նորություններ 24 Նոյեմբերի, 2025 • Փակվող ԶԼՄ-ներ, հասարակական կարծիք, ի՞նչ են մտածում Ախալքալաքում

Վրաստանում հասարակական կազմակերպություններն և ԶԼՄ-ները, այդ թվում Ախալքալաքում գործնեություն ծավալողները «հաղթահարում են» լինել, չլինելու հարցը։ Մասնավորապես Սամցխե-Ջավախքում թվով երկու լրատվամիջոց արդեն իսկ փակվել են։ Jnews-ը զրուցել է ախալքալաքցիների հետ, պարզելու լրատվամիջոցների դերն ու դրանց նկատմամբ հասարակության վստահության հարցը։

Որքանո՞վ է «չորրորդ իշխանությունը» նկատելի Ախալքալաքում։ Արդյո՞ք լրագրողները կարող են ազատորեն բարձրաձայնել  ու խոսել այն խնդիրների մասին, որոնք հասարակական նշանակության են, ի՞նչ վերաբերմունք ունի հասարակությունը կոնկրետ տեղական լրատվամիջոցների նկատմամբ։ Jnews-ի լրագրողի այս և այլ հարցերին  պատասախանել են երիտասարդները։

«Եթե համեմատենք լրատվամիջոցների դրական և բացասական կողմերը, ապա դրականները, անշուշտ, ավելի շատ են։ Ժողովրդավարական երկրներում, որտեղ մեդիան ազատ է, մարդիկ ավելի տեղեկացված են և զգոն։ Բացի այդ, մարդիկ ավելի զգուշ են ապրում, քանի որ լրատվամիջոցի առկայության դեպքում հանցագործությունների բացահայտման հավանականությունը բարձր է», — ասում է 28-ամյա Ախալքալաքի բնակիչ Սարգիս Շահինյանը, ով օրը սկսում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական նորություններ կարդալով։

Ապա հավելում է՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հենց լրագրողներն են ներկայացնում հասարակությանը՝ ապահովելով տեղեկատվության թափանցիկ հոսքը։ Իհարկե, խոսքս վերաբերում է ժողովրդավարական երկրներին, ոչ թե բռնատիրականներին։

Սարգիսը կարևորում է տեղական լրատվամիջոցների առկայությունը և խրախուսում այն մարդկանց, ովքեր բացասական մոտեցում ունեն, որպեսզի վերանայեն իրենց տեսակետը։

«Մեր հասարակությունում նկատել եմ, որ մարդիկ երբեմն խուսափում են լրագրողներից՝ վախենալով, որ իրենց խոսքերը կարող են հրապարակվել։ Բայց ես դա այլ կերպ եմ ընկալում․ լրագրողի հետ շփվելը առավելություն է, քանի որ կարող եմ բարձրաձայնել ինձ մտահոգող հարցերը, որոնք այդպես կարող են հասնել պատասխանատու մարմիններին»։

Երիտասարդները կարևորում են լրատվամիջոցների դերը հասարակությունում, հատկապես խնդիրների լուծման տեսանկյունից։

«Լրատվությունը մեր օրերում կարող է լուծել ավելի լուրջ հարցեր, քան մենք սովոր ենք կարծել։ Տեղական լրատվամիջոցները հաճախ ավելի արդյունավետ են համայնքների և գյուղերի խնդիրները բարձրաձայնելու գործում, քան հենց գյուղի բնակիչները կամ ղեկավարները։ Սա գալիս է նրանից, որ գյուղացիները միմյանց հետ զրուցելիս երբեմն վեճի են բռնվում, ինչի հետևանքով խնդիրը մնում է անլուծելի և անուշադրության մատնված երկու կողմերի կողմից էլ։ Բացի այդ, կան հարցեր, որոնց լուծման անհրաժեշտությամբ հետաքրքրված են միջազգային կազմակերպությունները։ Եթե նման խնդիրները լուսաբանվեն լրատվամիջոցների կողմից, միջազգային կառույցներն էլ կարող են ձեռնարկել համապատասխան քայլեր դրանց լուծման ուղղությամբ։ Հաճախ նաև ՏԻՄ մարմինները չունեն բավարար ֆինանսական միջոցներ կամ որակավորված մասնագետներ՝ խնդիրը կարգավորելու համար, և լրատվության ուշադրությունը կարող է օգնել այդ բացը լրացնել», — ասաց մեկ այլ երիտասարդ Գրիգոր Համազարյանը։

Վստահության հարցում բոլորը միաբերան կողմ են՝ անկախ լրատվամիջոցների գոյությանը, որ նրանք չունենան սեփական շահեր և ծառայեն միայն մարդկանց ու երկրի շահերին:

«Ով ֆինանսավորում է լրատվամիջոցին, նա էլ, բնականաբար, որոշ չափով թելադրում է դրա բովանդակությունը։ Այդ իսկ պատճառով լրատվամիջոցը պետք է կախում չունենա ոչ մեկից և աջակցություն ստանա միայն ժողովրդի կողմից, քանի որ հենց ժողովրդի համար է իր գործունեությունը իրականացնում։ Օրինակ՝ Վիքիպեդիան յուրաքանչյուր հինգ տարին մեկ դրամահավաք է կազմակերպում և հավաքում միլիոնավոր դոլարներ՝ անկախ մնալով արտաքին ազդեցություններից ու ծառայելով միայն հանրային շահին», — ասում է Սարգիս Շահինյանը:

Սակայն, ֆինանսական խնդիրների առկայությունն անկախ լրատվամիջոցների հիմնական խնդիրն է: Դրանց լուծումներից մեկը կարող է լինել գովազդը, սակայն դրա չարաշահումը երբեմն կարող է առաջացնել ժողովրդի մեջ անվստահություն:

«Մարքեթինգի ներգրավումն ամեն ինչում միշտ ցանկալի չէ: Լրատվամիջոցները չպետք է դառնան դրա գերին: Նրանք պետք է զբաղվեն իրենց հիմնական առաքելությամբ՝ տրամադրելով ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն: Յուրաքանչյուր երկրում կարող են լինել լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորվում են բիզնեսի կամ քաղաքական կուսակցությունների կողմից՝ իրենց շահերը առաջ տանելու նպատակով»,- նշում է նա:

Երիտասարդների խոսքերից կարելի է ենթադրել, որ նրանք տեղական լրատվամիջոցների նկատմամբ ունեն և՛ վստահություն, և՛ սպասելիքներ՝ հավատալով, որ բարձրացված ցանկացած խնդիր կարող է ստանալ համապատասխան լուծում։ Այնուամենայնիվ, նրանք հաճախ խուսափում են իրենց անունը հրապարակելուց։

Արուսյակ Մկրտչյանը նշում է՝ Լրագրությունը հզոր գործիք է․ ճիշտ օգտագործման դեպքում այն օգնում է մարդկանց, իսկ սխալ կիրառման դեպքում՝ վնասում թե՛ նրանց, թե՛ մյուսներին։

«Իմ կարծիքով՝ լրագրությունը խնդիր չի ստեղծում, այլ բացահայտում է դրանք։ Բայց դա միայն այն դեպքում, երբ այն պրոֆեսիոնալ և պատասխանատու է։ Հակառակ դեպքում՝ վնասը միայն ավելանում է։ Մարդիկ հրաժարվում են անունը հրապարակել, քանի որ վախենում են՝ իրենց կարծիքը կարող է հանգեցնել հետապնդման, քննադատության կամ այլ խնդիրների։ Բացի այդ, որոշները լրագրողների նկատմամբ լիովին վստահ չեն՝ կարծելով, թե իրենց խոսքը կարող է ներկայացվել փոփոխված ձևով։ Հաճախ կարելի է լսել նաև կարծիքներ, թե լրագրողները չափազանցնում են, խառնվում մարդկանց անձնական կյանքին կամ աշխատում իշխանության շահերից ելնելով»։

Այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերը արագ զարգացան, զարգացած երկրներում զուգահեռ իրականացվեցին տեղեկատվական արշավներ՝ մարդկանց պաշտպանելու համար ապատեղեկատվությունից: ԵՄ երկրների շատ դպրոցներում մեդիագրագիտություն է դասավանդվում, քանի որ ապատեղեկատվությունից պաշտպանվելը դարձել է անհրաժեշտ հմտություն:

Ախալքալաքում երիտասարդները, ի տարբերություն մեծահասակների, ավելի տեղեկացված են մեդիագրագիտության մասին և հաճախ մասնակցում են հատուկ տեղեկատվական հանդիպումների:

Սարգիսի կարծիքով, կան ընթերցողներ, ովքեր համացանցից կարդացած ցանկացած նյութ ընդունում են որպես ճշմարտություն: Առավել վտանգավոր է այս դեպքում «դեղին մամուլը», որը հատկապես տարածված է համացանցում: Եթե ընթերցողը չունի քննադատական մտածողություն, նա հեշտությամբ կարող է ընկնել մանիպուլյացիայի թակարդը:

«Լավ լրագրողը պետք է այնպես աշխատի, որ ընթերցողը ինքնուրույն ձևավորի իր կարծիքը: Եթե լրագրողը արտահայտում է անձնական տեսակետ, պարտադիր է նշել, որ դա անձնական կարծիք է, և ընթերցողը կարող է համաձայն լինել, կամ չհամաձայնել: Լրատվամիջոցների գործառույթներից է հասարակության մեջ կարծիք ձևավորելը, ուստի մեդիագրագիտությունը շատ կարևոր է՝ պաշտպանվելու նման աղբյուրների ազդեցությունից», — ասում է նա:

Երիտասարդները, որոնց հետ խոսել ենք համեմատաբար ավելի քիչ են հետևում տեղական լրատվամիջոցներին։ Դա ավելի շատ կապում են բացասական նորությունների կամ խնդիրների առկայության հետ, որն այդքան էլ հաճելի չէ կարդալը։

Անկախ հանգամանքներից Ախալքալաքի բնակչությունը կարևորում է տեղական լրատվամիջոցի առկայությունը և նրա կատարած աշխատանքները։

Եթե լրատվամիջոցների աշխատանքը դադարեցվի, մարդիկ գուցե մի պահ ավելի հանգիստ ապրեն՝ չծանրաբեռնվելով աշխարհի անցուդարձով։ Սակայն դա նաև կնշանակի, որ հասարակությունը կհավատա ամեն մի տարածվող խոսակցության, քանի որ չի լինի վստահելի աղբյուր, որը կարող է ստուգել տեղեկության ճշգրտությունը։ 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝