաբերական սեր՝ այն սերը, որը տեսանք Հիսուսի միջոցով: Քրիստոնեական երեք հիմնական առաքելություններն են` սեր, հույս և հավատ, եւ այսօր մարդը երեքի մեջ էլ խնդիր ունի։ Շատ երեխաներ չեն ունենում, մտածելով, որ դա ավելորդ բեռ է: Սակայն երեխան խնդրով չի ծնվում, որ ծնողը չկարողանա լուծի, այլ ծնվում է Աստծո օրհնությամբ, և հենց իր միջոցով է ընտանիքի խնդիրները լուծվում»:
Նյութում ներկայացված դիտարկումները հիմնված են բացառապես քրիստոնեական դավանության վրա. դրանք չեն պարունակում որևէ անձնային գնահատական կամ վիրավորանք։



